Երանուհի Մելիքյանը հաղթել է «Միսս Երկիր» գեղեցկության մրցույթի «Ազգային տարազ» փուլում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է «Տերյան» մշակութային կենտրոնը։
Սեպտեմբերի 21-ից նոյեմբերի 29-ը Ֆիլիպիններում մեկնարկած ամենամյա գեղեցկության միջազգային մրցույթը կորոնավիրուսի համավարակի պատճառով անցկացվել է առցանց ռեժիմով։ «Միսս Երկիր» գեղեցկության մրցույթն անցկացվում է ՄԱԿ-ի հովանու ներքո, ունի էկոլոգիական ուղղվածություն։
Հայաստանի ներկայացուցիչը հաղթել է «Ազգային տարազ» փուլում։ Երանուհին իր խոսքում նշել է, որ Արցախի տարազն արտահայտում է իր երկրի ցավը եւ միաժամանակ՝ հպարտությունը։ Մրցույթի կազմակերպիչները նույնիսկ մեկնաբանել են, որ Հայաստանի ներկայացուցչի տարազը համահունչ է նրա կերպարին եւ կարծես ներկայացնում է իր ազգի սրտի տրոփյունը։ Ազգային տարազը տրամադրել է «Տերյան» մշակութային կենտրոնը։
Նրա խոսքով՝ մրցույթին մասնակցում էին շուրջ 89 երկրի ներկայացուցիչներ։ «Ազգային տարազ» փուլում ընդամենը 12 երկիր է մեդալ նվաճել, այդ թվում՝ Հայաստանը։ Երանուհին հավելել է, որ տեսաուղերձների ժամանակ ներկայացրել է երկրում տիրող պատերազմական իրավիճակը, իսկ գլխավերեւում ծածանվել են Հայաստանի եւ Արցախի դրոշները։