Սննդակարգում խաղողի կանոնավոր օգտագործումը կարող է պաշտպանել մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Մաշկաբանների ամերիկյան ակադեմիայի ամսագիրը հրապարակել է Ալաբամայի համալսարանի գիտնականների վերջին ուսումնասիրությունների արդյուքները։
Մասնագետներն ընտրել են կամավորների, ովքեր 14 օրվա ընթացքում կերել են հատուկ մշակված խաղողի փոշի։ Արդյունքում մասնակիցների մաշկի բնական պաշտպանությունն ավելացել է 74,8 տոկոսով։
«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ խաղողի օգտագործումը դրական ազդեցություն է ունենում առողջ չափահաս մարդու օրգանիզմի վրա։ Այդ առավելությունները ներառում են նաև բորբոքային գործընթացի նվազեցումն ու ԴՆԹ-ի վնասվածքների վերականգնումը», – նշել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Ալեն Օուկը ։
Մասնագետները նաև խորհուրդ են տվել ուժեղ այրվածքների դեպքում օգտագործել խաղողի կորիզի մզվածքը, որն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ: