«Կյանքը ստիպեց աչքերը բացել և տեսնել իրականությունը». Նաիրա Վարդանյանը՝ հարսանեկան ֆոտոշարքի և 2020-ի մասին

Նաիրա Վարդանյանին շատերը հիշում են «Միսս Տիեզերք Արմենիա» գեղեցկության մրցույթից, որտեղ նա հայտնվեց լավագույն հնգյակում, ինչպես նաև գրավեց «Միսս ինտելեկտ» տիտղոսը: Վերջինս, սակայն, առավել ճանաչում ձեռք բերեց «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Փափուկ խաղալիք» սիթքոմում հանդես գալուց հետո։

Վերջերս շշուկներ են պտտվում այն մասին, որ դերասանուհին ամուսնացել է, սակայն Showbiz.am կայքի հետ զրույցում, նա հերքեց այդ լուրերը: Նշենք, որ հետևորդների մոտ նման կասկածներ էին առաջացել Նաիրայի հրապարակած հարսանեկան ֆոտոշարքից հետո:
«Ոչ, ես չեմ ամուսնացել: Այդ լուրերը սուտ են: Դրանք, պարզապես, լուսանկարներ էին հարսանեկան հոլովակից»,-ասում  է Նաիրան:

 

Մեզ հետ զրույցում մոդելը նաև պատմում է՝ ինչպիսին էր իր համար 2020-ը, ինչ ծրագրեր և ինչ երազանքեր ունի 2021- ի հետ կապված:

Խոսելով նոր նախագծերից ու ներկա զբաղվածությունից՝ Նաիրան ասում է. «Այժմ զբաղվում եմ մոդելինգով, անհատական գովազդի առաջարկներով ու նաև հաղորդավարուհի եմ «KamoBlog»-ում: Ասեմ, որ ունեմ հեռուստատեսությունից առաջարկներ, ինչպես նաև առաջարկներ մոդելային հարթակներից, որոնք դեռ քննարկման փուլում են»:

Դերասանուհին նաև կիսվում է, որ շատ նպատակենր ուներ, որոնք անկատար մնացին դժվար 2020 թվականի պատճառով։  

«Կարծում եմ բոլորիս համար էր բարդ. կարանտինը, հետո պատերազմը…
Այդ ընթացքում այնքան մեծ էր մեզ բաժին հասած ցավը, որ ֆինանսական դաշտը դարձել էր երկրորդական: Երազանքներ չեմ անվանի, կասեմ որ կային նպատակներ, որոնք կարանտինի հետևանքով այդպես էլ չիրագործվեցին:
Նպատակներս կապված էին և՛ ինձ հետ, և՛ անձնական բիզնեսի հետ, որոնք երկրի իրավիճակից ելնելով՝ անհնար էր իրագործել: Բայց ինչպես ասում են՝ կյանքը շարունակվում է, և ամենալավը դեռ առջևում է»,-ասում է նա:

Նաիրան նաև զգում է, որ այս տարին շատ բան է փոխել իր մեջ. «Փոխվել է գրեթե ամեն ինչ ու արմատական: Այդ հարցում օգնեց ոչ միայն կարանտինն ու պատերազմը, այլ նաև անձնական փորձը մարդկանց հետ: Կյանքը ստիպեց աչքերը բացել և տեսնել իրականությունն այնպես, ինչպես կա, այլ ոչ թե՝ ինչպես ցանկանում ես»:

Իր խոսքը մոդելը եզրափակում է՝ խոսելով 2021-ի հետ կապված իր երազանքների մասին. «Իսկ 2021 թվականի հետ կապված երազանքներս ոչ միայն գործնական ոլորտում են այլ նաև անձնական դաշտում, որի մասին ես կփորձեմ չբարձրաձայնել»:

 

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան