Ծոմապահությունը օգնում է պայքարել քաղցկեղի դեմ. գիտնականները փորձեր են անում

Առնվազն 8 ժամով սնունդ ընդունելուց հրաժարվելը կարող է ոչ միայն օգնել նիհարել, այլև արգելակել քաղցկեղային բջիջների աճը: Այս մասին գրում է Nature ամսագիրը։
Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները կրծողների վրա հետազոտություն են իրականացրել։ Կենդանիների մոտ հրահրել են կրծքի քաղցկեղի զարգացումը։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ութժամյա ծոմապահությունը բարձրացրել է մկների նյութափոխանակության արդյունավետությունն ու նպաստել ուռուցքի աճի դանդաղեցմանը: Նման հետազոտություններ իրականացրել են նաև մարդկանց մասնակցությամբ՝ Ռամադան ամսվա (Իսլամական օրացույցի 9-րդ ամիսը: Այն համարվում է մուսուլմանական աշխարհի պահքի ամիսը)ընթացքում հետևելով նրանց օրգանիզմի ցուցանիշներին։
Այդ ժամանակահատվածում պարբերական ծոմապահությունը նպաստել է նրանց օրգանիզմում մի շարք կարգավորող սպիտակուցների արտադրությանը, որոնք անհրաժեշտ են քաղցկեղի, շաքարախտի, մետաբոլիկ համախտանիշի և այլ հիվանդությունների կանխարգելման համար: Ավելի վաղ ԱՄՆ-ի Տեխասի A&M համալսարանի գիտնականներն առաջարկել էին դիաբետի դեմ պայքարել երկարատև դիետա պահելու միջոցով: