Դոնաթելա Վերսաչեն ներողություն է խնդրել «Versace» բրենդի սխալի համար

Դոնաթելա Վերսաչեն իր իսնտագրամյան էջում հրապարակավ ներողություն է խնդրել «Versace» բրենդի սխալի համար:
Բանն այն է, որ ապրանքանիշը թողարկել է քարտեզի պրինտով շապիկներ, որտեղ Հոնկոնգն ու Մակաոն որպես առանձին երկներ են ներկայացվել, այլ ոչ թե Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաս:
Այս սխալի հետևանքով հայտնի չին դերասանուհի Յանգ Մին դադարեցրել է բրենդի հետ համագործակցությունը:
«Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը սուրբ է և անձեռնամխելի»,- հայտնել է դերասանուհի Յանգ Մինի պաշտոնական ներկայացուցչը:
Ապրանքանիշը հետ է վերցրել բոլոր շապիկներն ու դադարեցրել է դրանց թողարկումը:
«Սա կազմակերպության անփութության հետևանքն է և մենք հայցում ենք ձեր ներողամտությունը»,- հայտարարել է Դոնաթելլա Վերսաչեն:
Նրա ինստագրամյան հրապարակման տակ հայտնվել են հազարավոր մեկնաբանություններ:
«Ես չեմ տեսել, որ Չինաստանը «Versace» բրենդի կեղծ հագուստի թողարկման համար ներողություն խնդրի»,- գրել է Դոնաթելլայի հետևորդներից մեկը մեկնաբանություններում, ինչից հետո քննարկումները հրապարակման տակ ավելի են թեժացել: