Տեսակետներ ունենալն ու դրանք բարձրաձայնելը քաղաքականություն չէ, այլ քաղաքացիական պարտականություն․ Միքայել Ոսկանյան

Երաժիշտ, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը նոր գրառում է կատարել՝ խոսելով այն մասին, որ երկրի ապագայի համար անհանգստությունը, տեսակետներ ունենալն ու դրանք բարձրաձայնելը քաղաքականություն չեն, այլ քաղաքացիական պարտականություն։

Թառահարը կասկած ունի, որ «ֆեյքակույտին ու օխլոսին հրահանգ է տրված, որ իմ գրառումների և մեկնաբանությունների տակ գրեն «duq dzer gorcov zbaxveq», կամ «еражишт Ес, երաշտությամբ զբաղվի» և այլն»։ Ոսկանյանը շտապել է հիասթափեցնել՝ մասնագիտությամբ նաև պատմաբան է։

«Մեր հասարակության մեջ ակտիվ շրջանառվող կարծեցյալ տեսակետ կա, թե երաժիշտը, կամ այլ արվեստի ներկայացուցիչ չպետք է զբաղվեն քաղաքականությամբ։ Ուզում եմ ուղղել ձեր մոլորված դատողությունները. երկրի, պետության և ազգի առջև ծառացած օրհասական խնդիրների մասին անհանգստությունը, տեսակետներ ունենալն ու բարձրաձայնումը, հանրային քննարկումներն ու հասցեագրումը քաղաքականություն չէ, այլ քաղաքացիական պարտականություն։ Որպես ՀՀ քաղաքացի՝ յուրաքանչյուրիս պարտավորությունն է կարողանալ ու լինել պրոակտիվ և մասնակցել երկրի կայունացմանն ու հայեցակարգերի ձևավորմանը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Ոսկանյանը։

Նա հավելել է, որ երաժշտությամբ զբաղվել է, զբաղվում է (ավելի շատ) և զբաղվելու է միշտ։ Նա նշել է, որ ՝ այս ընթացքում (պատերազմի և հետպատերազմյա շրջանում) թողարկել է «Օրոր» ստեղծագործությունը, որը հրատարակվել է «Smithsonian Folklife» ամսագրում, ներկայացրել մյուս աշխատանքները։