Օգոստոսի 8-ին Երևանի ամենասրտում բացվեց առաջին նկարազարդ խաղադաշտը՝ Cascade Art Playground-ը: Կասկադի մերձակայքում գտնվող բոլորին հայտնի խաղադաշտը վերածվել է բաց երկնքի տակ գտնվող կտավի՝ ավելի գրավիչ դառնալով սթրիթբոլի բոլոր սիրահարների համար: Նմանատիպ նախագծեր աշխարհում շատ քիչ կան, ուստի Cascade Art Playground-ը կգրավի սթրիթ արտը գնահատող զբոսաշրջիկների ուշադրությունը՝ դառնալով Երևանի բակային սպորտի և արվեստի այցեքարտերից մեկը: Նախագիծը միավորում է արվեստը, սպորտը, անհոգ մանկությունն ու քաղաքում նոր՝ տարբերվող մի վայր ունենալու հնարավորությունը՝ լուծելով միանգամից մի քանի խնդիր և ծառայելով հանրության շահերին:
Cascade Art Playground-ը նկարազարդել է Մոլդովայից հատուկ հրավիրված սթրիթ արտիստ Դմիտրի Պոտապովը։ Դիման գրաֆիտի նկարիչ է, ով կյանքի կեսը նկարում է։ Սթրիթ արտիստը եղել է 40-ից ավելի երկներում և ստեղծագործել դրանցից 15-ում: Մի քանի ամիս առաջ Դիման հրավիրվել էր Հայաստան «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կողմից։ Նրան օգնել է նաև Էդվարդը, ով մոտ տասը տարի զբաղվում է գրաֆիտի նկարելով:
«Կարծում եմ՝ Երևանում պետք է շատ լինեն նման վառ, գունավոր նախագծեր, այս քաղաքին պետք են ավելի շատ գույներ: Հույս ունեմ՝ այս նախագիծը վերջինը չէ, շնորհակալ եմ մասնակցելու հնարավորության համար», – ասում է Էդվարդը:
Սթրիթբոլի նկարազարդ դաշտ ունենալու գաղափարը պատկանում է Պետրոս Ծամերյանին, համահեղինակը՝ Գրիգոր Բաղդագուլյանն է: Պետրոսը նախկինում գրաֆիկ դիզայներ է եղել, իսկ Գրիգորը զբաղվում է թվային ռեսուրսների ստեղծմամբ, զարգացմամբ և սպասարկմամբ։
«Գաղափարը իրականում մանկական երազանք է եղել։ Ես ու ընկերս դեռ մանկուց առնչվել ենք այն խնդրի հետ, որ Երևանում չկան համապատասխան վայրեր բասկետբոլ կամ թեկուզ ֆուտբոլ խաղալու համար, դաշտերը անմխիթար վիճակում էին։ Իսկ այս նախագծի միտքը հենց այն է, որ մենք սթրիթ արտ ենք պատրաստել՝ նախատեսված սրթիթբոլի համար, և ոչ միայն։ Իրականում այն շատ ծավալուն նախագիծ է, շատ քիչ քաղաքներում կարող եք նման բան տեսնել»,- պատմում է նախագծի հեղինակ Պետրոս Ծամերյանը։
«Awesome Foundation» կազմակերպության կողմից անցկացված մրցութային ծրագրի շրջանակներում տղաները մասնակցելու և դրամաշնորհ շահելու հնարավորություն են ստացել, որն էլ հետագայում ծառայել է նկարազարդման ներկերը գնելու համար: «Awesome Foundation»-ը միջազգային միավորում է, որը նպաստում է աշխարհում խենթ գաղափարների առաջմղմանը:
Երևանյան միջոցառմանը հրավիրված էին «Ուրարտու» և «Արագած» բասկետբոլային ակումբները, որոնք էլ տեղում խաղացին ցուցադրական սթրիտբոլ:
Իսկ միջոցառման ուրախ տրամադրությունն ու երաժշտական մասն ապահովում էին DJ Serjo-ն և Max-ը։
Հեղինակ՝ Լուս Ավագյան