5 ժամ՝ շենքի տանիքում և առանց վերնահագուստի. Ռուբեն Եսայանն ու Նարինե Դովլաթյանը՝ նոր երգի և տեսահոլովակի մասին

Ռուբեն Եսայանն ու Նարինե Դովլաթյանը երկրպագուների դատին հանձնեցին «Լուսնի գրած երգը» ստեղծագործության հիման վրա նկարահանված նոր տեսահոլովակը, որի մասին նրանք պատմեցին Showbiz.am կայքի հետ զրույցում՝ կիսվելով, թե որքան դժվար ու միաժամանակ հետաքրքիր են անցել նկարահանումները, և ինչպես ստացվեց իրենց համագործակցությունը:

Ռուբենը պատմում է, թե ինչպես առաջարկեց Նարինեին համագործակցել իր հետ և նաև  հավելում է, որ ապագայում նոր համագործակցությունները չեն բացառվում:
«Ես դեռ վաղուց շատշատ սիրում էի Նարինեին, անգամ երբ դեռ իրար չէինք ճանաչում: Սիրել եմ թե՛ իր տեսակը, թե՛ իր ձայնը, թե՛ իր երգերը: Ու միշտ մտածել եմ, որ մի օր կհամագործակցեմ իր հետ: Ու երբ եկավ այդ օրը, երգն ուղարկեցի իրեն, ինքը հավանեց, ու սկսեցինք աշխատել դրա վրա»,-ասում է Ռուբենը:

Իր հերթին Նարինե Դովլաթյանը մեզ հետ զրույցում հիշում է, որ երբ Ռուբենից առաջարկ ստացավ, աշխատում էր իր հեղինակային երգերի վրա, սակայն լսելով Ռուբենի՝ «Լուսնի գրած երգը» ստեղծագործությունը, այնքան հավանեց այն, որ միանգամից համաձայնեց:
«Երգն այնքան բարի ու գեղեցիկ էր, որ սիրով համաձայնեցի երգել»,-ասում է Նարինեն:

Պարզվում է՝ երգը ստեղծելու համար Ռուբենին մոտիվացրել են նրա ընկերները:
«Ընկերներս ինձ միշտ ասում են. «Ռուբեն ջան, դու ռոմանտիկ բաներ ունես, ի՞նչ կառաջարկես ընկերուհուս նվիրեմ»:
Անընդհատ շեշտում են, որ ես այդպիսին եմ: Ու մի օր որոշեցի այդ թեմայով ինչոր երգ գրել, բայց քանի որ շաբլոն է տղայի ու աղջկա մասին երգ գրելը, մտածեցի մի քիչ կրեատիվ, թեթև բան անել ու մտածեցի աղջկա ու լուսնի սիրո մասին գրել: Այդպես ստացվեց երգը»,- պատմում է նա:

Նարինեն պատմում է, որ նկարահանումները բացօթյա էին ու բավականին ցուրտ էր:
«Ամբողջ ընթացքում դողում էինք, բայց փորձում էինք մեզ հանգիստ պահել, որպեսզի երգին համապատասխան լինենք: Չնայած տեսահոլովակում վերջին կադրը թողել ենք, որտեղ ռեժիսորի՝ «Վերջ» ասելուց հետո ակտիվանում ու արագ վազում ենք ներս»,-  հիշում է երգչուհին:

Նկարահանումերը ժպիտով է հիշում նաև Ռուբենը՝ կիսվելով, որ տեսահոլովակը նկարահանելու համար նրանք ունեին ընդամենը 2 օր, ու ամեն ինչ ժամանակին վերջացնելու համար նրանք 5 ժամ մնացել են շենքի տանիքում՝ առանց վերնահագուստի:

«Մի հետաքրքիր բան էլ կար. Նարինեն հիմնականում չէր երգում, միայն բերանն էր բացում-փակում, որ գոլորշին քիչ դուրս գա ու տեսահոլովակի մեջ տգեղ չերևա»,- հավելում է Ռուբենը:

Երաժիշտները նաև կիսվում են ապագայի ծրագրերով: Նարինեն այս վերջին ամիսներին շատ երգեր է գրել ու դրանք հերթով կյանքի կկոչի:
Իսկ Ռուբնեը որոշել է ժամանակ հատկացնել իր առաջին մասնագիտությանը. «Ստեղծագործական առումով բլոգինգի վրա է շեշտը դրված, բայց բացի դա ես կիրառական մաթեմատիկայի բաժնում եմ սովորում, ուզում եմ նաև այդ ոլորտին  մի քիչ ժամանակ հատկացնել, որովհետև այն կարևոր է ու ստեղծագործական գործունեության հետևանքով շատ է մղվել հետին պլան»:

Հիշեցնենք, որ պատերազմական շրջանում Ռուբենը սկսեց «Ինստագրադ» նախաձեռնությունը, որի շնորհիվ նա 50 հազար դոլլարի չափով նվիրատվություն կատարեց զինվորներին օգնող հիմնադրամներին:
««ԻնստագրաԴ» նախաձեռնության միջոցով սկզբում կարողացանք համաշխարհային աստղերին «ստիպել» խոսել Արցախում տեղի ունեցող դեպքերի մասին, նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի տվյալները տեղադրեն իրենց սթորիներում: Հետո սկսեցինք «Ինստագրադի» յութուբյան համերգի միջոցով գումար աշխատել, ու այդպես մոտավոր 45-50 հազար դոլլար հավաքվեց:Մի մասն ուղարկվեց զինվորներին օգնող հիմնադրամներին ու նաև անձամբ հենց նրանց»,-ասում է Ռուբենը:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան