Գարիկ Մարտիրոսյանը ջնջել է Ալիևի հանցագործ ռեժիմի դեմ արված գրառումը և նոր գրառում արել

Ռուսաստանաբնակ հումորիստ, շոումեն Գարիկ Մարտիրոսյանը վերջին օրերին հաճախ էր գրառումներ կատարում Հայաստանի և Արցախի մասին: Նա իր գրառումներում մասնավորապես շեշտում էր, որ հայերի դեմ Ադրբեջանի սկսած պատերազմը Թուրքիայի լիակատար աջակցությամբ է: Երեկ Գարիկը ևս մեկ գրառում էր արել, որը ժամեր անց հեռացրել է իր էջից: Գարիկի նախորդ գրառումները ևս չկան իր էջում։ Սովորաբար նման իրավիճակային գրառումները որոշ ժամանակ անց թաքցվում են կամ հեռացվում (երբեմն բողոքների հիման վրա կարող են փակվել), սակայն Գարիկը շատ արագ է հեռացրել դրանք, իսկ վերջինը` ժամեր անց փոխարինել է նորով։

Նա նախորդի փոխարեն նոր գրառում է արել, որում ասվում է. «Ոչ պատերազմին, մենք խաղաղության կողմնակից ենք»:

Սթորի բաժնում էլ Գարիկը գրել է. «Խաղաղ բանակցությունները բոլորի համար միակ լուծումն են: Դադարեցրեք պատերազմը: Մենք խաղաղության կողմնակից ենք»:

Երեկվա գրառման մեջ Գարիկը գրել էր. «Ուշադրություն: Դիմում եմ այն մարդկանց, ովքեր անտարբեր չեն հայերի և աշխարհի ճակատագրի նկատմամբ: Ադրբեջանը շարունակում է սպանել հայերին: Այս րոպեներին պատերազմ է ընթանում: Կանգ առեք: «Հողերի վերադարձ» կարգախոսով Ալիևի հանցագործ ռեժիմը ստիպում է մեր ազգին կենաց մահու կռիվ տալ: Հայերի դեմ են կռվում Ադրբեջանի ղեկավարության կողմից վարձված ահաբեկիչներ և մարդասպաններ (սա արդեն պաշտոնապես ապացուցված է): Մենք խաղաղության կողմնակից ենք, բայց հայերը պաշտպանել են և շարունակելու են պաշտպանել իրենց կյանքն ու տունը մինչև վերջ: Սա երկու երկրկների միջև կոնֆլիկտ չէ, սա ամոթալի և մահացու ագրեսիա է խաղաղ բնակչության նկատմամբ, սա աղետ է բոլորի համար: Կանգնեցրեք ագրեսիան, կանգնեցրեք պատերազմը, լռել չի կարելի»:

Ռուսաստաբնակ հումորիստ Միշա Գալուստյանը ևս իր էջում տեղադրել է Գարիկի տեղադրած նոր գրառումը, գրեթե, նույնությամբ, բայց իր էջից չի հեռացրել իր կատարած նախորդ գրառումը, որում մեղադրում էր Թուրքիային` պատերազմին աջակցելու համար: Նա մասնավորապես գրել է. «Մենք խաղաղության կողմնակից ենք: Ոչ պատերազմին»։