«Դավաճանի պիտակը հերոսի վրա զոռով-շառով կախողն ուշ, թե շուտ սեփական ճակատին է դաջում այն». Ավետ Բարսեղյան

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգահան Ավետ Բարսեղյանն Ինստագրամի իր էջում հրապարակում է արել՝ անդրադառնալով Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակին:

«Ամեն դատարկ դագաղ՝ հասցեագրված ողջ մարդուն, ուշ թե շուտ տեր է գտնում: Ցավոք, քաջ զինվորը պառկեց դրա մեջ, իսկ հիմա հարց տվեք ձեզ՝ ո՞վ սպանեց:

Ամեն չար անեծք՝ հասցեագրված անգամ ամենաանընդունելի անձին, ուշ, թե շուտ վերադառնում է անիծողին: Մի հարց էլ տվեք՝ ո՞վ անիծեց:

Ամեն սուտ մեղադրանք դառնում է իրական դատավճիռ այն հորինողի համար: Եվս մի հարց՝ ո՞վ դատեց:

Դավաճանի պիտակը հերոսի վրա զոռով-շառով կախողն ուշ, թե շուտ սեփական ճակատին է դաջում այն: Հարց՝ ո՞վ պիտակավորեց:

Բոլոր այս հարցերի պատասխանը մեկն է` մենք՝ ես, դու, նա, մենք՝ հայը:

Դժբախտաբար հաջողվեց անել քայլ, մերժել անձեր քաղաքականության մեջ…

Բայց հետո արժե՞ր հաջորդիվ «հպարտ» քայլերով Աստծուն մերժել, եկեղեցին, ընտանիքը, հային մերժել պատմության մեջ, ու, վերջապես, կյանք, հող ու հայրենիք մերժել:

Հարց տանք մեզ՝ ո՞վ է մեղավոր:

Ու վերջապես անենք միակ ճիշտ քայլն ու ասենք՝ մենք»,- գրել է նա:

Գրառման մեկնաբանություն դաշտում հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրել է. «Վա՛խ, Ավետ ջան, հազար վայ մեզ: Էս լույս երեխեքին վերադարձ չկա: Հերոսները գնացին, հայրենիքն ավերակվեց, մենք մահացանք»: