Երեք գործոն, որոնց հետևանքով չի հաջողվում ազատվել ավելորդ քաշից

Ավելորդ քաշը բավական տարածված խնդիր է, որի դեմ մարդիկ սովորաբար պայքարում են տարատեսակ սննդակարգերի ու ֆիզիկական ակտիվության միջոցով, սակայն լինում են դեպքեր, երբ գործադրած ջանքերը բավական չեն լինում ճարպի մակարդակն օրգանիզմում նվազեցնելու համար, ուստի քաշը շարունակում է մնալ կայուն, իսկ որոշ դեպքերում անգամ ավելանում է։

Երբեմն քաշի ավելացման պատճառը լինում են տարատեսակ հիվանդություններն ու հորմոնալ խանգարումները, ուստի խնդրից ազատվելու համար հարկավոր է լինում դիմել բժշկին, սակայն եթե քաշը չի նվազում անգամ առողջական խնդիրների ու խանգարումների բացակայության դեպքում, ապա պարզապես հարկավոր է վերանայել առօրյա սովորությունները, քանի որ դրանցից որոշները կարող են խոչընդոտել քաշի նվազման գործընթացին։

Մասնագետները ներկայացրել են ավելորդ կիլոգրամների դեմ պայքարին խոչընդոտող երեք գործոն, որոնց մարդիկ հազվադեպ են ուշադրություն դարձնում։

Կարճաժամկետ նպատակներ

Քաշի նվազման գործընթացը որպես կարճաժամկետ նպատակ դիտարկելու դեպքում հաջողության հասնելը կարող է բավական դժվար լինել։ Նման դեպքերում որոշակի հաջողության հնարավոր կլինի հասնել, սակայն որոշ ժամանակ անց կորցրած կիլոգրամները կարող են վերադառնալ և անգամ կրկնապատկվել։ Սա է պատճառը, որ ավելորդ քաշից ազատվելու և հետագայում քաշի ավելացումից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին փոխել կենսակերպը, քանի որ կարճատև դիետաներով նիհարելը արդեն իսկ ձախողում է։

Ամեն ինչ կամ ոչինչ

Այս գործոնը սերտ կապված է նախորդի հետ։ Կան մարդիկ, որոնք սննդակարգերը դիտարկում են միայն կարճաժամկետ տեսանկյունից, ուստի հաճախ ծայրահեղական մեթոդներ են կիրառում՝ հրաժարվելով սննդամթերքի գրեթե բոլոր տեսակներից, որոնք կարող են անգամ չնչին ազդեցություն ունենալ վերջնական արդյունքի վրա։ Ի վերջո նման սննդակարգերի դեպքում մարդիկ սնվում են միայն հավի կրծքամսով, բանջարեղենով ու հատապտուղներով, ինչի հետևանքով օրգանիզմում մի շարք կարևոր հանքանյութերի ու վիտամինների դեֆիցիտ է առաջանում։

Աջակցության բացակայություն

Ընկերների ու ընտանիքի կողմից աջակցություն ստանալը ևս շատ կարևոր է հաջողության հասնելու համար, սակայն շատ հաճախ մարդիկ բավարար աջակցություն չեն ստանում, ինչն էլ թույլ չի տալիս հասնել ցանկալի արդյունքին։ Հարկավոր է գտնել մարդկանց, որոնք կաջակցեն ու կօգնեն հաջողությամբ պսակել բոլոր նախաձեռնությունները։ Երբեմն մարդիկ նաև կատակում են նման որոշումների մասին լսելիս, ուստի մտադրություններից հետ չկանգնելու համար հարկավոր է սովորել հասկացնել մարդկանց, որ նման կատակները երբեմն վիրավորական են լինում։