Հրապարակվել է «Չեռնոբիլ» ֆիլմի նոր թրեյլերը

Համացանցում հրապարակվել է «Չեռնոբիլ» ֆիլմի նոր թրեյլերը։ Ժապավենի սցենարի հիմքում Չեռնոբիլի ատոմանակայանում վթարի իրական պատմությունն է, որը տեղի է ունեցել 1986թ․-ին։ Դանիլա Կոզլովսկին ֆիլմի ռեժիսորն է, պրոդյուսերներից ու գլխավոր դերակատարներից մեկը։ Նկարահանման հրապարակում նրա գործընկերներն են Օքսանա Ակինշինան, Ֆիլիպ Ավդեեւը, Ռավշանա Կուրկովան, Նիկոլայ Կոզակը, Իգոր Չերնեւիչը եւ այլք։

Սյուժեի հիմքում Ալեքսեյ Կարպուշինի պատմությունն է, որի կերպարը մարմնավորոմ է Կոզլովսկին։ Նա մտադիր է ինչ էլ լինի վերադարձնել Օլյա (նրա դերը կատարում է Ակինիշինան) անունով աղջկան, որից ինքն է բաժանվել տարիներ առաջ։ Հիմա Օլյան դաստիարակում է որդուն, սակայն դա չի կանգեցնում Ալեքսեյին. նա սիրելիի հետ մեծ ծրագրեր է կազմում ու երազում է նրա հետ բնակության տեղափոխվել ծովի ափ։

Սակայն Ալեքսեյի բոլոր երազանքները փլուզվում են, երբ Չեռնոբիլի ատոմակայանում պայթում է ռեակտորներից մեկը, ինչը վտանգի տակ է դնում նրա ամենասիրելի մարդկանց կյանքերը։ Կարպուշինը նախ գնում է մարելու հրդեհը, հետո երեք մարդուց բաղկացած հատուկ խմբի կազմում որոշում է սխրագործության դիմել. անցնել միջուկային ռեակտորի տակ՝ սեփական ձեռքերով կանխելու երկրորդ բռնկումը, որը սպառնում է ավելի մեծ հետեւանքներով։