«Տանը մենակ»-ի գլխավոր դերակատարը հավանել է ֆիլմից Դոնալդ Թրամփի կադրը հեռացնելու առաջարկը

Ամերիկացի դերասան Մակոլեյ Կալկինը, որը մարմնավորել է գլխավոր դերը «Տանը մենակ» և «Տանը մենակ 2» ֆիլմերում, հավանել է ֆիլմի երկրորդ մասը փոփոխելու առաջարկը, որպեսզի կադրից հեռացվի ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Թվիթեր սոցցանցի օգտատերերից ոմանք առաջարկել էին հյուրանոցում նկարահանված տեսարանից հանել Թրամփին:

«Հոյակապ է»,- մեկնաբանել է 40-ամյա դերասանը՝ արձագանքելով սոցցանցում արված գրառումներին:

Օգտատերերն առաջարկել էին Թրամփի փոխարեն պատկերել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին կամ դերասան Կիանու Ռիվզին:

Ավելի վաղ Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել էր այդ տեսարանում Թրամփին փոխարինել իր կերպարով՝ նշելով, որ ֆիլմի նկարահանումների ժամանակ կուսակցության պատվիրակությունը Նյու Յորք է եղել: