Ծովինար Մարտիրոսյանը՝ իր 36-ամյակի և գլխավոր երազանքի մասին

Ծովինար Մարտիրոսյանն այսօր՝ հունվարի 18-ին, դարձավ 36 տարեկան: Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհին կայքի հետ զրույցում ասում է, որ չի պատրաստվում որևէ կերպ նշել ծննդյան տոնը։

«Այս տարի չեմ նշելու իմ ծննդյան տոնը, որովհետև հարկ չեմ համարում ավելորդ աշխուժության, ուրախության։ Կարծում եմ՝ չարժե այս նեղ պահին մեծ ծննդյան տոն կազմակերպել։
Այս տարի չեմ նշել նաև Ամանորը, որովհետև կարծում եմ, որ պետք է մի քիչ կողքինների մասին էլ մտածել»,-բացատրում է նա։

Նախորդ տարի դերասանուհին իր 35-ամյակի կապակցությամբ մեծ խնջույք էր կազմակերպել։ Այդ տարի նրա ամուսինը՝ Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Նարեկ Հայկազյանը, փոքրիկ հոլովակ էր պատրաստել, որում հարազատներն ու բարեկամները, ինչպես նաև հայտնիները շնորհավորանքներ էին հղում Ծովինարին։

Այս տարի Ծովինարը նվերների մասին չցանկացավ խոսել․ «Երևի ինձ համար յուրահատուկ են մարդիկ, ոչ թե նվերները, երբևիցե նյութականին նշանակություն չեմ տվել։ Սիրում եմ և՛ նվեր ստանալ, և՛ նվիրել»։

Խոսելով անցած դժվար տարվա մասին դերասանուհին ասում է «Մտերիմ մարդիկ ունեմ ռազմաճակատում, ովքեր մինչև հիմա էլ այնտեղ են։ Տարին մի կերպ հաղթահարեցինք։ Այս կորոնավիրուսից, պատերազմյան շրջանից հետո ավելի սկսեցինք արժևորել այն բաները, որոնց մասին մոռացել էինք՝ առողջությունը և հայրենիքը»։

Իր խոսքը Ծովինարը եզրափակում է՝ կիսվելով այս տարվա իր ամենանվիրական երազանքով«Ես ուզում եմ հաղթանակած խաղաղություն ունենանք, շատ եմ ուզում մեր գերիները վերադառնան, ու էլ երբեք այքան ցավոտ կորուստներ չունենանք»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան