Ձմռանն օրգանիզմը շատ ավելի քիչ է վիտամին ստանում, քան ամռանը։ Դա կապված է ոչ միայն արևի լույսի, այլև սննդարար նյութերով հագեցած մրգի ու բանջարեղենի բացակայության հետ։ Հենց այդ պատճառով էլ մարդիկ տարվա ցուրտ եղանակին փորձում են բացը լրացնել վիտամինների ու կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումների միջոցով։
Արմատապտուղներ
Սննդաբաններից շատերը համամիտ են, որ պետք է ուշադրություն դարձնել արմատապտուղներին ու պիտանիության երկար ժամկետ ունեցող մթերքին։ Դրանք են դդումը, գազարը, սոխն ու նույնիսկ կաղամբը, որոնք կարելի է ուտել հում, խաշած կամ ջեռոցում եփած վիճակում։ Այդ դեպքում բանջարեղենը պահպանում է օգտակար, սննդարար տարրերի մեծ մասը։
Սառեցված մթերք
Շատերն ամռան ընթացքում թարմ միրգ ու հատապտուղներ են սառեցնում։ Բազմաթիվ ուսումնասիրություններն ապացուցում են, որ սառեցված մթերքը կարող է ավելի օգտակար լինել, քան թարմը։ Պատճառն այն է, որ սառեցվում են հիմնականում շատ հասած պտուղները, որոնք լի են վիտամիններով ու հանքանյութերով, իսկ խանութներում ու շուկաներում այդքան հասած պտուղներ գրեթե չեն վաճառում։
Թթու
Անտարբեր մի անցեք թթու դրած բանջարեղենի կողքով, որովհետև դրանք պատրաստման ընթացքում չեն կորցնում իրենց օգտակար հատկությունները։ Ընդ որում՝ թթվելու ընթացքում բանջարեղենի մեջ եղած շաքարը տարրալուծվում է, և դուք ավելի քիչ ածխաջրեր եք ուտում։ Սակայն ուշադիր եղեք՝ աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է խուսափեն թթու դրած մթերքից։