The Game-ի, Cardi B-ի, Քլոե Քարդաշյանի և Դավայի հրապարակումները՝ ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի

Համաշխարհային ճանաչում ունեցող հայտնի դեմքերը շարունակում են անդրադառնալ Արցախում Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողություններին:

Ամերիկացի հայտնի ռեփեր The Game-ը նույնպես իր զորակցությունն է հայտնել Հայաստանին:

«Ուզում եմ, որ բոլորդ իմանաք՝ այս հոլովակը նկարահանում եմ ի համերաշխություն հայ եղբայրների և քույրերի, բոլոր նրանց, ովքեր առաջնագծում պայքարում են ընդդեմ ահաբեկիչների: Մենք պետք է դադարեցնենք պատերազմը Հայաստանում: Պարզապես անհեթեթություն է այն, որ մարդիկ սպանում են մարդկանց, և ես միանշանակ կանգնում եմ ամբողջ հայ համայնքի, հայ ազգի կողքին: Կիսվեք այս հոլովակով, հնչեցրեք ձեր ձայնը, եկեք աշխատենք միասին՝ վերջ դնելու համաշխարհային ահաբեկչությանը: Սա սարսափելի է»,- տեսանյութում ասում է ռեփերը: Այն այլևս հասանելի չէ ռեփերի էջում, բայց տարածվում է համացանցում:

Հիշեցնենք, որ նա բազմիցս ցույց է տվել իր համակրանքը հայերի հանդեպ: Ժամանակին The Game-ն իր էջում լուսանկար էր հրապարակել հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին, որի վրա գրված էր. «Մեր վերքերը դեռ բաց են: Այս շապիկը հագել եմ բոլոր հայերի հիշատակին»:

Ամերիկացի հիփ հոփ երգչուհի Cardi B–ն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում տեղադրել է Հայաստան համահայկական հիմնադրամի կոչը`աջակցություն ցուցաբերել Հայաստանին: Լուսանկարում գրված է դրամահավաքի օրն ու ժամը, ինչպես նաև, որ Հայաստանն ու Արցախը ուժեղ են: Հիշեցնենք, որ Cardi B–ն ունի 76 մլն հետևորդ:

Ամերիկահայ հեռուսաաստղ Քլոե Քարդաշյանը նույնպես շարունակում է Հայաստանի մասին հրապարակումներ անել: Նրա սթորի բաժինը, գրեթե ամբողջությամբ, լցված է Հայաստանի ու Արցախի մասին նյութերով: Լուսանկարներից մեկում ասվում է Հայաստանի և Ադրբեջանի տարբերությունների մասին. «Հայաստանը հրավիրում է միջազգային լրագրողներին, որպեսզի ազատ ու առանց ճնշումների լուսաբանեն կատարվող դեպքերը: Ադրբեջանում արգելված է արտասահմանյան լրագրողների մուտքը և ռազմաճակատի լուսաբանումը»:

Մյուս լուսանկարներում Քլոեն կոչ է անում աղոթել Հայաստանի համար և օգնել` սոցցանցերի էջերում տեղադրելով Արցախում տեղի ունեցող դեպքերի մասին ճիշտ տեղեկություններ: Ապա Քլոեն լուսանկար է տեղադրել, որտեղ գրված է նաև Հայաստանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին:

Հայաստանում և Արցախում տեղի ունեցող դեպքերի մասին Ինստագրամի իր էջի սթորի բաժնում գրել է նաև հայազգի հիփ հոփ երգիչ Դավիթ Մանուկյանը, ով համաշխարհային ճանաչում չունի, բայց Ռուսաստանում հայտնի է Dava բեմական անվամբ:

«Ցավալի է տեսնել Հայաստանում տեղի ունեցող դեպքերը: Զոհվում են անմեղ մարդիկ: 3 մլն հայերն այս պահին մարտնչում են 10 մլն ադրբեջանցիների և 80 մլն թուրքերի և սիրիացի վարձկանների դեմ: Տղերք, դուխով: Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանն այս պարագայում պաշտպանվում է: Մի կարդացեք սխալ տեղեկությունները, որոնք ուզում են ձեզ պարտադրել»,-գրել է նա: