Սննդամթերքի տեսակներ, որոնք կօգնեն առողջ, երիտասարդ ու փայլուն մաշկ ունենալ

Մաշկը մարդու ամենամեծ օրգանն է, որը շատ կարևոր պաշտպանիչ դեր է խաղում և առաջինն է ենթարկվում արտաքին միջավայրի ու մարդու վատ կենսակերպի անբարենպաստ ազդեցությանը։ Այս օրգանի առողջության պահպանման համար մարդիկ սովորաբար օգտագործում են տարատեսակ խնամքի միջոցներ, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ միայն արտաքին խնամքն ու սնուցումը բավական չէ առողջ մաշկ ունենալու համար, քանի որ ոչ պակաս կարևոր է նաև սննդակարգը, որը թույլ է տալիս հագեցնել մաշկն ու առհասարակ ամբողջ օրգանիզմն անհրաժեշտ սննդարար նյութերով։

Գերմանացի մաշկաբան Յաել Ադլերի խոսքով՝ առողջ մաշկ ունենալու համար թանկարժեք քսուքների գործածության կարիք չկա, քանի որ այս օրգանի առողջությունն ու արտաքին տեսքն առաջին հերթին կախված են սննդակարգից։ Մաշկային խնդիրներից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս հագեցնել սննդակարգը բնական ու օգտակար մթերքով, որը հարուստ կլինի մանրաթելերով ու միկրոտարրերով և կամրապնդի աղիների միկրոֆլորան։

Մասնագետը ներկայացրել է սննդամթերքի այն տեսակները, որոնք հարկավոր է անպայման մշտական սննդակարգի մասը դարձնել առողջ, գեղեցիկ ու երիտասարդ մաշկ ունենալու համար։

Գազար

Այս  բանջարեղենը հարուստ է պրովիտամին А-ով, որը հայտնի է նաև որպես բետա-կարոտին, իսկ այս տարրը հակաբորբոքային ազդեցություն է ունենում և բարձրացնում է մաշկի բնական պաշտպանությունը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։

Տոմատի մածուկ, ձմերուկ ու մասուր

Սննդամթերքի այս տեսակները պարունակում են լիկոպին՝ շատ կարևոր հակաօքսիդանտ, որը չեզոքացում է մաշկում պարունակվող վնասակար ազատ ռադիկալները, որոնց կուտակմանը կարող են նպաստել, օրինակ, արևի ճառագայթների ազդեցությունը, ծխախոտի գործածությունը և այլ գործոնները։

Յուղոտ ծովային ձկներ

Յուղոտ ձկնատեսակները, այդ թվում՝ սաղմոնը, սկումբրիան ու տառեխը, պարունակում են բարձրորակ սպիտակուց, որը շատ կարևոր է մաշկի պրկության համար, ինչպես նաև օմեգա-3 ճարպաթթուներ, վիտամին D և սելեն, որոնք էլ մեղմում են տարատեսակ բորբոքային գործընթացները։

Ընկույզներ, ավոկադո և սառը մզման բուսայուղեր

Ընկուզեղենը, ավոկադոն ու սառը մզման բուսայուղերը, այդ թվում՝ կտավատի յուղը, հունական ընկույզի յուղը, սևուկի յուղն ու ձիթայուղը, պարունակում են շատ կարևոր մոնոչհագեցած ու պոլիչհագեցած ճարպաթթուներ, որոնք նպաստում են մաշկի վերականգնմանն ու զարգացմանը։ Նման մթերքի գործածությունն ապահովում է օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուների բարենպաստ հարաբերակցությունը և այդ կերպ հակազդում է բորբոքումներին։

Գետնախնձոր, արտիճուկ, ծնեբեկ, եղերդակ, ռուկոլա և այլն

Նման մթերքը հարուստ է մանրաթելերով ու դառը նյութերով, որոնք նպաստում են օգտակար աղիքային բակտերիաների աճին, բարելավում են սննդարար նյութերի յուրացման գործընթացն ու պաշտպանում են վնասակար տոքսիններից։

Գերմանացի մաշկաբանի այս խորհուրդներին հետևելը կօգնի նաև խուսափել արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացումներից, ինչն էլ շատ կարևոր է ոչ միայն ընդհանուր ինքնազգացողության, այլև ամբողջ օրգանիզմի, այդ թվում նաև մաշկի առողջության պահպանման համար։

«Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը խթանում է ճարպագեղձերի աշխատանքը, դարձնում է մաշկը յուղոտ, նպաստում է բշտիկների ու բորբոքումների առաջացմանն ու արագացնում է մաշկի ծերացման գործընթացը», – բացատրում է Յաել Ադլերը։

Միևնույն ժամանակ նա նաև խորհուրդ է տալիս խուսափել պարզ ածխաջրերից, այդ թվում՝ սպիտակ ալյուրից ու շաքարից, և նախապատվությունը տալ բարդ ածխաջրերով հարուստ մթերքին, օրինակ՝ ամբողջահատիկ մթերքին ու սառը կարտոֆիլին։