«Ե՞րբ պետք է աշխարհն արթնանա և կանգնի մեր կողքին». ամերիկահայ դիմահարդար Լիլիթ Քարադանյանը 100 հազար դոլար է նվիրաբերել համահայկական հիմնադրամին

Ամերիկահայ դիմահարդար, ձեռնարկատեր Լիլիթ Քարադանյանն Ինստագրամի իր էջում պարբերաբար հրապարակումներ է անում` սատարելով Հայաստանին և Արցախին: Նախ` Լիլիթն իր 1 մլն հետևորդներին խնդրել է աջակցել Հայաստանին, որպեսզի չկրկնվի 1915 թվականը, երբ 1,5 մլն հայերի սպանեցին միայն այն բանի համար, որ նրանք հայ էին և քրիստոնյա:

Լիլիթը հայտնել է, որ միանում է աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և իր կոսմետիկ միջոցների ընկերության, իր հետևորդների կողմից 100 հազար դոլար է նվիրաբերում «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Ուրախ եմ, որ այս ծանր ժամանակաշրջանում մենք միավորվեցինք կյանքեր փրկելու համար»,-գրել է նա:
Լիլիթը տեղադրել է նաև իր երեխաների լուսանկարը Հայաստանի դրոշով և գրել. «Հայաստանի սերմերը: 1915 թվականից հետո մենք պայքարում ենք մեր գոյությունը պահպանելու համար: Մենք և մեր երեխաները երբեք կանգ չենք առնի: Բայց որքա՞ն հարձակումներ դեռ պետք է հանդուրժի իմ երկիրը, ե՞րբ պետք է աշխարհն արթնանա և կանգնի մեր կողքին: Խնդրում եմ, կանգնեք մեր կողքին Արցախի անկախությունը ճանաչելու հարցում»:

Սթորի բաժնում Լիլիթը նաև ասել է, որ «Լռությունը ցեղասպանություն է» «Հաղթելու ենք» գրություններով շապիկների ամբողջ հասույթը նվիրաբերվելու է համահայկական հիմնադրամին: