Սննդամթերքի որ տեսակներն են օգնում ազատվել որովայնի ճարպաշերտերից

Որովայնի հատվածում ճարպաշերտերի կուտակումը բավական տարածված խնդիր է, որի դեմ պայքարում են միլիոնավոր մարդիկ։ Մասնագետները հաճախ են հորդորում միջոցներ ձեռնարկել այս խնդրից ազատվելու համար, քանի որ այդ հատվածում ճարպի չափազանց մեծ քանակությունը զգալիորեն բարձրացնում է առողջական մի շարք խնդիրների զարգացման հավանականությունը։

Սովորաբար քաշը նվազեցնելու և որովայնի ճարպային կուտակումներից ազատվելու համար մարդիկ կիրառում են տարատեսակ սննդակարգեր ու վարժություններ, սակայն մասնագետները վստահ են, որ իրականում ցանկալի արդյունքին հասնելու համար բավական է մի քանի փոփոխություն անել՝ սննդակարգում ներառելով սննդամթերքի որոշակի տեսակներ։

Ինչպես գրում է բրիտանական Express պարբերականը՝ որովայնի հատվածում ճարպաշերտերի կուտակումն ասոցացվում է բորբոքման զարգացման հետ, որն էլ իր հերթին մի շարք վտանգավոր խանգարումների ու հիվանդությունների զարգացման հավանականությունը բարձրացնող հիմնական ռիսկային գործոններից է։ Մասնագետների խոսքով՝ ճարպաշերտերի այս տեսակի դեմ պայքարող մարդիկ պետք է կիրառել սննդամթերքի որոշակի տեսակներ, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել դրանցից։

Խոսքը լուծվող մանրաթելերով հարուստ սննդամթերքի մասին է։ Մանրաթելերի այս տեսակը յուրահատուկ կերպով է անցնում մարսողական համակարգով, ինչի շնորհիվ նպաստում է քաշի նվազմանը։ Բանն այն է, որ հեղուկի հետ խառնվելու դեպքում դրանք առաջացնում են գելային նյութ և նվազեցնում են ճարպերի կլանում, ինչի հետևանքով դրանք չեն մարսվում ու չեն հանգեցնում քաշի ավելացման։

Բացի այդ, նման մթերքը նպաստում է հաստ աղիքում բակտերիաների մոտ ճարպաթթուների արտազատման, իսկ այս գործընթացի հետևանքով օրգանիզմում բարձրանում է հագեցման համար պատասխանատու հորմոնների մակարդակը։ Այս ամենի շնորհիվ մարդն ավելի լավ է վերահսկում օգտագործվող սննդի քանակությունն ու ավելորդ մթերք չի օգտագործում, ինչի շնորհիվ էլ քաշը չի ավելանում։

Այսպիսով՝ քաշի նվազեցման ու որովայնի ճարպաշերտերի այրման համար մասնագետները խորհուրդ են տալիս կիրառել լուծվող մանրաթելեր, որոնց լավագույն աղբյուրներն են խնձորը, կանաչ ոլոռը, լոբին, վարսակը, թեփը, ցիտրուսային մրգերն ու գարին։