«Դու ե՞րբ ես նորմալ սիրահարվելու ». Սաթեն Ղազարյանը պատմում է Վիգեն Ստեփանյանի հետ կապված ամենաթանկ հուշերի մասին

68 տարեկանում՝ ուղեղի կաթվածից մահացել է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործից Վիգեն Ստեփանյանը։
Խաղացել է ավելի քան 100 դեր տարբեր թատրոններում, բեմադրել է 43 ներկայացում տարբեր երկրներում և տարբեր լեզուներով, նկարահանվել է մոտ 50 ֆիլմերում, խաղացել է ավելի քան 60 հեռուստաներկայացումներում։ Երեք տարի շարունակ եղել է «Էրեբունի- Երևան» տոնակատարության գլխավոր բեմադրիչը։ Գրել և բեմականացրել է ավելի քան 10 պիես։ Իր սցենարով նկարահանվել է երկու կարճամետրաժ և մեկ լիամետրաժ ֆիլմ։

Արվեստի գործիչներն ու շոու-բիզնեսի ներկայացուցիչները սոցիալական կայքերի իրենց էջերում լուսանկարներ են հրապարակում դերասանի հետ ու հայտնում են իրենց խորին ցավակցությունները:
Showbiz.am կայքի հետ զրույցում դերասանուհի Սաթեն Ղազարյանը,  մի կերպ զսպելով իր հուզմունքը, պատմում է Վիգեն Ստեփանյանի հետ օրիգինալ ծանոթության, նրա անգին խորհուրդների ու իր կյանքում ունեցած մեծ դերի մասին:

«Վիգեն Ստեփանյանի մասին միշտ ժպիտով, սեթևեթանքով եմ խոսում. իմ կենսագրությունում կարևոր դեր ունի Վարպետը»,- արցունքների միջից պատմում է Սաթենը:
Դերասանուհին հիշում է, որ Ստեփանյանի հետ ծանոթացել է դեռ ուսանողական տարիքում` ցուցահանդեսի ժամանակ:
«Լուռ, կանգնած վայելում էի կտավը, մոտեցավ` ասելով. «Ամենասիրուն կտավը մարդնա»: Նա ներկայացավ, ես էլ ի պատասխան ներկայացա, պատմեցի ով լինելս:
Հանդիմանանքով առարկեց` դերասանուհի եմ դառնալու, մասնագիտացումս սխալ է: Մեր ընդհանուր ընկերները փորձեցին մեղմել իր և իմ թեթև կոնֆլիկտը: Ինքը նայեց բոլորին ու ասաց. «Ինքը դեռ չգիտի, երեխա է, բայց ես գիտեմ, որ թատրոնն ու արվեստը իրեն մի օր կգողանան բոլորից»: Նա ինձնից լավ տեսավ և ճանաչեց ինձ…»,- հիշում է Սաթենը:

Առաջին հանդիպումից պակաս հիշարժան չէր նաև երկրորդը, որի ժամանակ Սաթենն արդեն դերասանուհի էր ու խաղում էր թատրոնում:  «Անվերջ կարող եմ խոսել, պատմել, հիմա արցունքներս խեղդում ենՏարիներ անցան, արդեն թատրոնում էի, խաղում էի, թատերականի աստիճանների մոտ պատահական հանդիպեցինք, գրկեց:
«Երանի թատրոնին, որ միայն իրեն ես սիրելու»,- ասաց:
Ուրախացել էր. նա գուշակեց իմ ապագան…»,– պատմում է դերասանուհին

Սաթենը նշում է, որ անգամ պատահական հանդիպման ժամանակ ինքն ու դերասանը երկար զրուցում էին միմյանց հետ:
«Խոսում էինք երկար, պատմում էի վիճակս, ներկաս, քննարկում էինք, միշտ բարկանում էր, խորհուրդներ էր տալիս: Կերպարներից մեկի քննարկման ժամանակ ասաց.  «Դու երբ ես նորմալ սիրահարվելու, կեղծ է կերպարդ, որովհետև մեջդ էդ սերը չունես, սիրահարվիր էլի, այ բալա»»,- մեջբերում է Վիգեն Ստեփանյանի խոսքերը Սաթենը:

Դերասանուհին հիշում է նաև, որ Վիգեն Ստեփանյանի հետ միասին խաղացել է նաև ֆիլմում. «Այնքան էի հուզվում, հենց նկարահանման հրապարակ հասա, անցավ այդ վախս, այնպես ճիշտ ու վարպետորեն օգնեց ինձ, հիացած էի»:

«Նա ինձնից նեղացավ, ջնջեց ընկերների ցուցակից ֆեյսբուքի, երբ ասացի, որ թողնում եմ թատրոնը: Ինձ չեմ ներում իր այդ վրդովմունքը …»,-ցավով ասում է  Սաթենը:

Իր խոսքը Սաթենն ավարտում է` ասելով, որ դժվար է ընկալել ու ընդունել այս ցավը, հատկապես հիմա, երբ մի ցավից ուշքի չեկած ,նոր ցավն է գալիս:

«Վարպետը մնաց իմ հիշողություններումՇնորհակալ եմ իրեն հավերժ…»,- ասում է նա:

Հեղինակ` Տաթևեր Լազարյան