Ջուսի նոր դաջվածքն ու սեքսուալ ֆոտոշարքը

Երգչուհի Ջուսը նոր դաջվածք ունի, որը ներկայացնելու համար նա իրականացրել է սեքսուալ ֆոտոշարք։ Լուսանկարները երգչուհին առաջինը տրամադրել է Showbiz.am կայքին։ Մեզ հետ զրույցում նա պատմել է, թե ինչու որոշեց նոր դաջվածք ունենալ, ինչ են խորհրդանշում իր դաջվածքներն, ու ինչ ծրագրեր ունի նա ապագայի հետ կապված։

Նշենք, որ սա Ջուսի առաջին դաջվածքը չէ։ Նա պատմում է, որ առաջին դաջվածքը որոշել է անել մեջքի վրա պիգմենտային հետքերը ծածկելու նպատակով։

«Սա արդեն իմ երկրորդ դաջվածքն է։ Առաջինն արեցի երկու տարի առաջ։ Դրանք օրխիդեա ծաղիկներ էին, թիթեռներ և կոլիբրի թռչուն։ Էկզոտիկ դաջվածք էր և շատ գեղեցիկ։
Այնտեղ երկու գույն էր օգտագործված՝ սև և սպիտակ։ Ասեմ, որ սպիտակ գույնը շատ ցավոտ է դաջվածքի ժամանակ, որովհետև շատ խիտ է։
Ես այդ դաջվածքը 2 տարի առաջ որոշեցի անել, որովհետև երբ Իսրայելում էի՝ Ալեգրովայի հետ համերգային շրջագայության, արևի հետևանքով մուգ հետքեր էին առաջացել մեջքիս վրա։
Լևոն Ավետիսյանը շատ պրոֆեսիոնալ դաջվածքի մասնագետ էր, նաև նկարիչ։ Իսկ երկրորդ դաջվածքը ես ցանկացա անել ոտքերի վերևի մասում, քանի որ այն շատ գեղեցիկ է նայվում։ Ֆոտոշարքն իրականացրել է Գեղամ Մկրտչյանը, վարսահարդարումը՝ Սերժ Հարությունյանը»,-պատմում է նա։

 

Ջուսը նաև կիսվում է, որ յուրաքանչյուր դաջվածք ունի իր նշանակությունն ու մի բան է խորհրդանշում։

«Ինձ մոտ չկա ոչ մի դաջվածք, որը չունի նշանակություն։ Ամեն մի ծաղիկը, թռչունը, թագն ունեն իրենց նշանակությունը։
Օրխիդեան գեղեցկության թագուհին է, նաև հարստության, երիտասարդության և կանացիության խորհրդանիշը։ Նալը նշանակում է հաջողություն, նույնը՝ զատիկը»,-կիսվում է երգչուհին։

Ջուսը հիշում է, որ ողջ ընթացքը բավականին ցավոտ է եղել, բայց ինքը կարողացել է իրեն ինչ-որ կերպ շեղել․ «Հետաքրքիր է, որ տարբեր մարդիկ ունեն իրենց ցավի աստիճանը։
Օրինակ, ինձ մոտ ցավում էր մեջքի վերևի հատվածը և ոտքերի վերևի հատվածը՝ որովայնի մոտ։ Ես ցավը չզգալու համար կամ երգում էի, կամ հեռախոսով էի խոսում»։

Երգչուհին չի բացառում, որ շուտով կրկին մի քանի դաջվածք կունենա։

«Հիմա աշխարհում շատ ակտուալ են դաջվածքները, և դա թանկ հաճույք է, թե՛ Եվրոպայում, թե՛ Ամերիկայում։ Իմ դաջվածքները Ամերիկայի գներով մի քանի հազար դոլլար կարժենային։ Դրա համար ես գնահատում եմ Լևոնի գործը։Կարող եմ ասել, որ գուցե որովայնի հատվածում դաջվածքներս ավելանան։ Բայց ոչ հիմա։ Ես պետք է զգամ՝ արժե՞ դա անել, թե թողնել այնպես, ինչպես կա»։

Լուսանկարներից երևում է, որ անգամ կարանտինի ընթացքում, երբ շատերն աշխատում էին ազատ ժամանակն անցկացնել համեղ բաներ ուտելով, Ջուսը կարողացել է  պահպանել իր կազմվածքը։

«Ես ինձ լավ եմ հետևում, եթե հասցնում եմ տանը զբաղվում եմ ֆիթնեսով։
Շատ չեմ ուտում, նախընտրում եմ առողջ սնունդ։ Եվ իհարկե, կարևորում եմ մարմնի և դեմքի ճիշտ խնամքը։ Իսկ ամենակարևորը՝ դրական լիցքերն ու դրական տրամադրությունն է»,- իր գեղեցկության գաղտնիքներով կիսվում է Ջուսը։

Երկրպագուների համար Ջուսը շատ անակնկալներ ունի․ 2021-ին երգչուհին նրանց դատին կհանձնի իր նոր տեսահոլովակը․ «Ցավոք, 2020 -ն ահավոր տարի էր, և ես չցանկացա ոչինչ անել այդ տարում։ Իսկ այս տարի կլինեն նոր տեսահոլովակներ, նոր զուգերգ, արդեն Սերգոյի հետ երգը պատրաստ է։
Երգը լինելու է փոփ-ռոք ոճի մեջ։ Խոսքերի և երաժշտության հեղինակը Աղասի Գևորգյանն է, ում հետ առաջին անգամը չէ, որ աշխատում ենք։ Գործիքավորումը շատ բարձր մակարդակի վրա է արված, Մոսկվայում Գուժ Դուրգարյանն է արել, իսկ կիթառահարը «Кипелов» խմբի անդամ, Ռուսաստանի լավագուն երաժիշտներից Վյաչեսլավ Մոլչանովն է։ Հիանալի երգ ստացվեց, հիմա արդեն մտածում ենք տեսահոովակի մասին, որը կնկարահանենք գարնանը։ Լինելու է լրիվ նոր ոճով․ տեսահոլովակը լինելու է ավելի դասական, գլամուրային ոճով, իմ տեսքն էլ է լինելու նոր ոճի մեջ՝ նոր Ջուսն է լինելու։
Եվ եթե ամեն ինչ լավ ընթանա, նոր հյուրախաղեր կլինեն»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան