Հանճարեղ դաշնակահարն ու կոմպոզիտորը. Առնո Բաբաջանյանը 100 տարեկան է

Այս օրերին Հայաստանի երաժշտական հանրությունը (և ոչ միայն) նշում է մեծ վարպետի՝ կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ Առնո Բաբաջանյանի 100-ամյակը։

Ըստ էության, Բաբաջանյանի ծննդյան օրվա հետ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ։ Ի դեպ, նա ծնվել է հունվարի 21-ին, բայց, քանի որ խորհրդային ժողովրդի համար այն սգո օր էր՝ համաշխարհային պրոլետարիատ Վ․ Ի․ Լենինի մահվան տարելիցը, Առնոյի հայրը ծննդյան վկայականում ամսաթիվը փոխել է  հունվարի 22-ին: Այնուամենայնիվ, ոչ թե թվերն են կարևոր, այլ հիշողությունը:

Հայաստանի երաժշտական հարթակներում այսօր կհնչի նրա անմահ երաժշտությունը՝ դասական և էստրադային ստեղծագործությունները։ Հանդիսատեսը մեծարելու է նրա տաղանդն ու շնորհակալություն հայտնելու իրապես անգնահատելի ժառանգության համար, որով մեծացել և սովորել է մեր կոմպոզիտորների ոչ մեկ սերունդ։

Բաբաջանյանի երաժշտությունը վառ, լուսավոր, խորը և անհավանական հայկական է։ Իր կտավներում նա հմտորեն, աննկատ հյուսեց հայկական անուշահամ գույները՝ դրանք դարձնելով անմոռանալի ոչ միայն մեր հայրենակիցների, այլև ողջ աշխարհի երաժշտասերների համար։

Բաբաջանյանի երգերը դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը. առանց դրանց ոչ մի քաղաքային տոն կամ ընտանեկան խնջույք չի անցնում։ Ով չգիտի «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմից նրա «Год любви» կամ «Твои следы» երգերը: 70-ականներին նրա ստեղծած և Անդրեյ Վոզնեսենսկու խոսքերով «Верни мне музыку»-ն անվիճելի հիթ է, և ընդհանրապես, ցանկացած վոկալիստի երգացանկում պարտադիր «կետ» է։

Բաբաջանյանին մի անգամ հարցնում են․ «Ինչպե՞ս եք ստեղծում Ձեր հիանալի երգերը»․․․  «Գալիս ա էլի», – պատասխանել է նա:

Մինչև հիմա «գալիս ա»․ արդեն նույնիսկ նրանց, ովքեր Առնոյի երաժշտությամբ դաստիարակում են իրենց երեխաներին։ Երաժշտությանը, որը ներշնչում է լավ ճաշակ, ընդլայնում աշխարհընկալումը, սովորեցնում է սիրել սեփական երկիրը, հարազատ Երևանը։ Եվ նրա սրտում՝ Կարապի լճի մոտ, Վարպետի մասին հիշեցնում է մեկ այլ նշանավոր երևանցի՝ քանդակագործ Դավիթ Բեջանյանի աշխատանքը՝ հրաշալի հուշարձանը։ Այսօր այնտեղ անպայման ծաղիկներ կլինեն․․․

Ծնունդդ շնորհավոր, Առնո Հարությունովիչ։ Շնորհակալություն…