«Հրամանատար»․Սևակ Ամրոյանը՝ զոհված հրամանատարին նվիրված իր նոր երգի մասին

1992 թվականի հունվարի 28-ին ազդարարվեց հայկական բանակի ստեղծման սկիզբը:
29 տարի է անցել այդ օրվանից․ չնայած իր երիտասարդ տարիքին՝ մեր բանակը հասցրել է  կերտել ալեհեր ծերունու կյանք ու կռվի պատմություն։ Արցախյան ազատամարտը ոսկյա տառերով գրվեց հայոց պատմության էջերում։
Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, կայացավ Սևակ Ամրոյանի «Հրամանատար» երգի տեսահոլովակի պրեմիերան ու շնորհանդեսը, որը նաև հանուն մեր հայրենիքի, հանուն մեզ զոհված զինծառայողների մեծարման երեկոյի վերածվեց։ Շնորհանդեսը սկսվեց հոտընկայս ծափահարություններով։

Երաժշտության և խոսքերի հեղինակը` Էդմոնդ Մակարյանն է, գործիքավորողը և հնչյունային ռեժիսորը` ԴերՀովան, նախագծի տնօրենը` Արտյոմ Զաքարյանը։

Էդմոն Մակարյանի հետ Սևակ Ամրոյանն առաջին անգամը չէ, որ համագործակցում է։ Նրանք միասին աշխատել են նաև «Մեզ ոչինչ չի հաղթի» երգն ու տեսահոլովակը ստեղծելու ընթացքում։

Երգի հեղինակը մեզ հետ զրույցում խոստովանում է, որ ի տարբերություն իր մյուս աշխատանքների, այս երգի ստեղծման ընթացքում առաջացել են հոգեբանական դժվարություններ, քանզի նա ստեղծագործում էր այն մարդու մասին, ով հանուն իրեն ու մեզ բոլորիս զոհել է իր կայքը։

«Ի տարբերություն մյուս բոլոր երգերիս՝ այս մեկը հեղինակելը մի փոքր այլ էր ինձ համար, քանի որ երբ դու գրում ես հրամանատարի՝ քո կողքին քեզ զուգահեռ կյանքում ապրող մարդու մասին, որը կյանքը տվել է հանուն քեզ, քո ընտանիքի, հանուն բոլորի, մի փոքր հոգեբանական դժվարություններ են առաջանում»,- կիսվում է Էդմոն Մակարյանը։

Երգահանը նաև  խոստովանում է, որ իր հոգում այժմ իրարամերժ զգացումներ են՝ հպարտություն, ափսոսանք․․․
Ինչպես այս դժվար ժամանակներում յուրաքանչյուր հայ, նա նույնպես դեռևս չի կարողացել հաղթահարել այն ցավն ու վիշտը, որը կար պատերազմի ըթացքում, և որը կհետապնդի մեզ, եթե ոչ հավերժ, ապա բավականին երկար ժամանակ։

«Բոլորիս սրտերում հիմա իրարամերժ զգացողոթյուններ են՝ հպարտություն, որ ունենք այսպիսի հերոսներ, և ափսոսանք, որ ցավոք, այդ հերոսներն այսօր մեր կողքին չեն՝ ի դեմս Աշոտ Չոբանյանի և մյուսների: Կարծում եմ՝ այսօր և այսուհետ մենք Հայոց բանակի օրը պետք է ոչ թե միմյանց ասենք «շնորհավոր», այլ առաջնահերթ՝ շնորհակալ լինենք այն հերոսներին, որոնք իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին: Շնորհակալ ենք մեր տղաներին, որոնք ծնկի չեկան թուրքի առաջ և իրենց շնորհիվ չծնկեցինք նաև մենք»,-ասում է նա:
Սևակ Ամրոյանն իր հերթին կիսվում է, թե որքան դժվարություններ են հաղթահարել ինքն ու ստեղծագործական թիմը՝ տեսահոլոակն ու երգը կարճ ժամանակում պատրատսելու համար․

« «Հրամանատար» երգը նվիրված է բոլոր զինվորականներին։ Ավելի շուտ սիմվոլիկաներով է հարուստ տեսահոլովակը։ Իհարկե, օգտագործել ենք կադրեր նաև պատերազմից, մեր հերոսներից, հրամանատարից։ Շատ կարճ ժամանակում ենք պատրաստվել այս ամենին, չենք քնել։ Նվիրված է երգը մեր հրամանատարներից մեկին, ով զոհվել է պատերազմի ընթացքում՝ Աշոտ Չոբանյանին։ Իր գլխավորությամբ երգը նվիրվում է բոլոր հրամանատարներին»,-պատմում է Սևակը։

Պրեմիերային հրավիրված էին նաև Աշոտ Չոբանյանի անչափահաս երեխաները։ Չնայած որ ամբողջ դահլիճը չէր կարողանում զսպել արցունքներն ու հուզմունքը, երկու փոքրիկները համարձակ ելույթ ունեցան բեմում՝ տխրության, հուսահատության ու վշտի փոխարեն ցույց տալով իրենց անսահման հպարտությւոնն ու աննկարագրելի կարոտը հայրիկի նկատմամբ։
«Նա տեսնում է, թե մենք որքան շատ ենք իրեն կարոտում»,– բեմից ասաց հրամանատարի փոքրիկ դուստրը։

Տեսահոլովակի շնորհանդեսին ներկա էին, ինչպես փոխգնդապետի հարազատներն ու ընկերները, այնպես էլ հայկական շոու-բիզնեսից հայտնի դեմքեր:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան