Ջորջ Քլունին հիվանդանոց է տեղափոխվել

Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին, «Կեսգիշերային երկինք» ֆիլմի նկարահանումների համար խիստ նիհարելով, հայտնվել է հիվանդանոցում, հայտնում է Mirror-ը:
Ինչպես հայտնում է պարբերականը, ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսելուց չորս օր առաջ Քլունին որովայնի սաստիկ ցավերով տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները պանկրեատիտ են ախտորոշել, եւ նա ստիպված է եղել հիվանդանոցում մի քանի օր անցկացնել:

«Կարծում եմ, որ շատ էի փորձում նիհարել եւ, հնարավոր է, չէի հետեւում ինձ», – հայտարարել է դերասանը: Դերասանի կարծիքով՝ իր դիետան կարող էր նպաստել հիվանդությանը։ Հրատարակության տվյալներով՝ 59-ամյա Քլունին նիհարել է գրեթե 13 կիլոգրամով, որպեսզի մարմնավորի քաղցկեղով հիվանդ աստղագետին, որը ողջ է մնացել գլոբալ աղետից հետո:

Քլունին, ով եւս մի քանի ֆիլմ է նկարահանել, հայտարարել է, որ «Կեսգիշերային երկինք» ֆիլմն իր համար այսօրվա դրությամբ ամենամեծ նախագիծն է, եւ նա պետք է գերազանց մարզավիճակում մնար, որպեսզի աշխատանքն ավարտին հասցներ: «Մի քանի շաբաթ պահանջվեց, որպեսզի վերականգնվեի, իսկ ռեժիսորի համար դա հեշտ չէր, քանի որ էներգիա է հարկավոր», – նշել է դերասանը:

Ինչպես նշում է հրատարակությունը, ֆիլմում նկարահանումների համար նիհարելուց բացի դերասանը ստիպված է եղել չսափրվել, ինչից նրա կինը՝ փաստաբան Ամալ Քլունին, հիացած չէր:

«Ես երկար տգեղ մորուք աճեցրի, իմ որդուն այն դուր եկավ, քանի որ նա ամեն ինչ թաքցնում էր դրա մեջ․․․ Բայց կինս ու աղջիկս երջանիկ էին, երբ մորուքս սափրեցի, քանի որ դժվար էր այդ ամենի տակ դեմքս գտնելը», – հայտարարել է Քլունին։