Անահիտ Կիրակոսյանը զոքանչի դերի և դստեր նշանադրության մասին

«Ես ինձ չեմ պատկերացնում հայկական ավանդական զոքանչի դերում, ես նույնիսկ հայկական ավանդական մայրիկ չեմ»,- Showbiz.am կայքի հետ զրույցում ասում է Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, ով նաև պատմում է փեսայի հետ ունեցած հարաբերությունների, տատիկ դառնալու և դստեր՝ վաղ տարիքում նշանադրվելու մասին։

Անահիտ Կիրակոսյանի դուստրը փետրվարի 3-ին նշել է 19-ամյակն ու նշանադրվել է։ Այն հարցին, թե արդյո՞ք վաղ չէ 19 տարեկանում ընտանիք կազմելը, Անահիտը պատասխանում է․«Խոսել ենք այդ մասին ամուսնուս հետ, գտնում  եմ, որ տարիքը չի որոշում հասունությունը և տարիքը չի որոշում պատրաստ լինելը։ Մարդ կա 30 տարեկանում դեռ չի կողմնորոշվում, չի պատկերացնում իրեն ընտանիքում, իսկ մարդ կա ՝ 16 տարեկան է, բայց գտել է իր կեսին ու հասկանում է, որ դա հենց այն մարդն է, ում հետ ինքը ցանկանում է լինել։ Ուղղակի պետք է հասկանալ՝ աղջիկն այդքան հասունացե՞լ է, գիտակցում է, թե՞ ոչ։
Ես գտնում եմ, որ Լաուրան գիտակցում է, թե ինչ է անում, ու քանի որ իր և ընտրյալի միջև 7 տարի տարբերություն կա, դա էլ կօգնի հարաբերություններում իրար հասկանալու համար։ Ես տեսնում եմ, որ ինքը սիրում է և սիրված է։ Դրանից ավելի կարևոր բան չկա, մնացածը պատասխանատվություն է, որ պետք է կրի, հասկանա, որ բարդություններ շատ են լինելու։ Ինքը շատ ուրախ է, երջանիկ, և ես էլ շատ ուրախ եմ, որ ինքը երջանիկ է»։

Անահիտը նաև խոստովանում է, որ երջանիկ ընտանիքի բանաձևի գաղտնիքներով չի կիսվել դստեր հետ, քանի որ գտնում էէ՝ երջանկության բանաձև իրականում չկա։

«Երջանկության բանաձև իրականում չկա, ոչ մի բանաձև չի կարող բերել իդեալական ընտանիք ասվածին, ցանկացած ընտանիքում լինում են խնդիրներ, լինում են մեծ ու փոքր հարվածներ ուղղակի պետք է կարողանալ սթափ նայել ամեն ինչին և հասկանալ, որ ընտանիքը խաղ ու պար չէ, այլ կյանքի ամենակարևոր քայլն է, երբ ընտրում ես մեկին, ում հետ  ճանապարհ ես քայլելու և այդ ճանապարհի ընթացքում լինելու են դժվարություններ, և ինչպես Սևակն էր ասում՝ երբեք պետք չէ ընտրել ասֆալտ ճանապարհը, այլ պետք է քայլել քարքարոտ ճանապարհով և միասին այդ քարերը հանել ու հաղթահարել։  Ընտանիքը այնպիսի կառույց է, որտեղ մեկը մյուսին պետք է սկսի հարմարվել։
Չեմ կարող ասել, որ մեր ընտանիքն իդեալական է, և խնդիրներ չենք ունեցել, միշտ ամեն քայլափոխի ունենում ենք։ Ուղղակի ցանկանում ենք գտնել զիջման ու հասկանալու ճիշտ բանաձևը, որպեսզի ընտանիքը ճիշտ ձևավորվի»,-ասում է նա։

Անահիտի և դստեր մեջ տարիքային տարբերությունն ընդամենը 13 տարի է։ Այն հարցին, թե արդյոք Անահիտը պատրաստ է տատիկ դառնալուն, դերասանուհին ժպիտով պատասխանում է․ «Քննարկել ենք այդ թեման, առայժմ ընկերական շրջապատում և միայն հումոորով։ Ասում են․ «Պատկերցնում ես 1-2 տարի հետո տատիկ ես դառնալու»։
Ինձ թվում է, որ շատ հետաքրքիր կլինի։ Տարվա երիտասարդ տատիկը կհամարվեմ։
Ընդհանրապես տատիկ ասվածը չեմ կապում ծերության կամ մեծության հետ, տատիկը քաղցր բան է, եթե ինձ բախտ վիճակվի դառնալ տատիկ, ես միայն ուրախ կլինեմ։ Իսկ տարիները մարդուն միայն իմաստնություն են տալիս։
Թող հանգիստ տատիկ ասեն, ես չեմ նեղվի»։

Անահիտը նաև կիսվում է, որ փեսայի հետ ընկերական, լավ հարաբերություններ ունի և իրեն ամենևին էլ չի համարում հայկական ավանդական զոքանչ։

«Ես ինձ չեմ պատկերացնում հայկական ավանդական զոքանչի դերում, ես նույնիսկ հայկական ավանդական մայրիկ չեմ։ Ես աղջկաս ընտրյալին էլ նշանդրեքի օրն ասացի՝ իմացիր, որ դու ունես ավագ ընկեր, ցանկացած հարցում ես քո կողքին եմ։ Որևէ պաշտոնական վերաբերմունք ինձ մոտ չկա, ես ընդհանրապես կանոններից դուրս ապրող մարդ եմ, և ինձ համար կարևոր է, որ դիմացինս իրեն հարմարավետ զգա, լավ զգա։ Շատ հավանել եմ Դավիթի ընտանիքը, փայլուն մայրիկ ունի, շատ ուրախ եմ, որ մենք ընտանիքներով վստահաբար կմտերմանանք, ու ամեն ինչ լավ կլինի»,– պատմում է նա։

 

Անահիտն իր դստերը մաղթում է ամենալավն ու բարին․ չէ՞ որ եթե երջանիկ լինի Լաուրան, ապա երջանիկ կլինի նաև ինքը․ «Ես ցանկանում եմ, որ նա երջանիկ լինի, և ցանկացած որոշում կայացնի արդեն որպես ընտանիքի կին, միշտ պատասխանատու լինի իր որոշումներում, շատ սիրի, լինի սիրված, գնահատել իմանա, գնահատվի և հարաբերություններում միշտ կարողանա զիջել, որովհետև երբեմն չի զիջում նա, ով սխալ է, այլ զիջում է  նա, ով շատ է սիրում»։ 

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան