2021-ի հիմնական թրենդները՝ Մարիան Զալցմանից

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերության հաղորդակցության գծով փոխնախագահը՝ Մարիան Զալցմանը, ճանաչված է որպես հանրային կապերի ոլորտի ամենանշանավոր ներկայացուցիչներից եւ աշխարհի առաջատար 5 թրենդսեթթերներից մեկը։ Վերջին տարիներին Զալցմանը հիշատակվել է PRWeek ամսագրի հեղինակած «Ազդեցության համաշխարհային  գրքում»՝ որպես  հանրային կապերի ոլորտի առաջատար կին ու փիար հայտնություն։ Bravo.am-ի փոծանցմամբ՝ Մարիանը հանրության ուշադրությանն է ներկայացրել 2021 թվականի հիմնական 11 թրենդներն ու կանխատեսումները։

Անշուշտ, նյութն օգտակար կլինի գործարար հանրության համար 2021 թվականի ռազմավարությունը մշակելու ու ժամանակի հետ համընթաց շարժվելու տեսանկյունից։ Իհարկե, միտումները համամասնորեն չեն բաշխվում․ որոշ երկրներում դրանք ավելի հստակ կարտահայտվեն, քան մյուսներում, ու բնակչության որոշ հատվածների վրա ավելի խորը կանդրադառնան։ Այնուամենայնիվ, այս կանխատեսումները կօգնեն ավելի լավ պատկերացում կազմել հետհամաճարակային «նոր նորմալի» մասին։

1. ZOOM IN – ZOOM OUT հայացք կյանքին

Չնայած համաշխարհային տնտեսության ու առողջապահության վրա կորոնավիրուսի թողած բացասական հետեւանքներին, չի կարելի անուշադրության մատնել համավարակի հսկայական ազդեցությունը կյանքի վերափոխման ու ձգտումների վերանայման վրա։ Պանդեմիան ամբողջ աշխարհի բնակչությանը ժամանակ տվեց մտորելու՝ ինչպես ենք ապրել մինչ այժմ, եւ արդյո՞ք արժեր ապրել հենց այդպես։ 2021-ին մենք ավելի մոտիկից ենք նայելու (ZOOM IN) մեր անձնական ու մասնագիտական կյանքին՝ ուշադրություն դարձնելով մեզ համար կարեւորին ու  վերացնելով խնդիրները։ Մեծ ուշադրության կարժանանան նաեւ մեր վերափոխված բնակավայրերը, որոնք այժմ ծառայում են որպես գրասենյակ, դպրոց, ֆիթնես կենտրոն, զվարճավայր եւ այլն։

Միեւնույն ժամանակ, մենք հեռահար հայացք ենք գցելու (ZOOM OUT) մեր շուրջը, որպեսզի ավելի լիարժեք դիտարկենք շրջապատող աշխարհն ու մեր դերն ու ազդեցությունը դրան։

2. Ժամանակի ու տարածության վերաիմաստավորում

Ինքնամեկուսացման ու տնտեսական լոքդաունի պայմաններում, երբ թվում էր, որ օրը պարզապես չի անցնում, մենք կորցրինք ժամանակի զգացողությունը։ Էական չէր՝ շաբաթվա որ օրն է, որ ժամը։ Այս փորձառնությունը՝ հեռահար աշխատանքի  ենթատեքստում, թույլ տվեց մարդկանց ու ընկերություններին վերանայել ժամանակի ու տարածության նկատմամբ ավանդական մոտեցումները։ Գուցե ժամանա՞կն է արժանի հանգստի ուղարկել 9-ից 6-ը աշխատելու փորձն ու մտածել դրա փոխարեն աշխատանքային 24/7 շաբաթվա մասին, որի ընթացքում աշխատակիցն ինքն է կազմում իր անհատական օրակարգը՝ հագեցած աշխատանքով, շփումներով, առօրյա հոգսերով ու հանգստով այն ժամերին, որոնք հարմար եմ հենց իրեն։  Այլ տարբերակ է քառօրյա աշխատանքային շաբաթը, որի շրջանակներում մենք ավելի քիչ, բայց ավելի խելացի ենք աշխատում՝ բարձրացնելով մեր արտադրողականությունը։

Մյուս կողմից, ավելի ու ավելի շատ ընկերություններ անցնում են մասնակի կամ ամբողջական հեռահար աշխատանքի։ Basecamp-ի նման ընկերություններն արդեն չունեն ֆիզիկական գրասենյակներ։ «Հեռահարը՝ առաջնահերթություն» սկզբունքով աշխատող Fujitsu, Shopify եւ Otis ընկերությունները դեռեւս պահում են գրասենյակները, բայց աշխատանքային գործընթացները ձեւավորում են հեռահար աշխատանքի շուրջ։ Վերջապես, Facebook, Microsoft եւ Siemens, համատեղում են գրասենյակային ու հեռահար աշխատանքը։ Կարելի է անգամ հետեւել սրընթաց աճող այս միտումին LifeShack.io-ի կողմից մշակված յուրահատուկ այս քարտեզի միջոցով։

3. Վերադարձ «ՄԵՆՔ»-ին

Սելֆիների, անհատական բրենդինգի, մեդիա պղպջակների ու անհատական փլեյլիստների դարաշրջանում, COVID-19 տեւական ժամանակում առաջին անգամ շատերիս մեջ արթնացրեց համայնքային պատկանելիության տենչը։ Ամիսների ընթացքում ֆիզիկական շփման կտրուկ կրճատմանը համընթաց, մենք ավելի սուր ենք զգում մարդկային հպման բացակայությունն ու ամբողջ հոգով ձգտում կյանքը մյուսների հետ կիսելու կարիք՝ առցանց բլբլոցից մինչեւ ընտանեկան հավաքույթներ Zoom-ի միջոցով։ 2021 թվականին մարդիկ կվերագնահատեն իրենց սոցիալական շրջանակները՝ ավելի քիչ կենտրոնանալով հարմարավետության եւ ավելի շատ՝ մտերմության ու խորը հոգեւոր կապի վրա։

4. Իրականն ու անիրականը կմիաձուլվեն

Ֆեյքերի ժամանակաշրջանում մենք ձգտում ենք դեպի իրականն ու բնականը՝ անգամ շարունակելով մեր կյանքը տեղափոխել վիրտուալ տիրույթ։

Չնայած բուսական «մսի», ընկույզի «կաթի» եւ բուսական «կաշվի» մեծածավալ վաճառքներին, մարդիկ գնալով ավելի ու ավելի են ջանում վերադառնալ իրականին: Ու մենք հարցնում ենք ինքներս մեզ․ արդյո՞ք վաղուց մոռացված արժեքները, ինչպիսիք են ամբողջականությունն ու ինքնաբավությունը, նորից արդի կդառնան։ Արդյո՞ք խելացին փոխարինելու կգա գլամուրայինին, քանզի մարդիկ այլեւս չեն հանդուրժում անպետքությունը։ Կտեսնեք․ մարդիկ 2021-ին կարիք կունենան «թվային դետոքսի» եւ  իրական ու վիրտուալ կյանքի ավելի գրագետ համատեղության այն պարզ պատճառով, որ շատերիս համար է ակնհայտ դառնում իրական կյանքի բերկրանքն ու դրա բացակայության իրական գինը։

5. Դրոնների գերիշխանություն

Արդյո՞ք մարդկության պատմության մեջ եղել է ավելի հարմար ժամանակաշրջան, որպեսզի մեզ օգնության հասնեն դրոններն ու ռոբոտները։  Մեկուսացման մեջ ո՞վ չէր ցանկանա իր սեփական R2-D2 ռոբոտին ուղարկել մոտակա խանութը՝ առեւտրի։ Մարդկությունը վաղուց է շարժվում դեպի աշխատանքի ավտոմատացում: Այնուամենայնիվ, հենց համավարակը դարձավ այդ գործընթացի աննախադեպ խթանը, քանի որ բիզնեսի շարունակականությունը խաթարվում էր մարդկային գործոնի առկայության պատճառով։ Փորձելով նվազեցնել ռիսկերը, Alibaba ընկերությունը համավարակի առաջին իսկ օրերին Վուհան քաղաքի հիվանդանոցներից մեկում հիմնեց մթերային խանութ, որն աշխատում էր բացառապես ռոբոտների ներգրավմամբ։ Իսպանիայում, Ինդոնեզիայում եւ Չինաստանում հայտնվեցին բժշկական պիտույքներ ու COVID-19 թեստեր առաքող դրոններ։ Արդյո՞ք այլ աշխատանքներն էլ ապագայում կավտոմատացվեն․ խոհարարի ռոբոտ օգնականներն ու արհեստական բանականությամբ աշխատող դայակները հարցին տալիս են վստահ դրական պատասխան։

6. Միշտ պատրաստ պայքարի

Իր 2020 թվականի միտումների զեկույցում Մարիան Զալցմանն արդեն խոսել է բունկերային մտածելակերպի մասին, որը նկատվում էր արդեն 2019 թվականի ավարտին։ Դա որոշ մարդկանց արձագանքն էր «նոր նորմալին» ու աշխարհում գիրող համընդհանուր քաոսին։ Այս թրենդի ծայրահեղական դրսեւորում են Ահեղ դատաստանի օրվան պատրաստվողները․ այս մարդկանցից շատերը տարիներ շարունակ առաջին անհրաժեշտության ապրանքներ են հավաքում իրենց նկուղներում։  2020 թվականի վերջին կարելի է վստահ արձանագրել, որ այդ պատրաստություններին շատերն էին նախանձում՝ գարնան սկզբին զուգարանի թղթի հերթի մեջ կանգնած լինելով։

COVID-19-ը վստահորեն կլայնացնի «պատրաստություն տեսնողների» շրջանակը։  Իհարկե, բոլորը չէ, որ ամբողջությամբ կմտնեն այդ տրամադրության մեջ, բայց կարող ենք ակնկալել, որ տնային տնտեսությունները շատ ավելի լուրջ կմոտենան ապրանքի պահուստավորմանը, իսկ ընկերությունները կշտապեն արձագանքել այս պահանջարկին։

Շատերն այսօր մտածում են սեփական այգի ունենալու, հավ կամ այլ ընտանի կենդանիներ պահելու, տնային պայմաններում մոմ, օճառ պատրաստելու կամ մածուն մերելու մասին։  Սա մակրո մակարդակի միտում է, որ ներթափանցում է ժամանանակից կյանքով դժգոհ մարդկանց կյանքի բոլոր ասպեկտները։

Ամբողջ աշխարհում մարդը զգում է բնության ու հողի հետ ավելի սերտ կապ ունենալու կարիքը՝ ջանալով անջատվել վաղուց արդեն հոգնեցրած համացանցից ու անել «իրական» մի բան։
Համավարակից հետո մենք կարող ենք նաեւ ակնկալել ձեռագործ “Do it yourself” իրերի ու տնային պայմաններում իրերը վերանորոգելու միտում։

7. Կարեւորի վերաիմաստավորում

Տասնյակ տարիներ՝ ընդհուպ մինչեւ 2008 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամը, մարդկությունն ապրում էր առատության մեջ։ Թվում էր, որ ամենքի համար ամեն ինչից «լիքն է»։ 2008-ի ցնցումներից հետո ակնհայտ դարձավ, որ իրավիճակն այդքան էլ աստեղային չէ, եւ նախորդ տասնամյակի ընթացքում աշխարհը բաժանվել է «ունեւորների» ու «չունեւորների»՝ ներառյալ տեխնոլոգիաների, արժանավայել բնակավայրի, աշխատանքի ու բուժ օգնության հասանելիությունը։

Համավարակի առաջացրած էկզիստենցիալ վտանգն ու շատերի կողմից առերեսված պարտադրված պարապուրդը փոփոխությունների ախորժակ են առաջացրել ու ստատուս քվոն փոխելու պատրաստակամություն։ Ոմանց համար դա արտահայտվեց սոցիալական անհավասարության նկատմամբ հանդուրժողականության անկման ու նոր առաջնորդներ փնտրելու, աշխատավայրում ավելի ներդաշնակ պայմաններ պահանջելու եւ սոցիալական նպատակներ հետապնդող նախագծերին աջակցման միջոցով։

8. Ինտերնետը՝ փրկիչ

Բոլորի համար էլ կորոնավիրուսով պայմանավորված պանդեմիան բարդ կենսափորձ էր։ Պատկերացրեց, սակայն, որքան ավելի բարդ կլիներ դիմակայել դրան ընդամենը 20-40 տարի առաջ։ Քանի՞ հոգի կզրկվեին օրվա հաց վաստակելու հնարավորությունից, եթե չլիներ գերարագ ինտերնետը։ Քանի՞ հոգի կտրված կմնար ընտանիքից ու ընկերներից։ Քանի՞ ուսանող չէր կարողանա տեղափոխվել հաջորդ կուրս՝ ուսուցողական ռեսուրսների անհասանելիության պատճառով։

Պանդեմիան, անկասկած, ինտերնետի համար առաջին համընդհանուր սթրես թեստն էր․ արդյո՞ք համացանցն իսկապես ի զորու է ապահովել ժամանակակից կյանքն այն ձեւաչափով, որին մենք քիչ թե շատ սովոր ենք։ Քանի որ 2020-ի սկզբում բազմաթիվ քաղաքներ ենթարկվեցին լոքդաունի, կար անհանգստություն, որ համակարգը չի դիմանա լարվածությանն ու ի վերջո կկոտրվի։ Փոխարենը, համացանցն իրեն բավարար դիմացկուն դրսեւորեց ու ի զորու եղավ կարգավորել ամբողջ պահանջարկը ՝ առանց որեւէ լուրջ ընդհատումների։

9. Կորպորացիաները՝ փոփոխության առաջամարտիկ

Արդեն նոր չէ այն միտումը, որ բիզնեսն անգամ շահույթ ստանալուց բարձր է դասում իր գոյության նպատակն ու արժեքները։ Բայց այդ միտումն ավելի ակներեւ է դարձել համավարակի հետեւանքով ու նաեւ այն պատճառով, որ հանրությունը սկսել է գիտակցել․ մեր առաջ ծառացած մարտահրավերները մեծ են ու լուրջ, եւ ոչ մի երկրի կառավարություն ի զորու չէ դրանք հաղթահարել միայնակ։ Մեկուսացման առաջին շաբաթներին մենք տեսանք ընկերություններ՝ մեծից փոքր, որոնք սկսեցին պաշտպանիչ միջոցներ ու օդափոխման սարքեր արտադրել, որպեսզի աջակցեն սպառողներին ու համայնքներին դժվար պահին՝ կիսեն արժեքը հասարակության հետ։ 2021 թվականին կաորղ ենք ակնկալել բիզնես-հասարակություն ավելի մեծ կապ ու փոխգործայցություն, որի նմանը չենք տեսել այն պահից ի վեր, երբ Ջեներալ Էլեկտրիկ ընկերությունը սկսեց ԱՄՆ NASA-ի հետ համագործակցել՝ Ապոլլո 11-ի շուրջ։

10. Մարդկանց հոսք դեպի փոքր քաղաքներ ու գյուղական շրջաններ

Արդյո՞ք 2021 թվականը վերջ կդնի մարդկանց կենտրոնացմանը մեգապոլիսներում։ Ծայրահեղական մոտեցում, իհարկե, չի լինի․ մեծ քաղաքները շատից-քչից դիմակայեցին կովիդին։ Միեւնույն ժամանակ, նոր տեխնոլոգիաները եւ հեռավար աշխատանքի լայն տարածումը խաղադաշտ են բացում փոքր քաղաքներին ու անգամ գյուղական շրջաններին՝ բնակիչների համար մրցելու։ Շուտով կարող ենք ակնկալել շարժուն տնակների թվի աճ ու մարդկանց հոսք դեպի քաղաքների հեռավոր արվարձաններ։ Ավելի երկար կտրվածքով, քաղաքները, որտեղ գործարար ակտիվությունը բարձր չէ, կսկսեն բնակիչներ ներգրավելու նոր ուղիներ փնտրել՝ ներառյալ կանաչապատ տարածքները, ավելի մատչելի բնակարանները եւ ավելի հարմար ենթակառուցվածքները։

11. Հաշտության դաշինք անորոշության հետ

Ի՞նչ է դիմակը․ խելամիտ առողջապահական միջո՞ց, թե՞ քայլ դեպի տոտալիտարիզմ։ Արդյո՞ք առաջին պատվաստանյութերը անվտանգ կլինեն։ Կարո՞ղ ենք կովիդով վարակվել մեկից ավելի անգամ։ Կվերականգնվի՞ երբեւէ տնտեսական ակտիվությունը։ Հեռացող տարին լի էր անորոշությամբ եւ «կտրված» լինելու համատարած զգացումով՝ մեր նախահամաճարակային կյանքից, մեր ընկերներից ու նորմալի մասին մեր պատկերացումներից։

Քանի որ մարդիկ ձգտում են վերադարձնել վերահսկողությունը, նրանք փորձելու են իրենց «պատվաստել» ապագա ռիսկերի դեմ․ ավելի անվտանգ ավտոմեքենաներ, տնային անվտանգության համակարգեր ու էլեկտրաէներգիայի պահեստային գեներատորներ։ Միեւնույն ժամանակ, մենք ականատեսը կլինենք դիմացկունության զարգացման վրա աննախադեպ կենտրոնացման վրա, քանի որ համառությունն ու դիմացկունությունն այլեւս նույնքան կարեւոր են, քան ստեղծագործականությունն ու քննադատական մտածելակերպը։