Վանաձորը՝ երիտասարդական մայրաքաղաք

Երիտասարդության միջազգային օրն այս տարի կնշվի Վանաձորում։ Եվ այս տարվա համար ընտրված է նոր կարգախոս՝ «Փոխակերպելով կրթությունը»։

Այսօրը՝ օգոստոսի 12-ը, ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես երիտասարդության միջազգային օր։ Եվ օրվա ընթացքում 2019 թ․ երիտասարդական մայրաքաղաք Վանաձորում կկայանան մի շարք միջոցառումներ։ Վանաձորցիներին և հատուկ այսօրվա համար քաղաք ժամանած հյուրերին սպասվում են անակնկալներ ու բավականին հետաքրքիր ու հագեցած օր։

Տոնը կմեկնարկի «Սպորտային քվեստ»-ով, որը կուղեկցվի մրցանակներով, համեղ հյուրասիրությամբ և իհարկե բարձր տրամադրությամբ: Օրվա ընթացքում ներկաներին սպասվելու է «Հնարավորությունների տոնավաճառ» և վարպետաց դասեր: Դրանց ընթացքում հնարավորություն կտրվի Լոռու մարզի երիտասարդներին ծանոթանալու առաջարկվող կրթական, կամավորական կամ աշխատանքային հնարավորություններին։

Միջոցառման ընթացքում հաճելին կուղեկցվի օգտակարի հետ։ Լսած կա՞ք «ԷկոՎազք»-ի մասին։ Վազքի ընթացքը կուղեկցվի թափոնների ու աղբի հավաքման մրցույթով և նվերներով։

Իսկ ահա կեսօրից հետո ներկաներին սպասվում է միջոցառման ամենահետաքրքիր մասը․ լինելու է քաղաքային տուր Վանաձորի տեսարժան և նշանակալից վայրերով։

Իսկ եթե ռոք երաժշտության սիրահար եք, ապա բացօթյա համերգը հաստատ ձեր սրտով կլինի, քանի որ ելույթ կունենա «Լավ էլի» ռոք խումբը։ Երեկոյի ընթացքում ներկաները ականատես կլինեն 2019թ.-ի երիտասարդական մայրաքաղաքի բանալու հանձնմանը և հատուկ Լոռու մարզի համար հայտարարված “Awesome” մրցույթի մրցանակաբաշխությանը։

 

Երիտասրդության միջազգային օրը Վանաձորում՝ վանաձորցիների միջավայրում, խոստանում է հետաքրքիր, աշխույժ ու տպավորություններով լեցուն լինել։

Հայաստանում օրը սկսել են նշել 2000-ականների կեսերից։
Միջոցառումների շարքում տեղի են ունենում ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի, փոխնախարարի, վարչությունների աշխատակիցների այցեր, հանդիպումներ, քննարկումներ երիտասարդական կազմակերպությունների ու խմբերի հետ։ Մայրաքաղաքում ու մարզերում անցկացվում են երիտասարդական փառատոներ, ֆորումներ, սեմինարներ, շնորհանդեսներ, էքսպո-ցուցահանդեսներ, աշխատանքի տոնավաճառներ, մշակութային-ժամանցային միջոցառումներ և այլն։