«Երբ ներդաշնակ ես ինքդ քեզ հետ ու ինքնաբավ, երբ չես բարդացնում քեզ հետ կատարվող ամեն մի չնչին բանը և ժպտում ես կյանքին, այդժամ կյանքն էլ հաստատ քեզ է ժպտում». այս կարծիքի կրողն է դիմահարդար, միշտ խնամված ու կանացի Մերի Մարտիրոսյանը: ShowBiz.am-ը Մերիի հետ հետաքրքիր ու օգտակար զրույց է ունեցել, որը հաստատ կհետաքրքրի յուրաքանչյուր կնոջ:
Մերին, լինելով 2 երեխաների մայր, վստահ է, որ մայրությունն ու խնամված ու հմայիչ կին լինելու համատեղելիությունը մեր օրերում շատ հեշտ է. պարզապես մի քիչ ժամանակ տրամադրել է պետք այդ ամենի համար. «Քանի որ իմ երեխաները աղջիկներ են, ես, բնականաբար, նրանց համար նաև օրինակ եմ ծառայում: Աղջիկներս միշտ իրենց մորը պետք է տեսնեն խնամված և երջանիկ. դա է իմ գաղտնիքը»:
Նա նաև վստահ է, որ այսօր մեր օրերում աղջիկների համար բավականին հեշտ է լինել նորաձև, քանզի մեր օրերում շատ են մատչելի խանութ-սրահները, որտեղ կան բավականին գեղեցիկ տեսականի, ոճաբաններ, և յուրաքանչյուր աղջիկ էլ, եթե ուզի, կարող է իրեն հետևել և լինել շատ ոճային:
Լինելով մասնագետ, դիմահարդար և շատ լավ հասկանալով մաշկի խնամքից՝ Մերին հետևյալ խորհուրդներն է տալիս բոլոր կանանց ու աղջիկներին՝ կապված մաշկի ճիշտ ու գրագետ խնամքի հետ. «Մաշկը պետք է խնամել ամեն օր: Շոգ եղանակներին անպայման պետք է օգտագործել խոնավեցնող և արևապաշտպան քսուկներ, որպեսզի մաշկը լինի առողջ ու չվնասվի»,-ասում է նա և նշում, որ պետք է հնարավորինս խուսափել արևից, որովհետև արևի ճառագայթները վնաս են մաշկի համար. դրանից խուսափելը կօգնի զերծ մնալ շատ մաշկային հիվանդություններից»:
Դիմահարդարի համար կնոջ գեղեցկության գրավականը չի սահմանափակվում միայն արտաքին գեղեցկությամբ: Կինը պետք է ունենա հետաքրքիր ներաշխարհ, լինի բարի և համեստ. դրանք շատ կարևոր, գնահատելի գծեր են նրա համար, իսկ հարցին՝ արդյո՞ք համարում է իրեն համակրելի, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ յուրաքանչյուր բան է բնությունից տրված մեզ ՝ թե՛ գեղեցկությունը, թե՛ սեքսուալությունը, թե՛ գրավչությունը. մենք պարզապես դրանք ավելի ենք կատարելագործում, օգտվում բնության տվածից կամ հակառակը՝ այն կորցնում: Իսկ ես ինձ, այո՛, համարում եմ համակրելի և գրավիչ կին»:
Խոսելով սիրո և դրա դրսևորումների մասին՝ Մերին նշեց, որ այդ զգացմունքի մասին կարելի է զրուցել շատ երկար և անվերջ, սակայն իր համար սիրո մեջ ամենակարևորը անկեղծությունն է: «Տղամարդու մեջ ինձ անմիջապես կարող է հիասթափեցնել կեղծավորությունն ու սուտը. ինձ թվում է, որ դրանք ամենակործանարար ուժերն են այս երկրագնդի վրա: Իսկ առաջնայինը տղամարդու մեջ գնահատում եմ տղամարդկությունը և խոսքի ուժը: Ինձ համար տղամարդու խոսքը նրա կատարած գործն է: Եթե կա խոսք, սակայն չկա գործ, դա դատարկ ու փուչ բան է ինձ համար»:
Անկեղծ զրույցի ժամանակ անդրադարձանք նաև կյանքի այն փուլին, երբ նա իրեն ինչ-որ պահ զգացել է միայնակ, սակայն հպարտորեն հաղթահարել տխուր փուլն ու առաջ անցել. «Ինչպես բոլոր մարդիկ իրենց կյանքում, ես նույնպես, իհարկե, ունեցել եմ կոտրված պահեր, տխուր հոգեվիճակ, միայնակ լինելու զգացողություն: Բայց հավատացեք, երբ դու կայացած ես, երբ ներդաշնակ ես ինքդ քեզ հետ, ավելի հեշտ ես դուրս գալիս այդ վիճակից: Փառք Աստծո, ես ունեմ լավ ընտանիք, լավ ծնողներ, 2 դուստր, որոնք երբեք ինձ մենակ չեն թողել: Իսկ իրականում ամեն բան մենք ենք շատ բարդացնում: Եթե շատ դեպքերում հումորով վերաբերվենք կատարվածին, հավատացե՛ք հեշտ էլ դուրս կգանք իրավիճակներից: Պետք է միշտ լինել հումորով, շատ երջանիկ ինքներս մեզ հետ և վերջապես ժպտալ կյանքին, որ նա էլ մեզ ժպտա»:
Հեղինակ՝ Կիմա Միրզոյան