Ճապոնիայի դրամաշնորհային ծրագրով Հայաստանի պետական կամերային նվագախումբը կստանա նոր գործիքներ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 11-ին կայանալիք համերգ-շնորհանդեսին կգործարկվեն Հայաստանի պետական կամերային նվագախմբին հատկացված երաժշտական նոր գործիքները՝ «Yamaha» ընկերության դաշնամուր, գոսեր, մեծ և փոքր թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, տուբուլար զանգեր, կլավինովա, ձայնային-ֆոնային համակարգ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ գործիքները նվագախմբին են տրամադրվել Ճապոնիայի կառավարության «Grassroots» դրամաշնորհային ծրագրով: Ծրագիրն իրականացվել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանի նախաձեռնությամբ՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայի հետ համագործակցության ու հետևողական աշխատանքի արդյունքում: Շնորհանդես-համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ) և դաշնակահար Ականե Սակային (Ճապոնիա), համերգային ծրագրում՝ Մոցարտ՝ Դաշնամուրային կոնցերտ թիվ 9 «Jeunehomme», Բիզե-Շչեդրին՝ «Կարմեն-սյուիտ» լարային նվագախմբի և հարվածայինների համար: