Մայքլ Կոստելլոն եռագույնով դիմակների վաճառքի հասույթը կփոխանցի Համահայկական հիմնադրամին

Ամերիկացի դիզայներ և հեռուստաաստղ Մայքլ Կոստելլոն Ինստագրամի իր էջում ևս մեկ գրառում է արել Հայաստանի մասին` հետևորդներին հայտնելով, որ արդեն վաճառքում են Հայաստանի եռագույնով իր նոր դիմակները, որոնց վաճառքից ստացված հասույթը կփոխանցվի Համահայկական հիմնադրամին:

«Սիրելի ընկերներ, ես խորապես հուզված եմ իմ նախորդ գրառման արձագանքներից, որտեղ ես հասարակությանը կոչ էի անում աղոթել Հայաստանի համար: Ես գիտեմ, որ ձեզնից ոմանք սիրում են բանավիճել որպես պատմաբաններ, բայց փաստ է, որ շատ հայեր հարձակումների են ենթարկվում և նրանց աջակցություն է անհրաժեշտ: Ես հայ չեմ, բայց ունեմ ազգությամբ հայ շատ մտերիմ ընկերներ,  աշխատակիցներ և հաճախորդներ և ուզում եմ օգնել նրանց ինչով կարող եմ: Վերջին օրերին նրանք բողոքի ցույցեր են անում ամբողջ Լոս Անջելոսում, և ես ուզում եմ, որ նրանք անվտանգ լինեն: Այս «Խաղաղություն Հայաստանի համար» դիմակներն իմ հավատարիմ աշխատակիցների` հայ կանանց կողմից են կարված, ովքեր ինձ հետ են շուրջ 10 տարի: Մենք որոշել ենք հաջորդ 7 օրվա ընթացքում դիմակների վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցել Համահայկական հիմնադրամին: Եթե Ձեզ հարմար չէ գնել, սարսափելի ոչինչ չկա, կարող եք գումարը միանգամից Համահայկական հիմնադրամի հաշվեհամարին փոխանցել»,-գրել է նա:

Հիշենցնեք, որ դիզայները նախօրեին ևս մեկ գրառում էր արել, որում նշել էր, որ Հայաստանն ու Արցախը հարձակումների են ենթարկվում և ընդգծել ձաստը, որ հայտնի լրատվամիջոցներում հարցը խորքային չի լուսաբանվում:

Հավելենք, որ Մայքլն ունի 1,3 մլն հետևորդ, որոնց դեռ նախորդ գրառման մեջ խորհուրդ էր տվել չհետևել իրեն, եթե իր գրառումները նրանց դուր չեն գալիս: