«Եթե կան նման մարդիկ, պինդ բռնեք ու նրանց հետ անցեք ձեր կյանքի ճանապարհը». Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը սոցցանցերի իր էջերում գրառում է արել մարդկային հարաբերությունների և իր ապրումների մասին:

«Տարիքի հետ սովորում ես հաշտվել անգամ քո ցավերի, կորուստներիդ ու հիասթափություններիդ հետ: Հաշտվել, բայց երբեք չմոռանալ: Ես հիշում եմ ամեն բան. իմ կյանքում ու սրտիս մեջ կնճիռներ ու ակոսներ թողած բոլոր մարդկանց, երևույթներն ու կորուստները: Մոռանալ այդ ամենը նշանակում է կորցնել ինքդ քեզ, իսկ ես հազիվ սկսել եմ ճանաչել: Բազմաշերտությունը երբեք էլ հեշտ ու մարսելի չէ արտաքին աշխարհի կամ մեծամասնության համար, ոչ էլ՝ անկեղծությունը: Միևնույն է խութեր են փնտրելու, անհարթություններ ու նման բաներ, բայց ախր փնտրել պետք չի: Բազմաշերտությունն ինքնին խորդուբորդ է ու անհարթ և մարսելի է դառնում միայն շատ նեղ շրջանակի համար: Մեզնից յուրաքանչյուրն ինքն է իր աշխարհը կերտում, էդքան բան: Իսկ բոլորի համար «սիրելի լինելու» բարդույթն էլ տարիներիդ հետ սահում անցնում է ձեռքի մատների արանքով սահող ավազների պես ու մնում է իրականը՝ քո ափը:

Իրականությունը քո «ձեռքի ափն» է ու միայն քեզնից է կախված՝ ինչով կլցնես այն. սիրո՞վ, ցավերո՞վ, թե՞ ատելությամբ: Իսկական սերը չի չափվում մասսաներով, այլ քո, միայն քո հոգուն հարազատ ու թանկ, ազնվորեն կողքիդ կանգնած ու քեզ՝ քո իսկ սխալից պաշտպանող մարդու ներկայությամբ և քո կոնկրետ վերաբերմունքով աշխարհին:

Նման մարդիկ քիչ են հանդիպում կյանքում, բայց եթե կան, ուրեմն պինդ բռնեք ու հենց նրանց հետ անցեք ձեր կյանքի ճանապարհը: «Հեշտերից» վախեցեք ու խուսափեք»,- գրել է նա: