«Ամբողջ ընթացքում իմ աչքերին արցունքներ էին»․ Աթենա Մանուկյանը՝ պատերազմի, իր նոր երգի և ապագա ծրագրերի մասին

«Ես ունեի ընկերներ, որոնք պատերազմի դաշտում էին, և դա սարսափելի իրավիճակ էր։ Ես աղոթում եմ բոլոր զոհված զինվորների համար, նրանք մեր հերոսներն են և հավերժ կմնան հերոս»,- Showbiz.am կայքի հետ զրույցում ասում է հունահայ երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը, ով վերջերս երկրպագուների դատին հանձնեց «You Should Know» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:

 

 

Նշենք, որ 2020 թվականին երգչուհին հաղթել էր հայաստանյան «Դեպի Եվրատեսիլ» նախընտրական մրցույթում և պատրաստվում էր իր հեղինակած «Chains On You» երգով մասնակցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին, սակայն այն չեղարկվեց կորոնավիրուսի  պատճառով:

Մեզ հետ զրույցում Աթենան պատմում է իր համար բավակնին կարևոր դարձած 2020 թվականի, նոր տեսահոլովակի և դրա ընթացքում առաջացած դժվարությունների մասին։

Հիշելով, թե ինչպես իր մոտ ծնվեց երգի և տեսահոլովակի մտահղացումը՝ Աթենան ասում է․ «Իմ որոշումների մեծ մասը կայացնում եմ ստուդիայում։ Սկզբից սկսում եմ երգից ես գտնում եմ երաժշտություն, որն ինձ դուր է գալիս, և սկսում եմ այն զարգացնել։ Այնուհետև, ես ավելացնում եմ խոսքերը։ Երբ ես արդեն ընդհանուր պատկերացում ունեմ, թե ինչպես է երգը հնչելու, սկսում եմ պատկերացնել այն կերպարը, որը կարող է լինել տեսահոլովակում»։

Աթենան կիսվում է, որ նկարահանումներն ադյքան էլ հարթ չեն անցել, և ողջ ընթացքում նա եղել է թաց աչքերով․ ««You Should Know» երգի նկարահանումների ընթացքում հանգամանքները հեշտ չէին դասավորվում։ Նախ՝ մենք շատ սահմանափակումներ ունեինք ժամանակի և նկարահաման ընթացքում ներկա մարդկանց քանակի հետ կապված:

Երկրորդն ու ամենակարևորն այն էր, որ ես պետք է լինեի դերի մեջ և երգի յուրաքանչյուր բառը կատարեի այնպես, որպեսզի կարողանայի հաղորդել երգի խոսքերի մեջ եղած ամբողջ ցավն ու էմոցիան դրա հետևանքով նկարահանման գրեթե ամբողջ ընթացքում իմ աչքերին արցունքներ էին։ Եթե հարցնեք, թե ինչի մասին էի այս անգամ մտածում, կասեմ՝ այն տխուր իրավիճակի, որը վերջին ժամանակներս ապրում է Հայաստանը։ 

Այս երգն ինձ շատ է կապում Հայաստանի հետ։ Նրանում խոսվում է այն մասին, թե ինչպես կարելի է փրկել հոգին, երբ այն բաժանված է մանր մասերի։ Ինչպես գոյատևել թունավոր իրավիճակում, վեր կենալ ու շարժվել առաջ»։

Շատերի համար 2020-ը կյանքի վատագույն փուլերից մեկն էր, սակայն Աթենան նշում է, որ հենց այս դժվար տարվա ընթացքում են իրականացել նրա երազանքերի մեծ մասը։

«Ես շատ բանի եմ հասել 2020 թվականին և շատ եմ դրանով հպարտանում։ Ես ինձ, իսկապես, երջանիկ եմ զգում։ Եվ ամենակարևորը՝ ես ամեն տարվա վերջում վերհիշում եմ իմ ձեռքբերումները, և կոնկրետ հենց այս տարվա համար ես շատ շնորհակալ եմ, որովհետև ես իրականացրել եմ իմ ամենամեծ երազանքները։
Չնայած կորոնավիրուսին՝ 2020-ը շատ ստեղծագործական և անակնկալներով լի տարի էր։ Մի շարք հրաշալի բաներ են կատարվել, և ես էլ հանդիպել եմ հիասքանչ մարդկանց»։ 

Աթենան մեզ հետ զրույցում կիսվում է  նաև 2021-ի համար իր պահած երազանքերով․ «Ես ցանկանում եմ լինել լիարժեք արտիստ՝ գլոբալ և ստաբիլ կարիերայով ունենալ երկրպագուներ, մեծ դիսկոգրաֆիա և շրջագայություններ աշխարհով մեկ։ Ես ցանկանում եմ, որպեսզի ինձ հիշեն որպես արտիստ և որպես մարդ։

Ես ցանակնում եմ, վերջապես, թողարկել իմ ալբոմն ու ընդհանրապես, թողարկել որքան հնարավոր է շատ երգեր։ Եվ որ ամենակարևորն է՝ հանդես գալ բեմում։ Ես շատ եմ կարոտում այդ ամենը»։

 

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան