Գրիգոր Դանիելյանն ու «Դեպի Ճամբար» նոր նախագծի բոլոր դերասանները պատմում են իրենց տպավորությունների և ակնկալիքների մասին

Շատ շուտով Արմենիա TV-ի եթերում հեռուստադիտողին սպասում է նոր՝ նմանը չունեցող, չափազանց կրետաիվ, անդադար սպասման մեջ և էկրանի առաջ պահող նախագիծ: Նոր հումորային սերիալի առավելություններից մեկն էլ այն է, որ այն տարիքային սահմանափակում, կարելի է ասել, չունի: Սերիալը կարող են նայել և՛ մեծերը, և՛ փոքրերը՝ վստահ լինելով, որ այն դաստիարակչական տարրեր է պարունակում երեխաների համար. նախատեսված է ընտանեկան դիտման համար: «Դեպի ճամբար». այսպես է կոչվում Գրիգոր Դանիելյանի և հայկական շոու-բիզնեսի մի խումբ ամենավառ ու դրական կերպարների նոր հումորային սերիալը, որի նկարահանումները կսկսվեն օրեր անց: ShowBiz.am-ին նախագծի մանրամասների ու դերասանական կազմի մասին է պատմել «Դեպի ճամբար» նոր՝ հումարային նախագծի պրոդյուսեր, սցենարի հեղինակ Գրիգոր Դանիելյանը:

Պարզվում է, որ Ֆուլ հաուսից հետո դադարն ու հանգիստը  երևութական և զուտ հանդիսատեսի համար է եղել: Գրիգորն ու իր թիմը օր անգամ կանգ չեն առել, անդադար շարունակել են աշխատել՝ զուգահեռաբար աշխատանքներ տանելով 2 նոր՝ «Դեպի ճամբար» և «Full Yere 1» նախագծերի ուղղությամբ: Խմբի անդամներն այնքան զբաղված են եղել աշխատանքներով, որ այս տարի անգամ չեն հասցրել վայելել իրենց ամառային հանգիստը:

Պրոդյուսերը նշում է, որ «Դեպի ճամբար» նախագծի միտքն ինքն ու կինը դեռ վաղուց են ունեցել. «Քանի որ ես և կինս ունենք դրպոց, «Տրիո ստուդիո»-ն, և ունենք բավականին շատ տաղանդավոր երեխաներ, վաղուց մտածում էինք իրականացնել մի նախագիծ, որտեղ հանդես կգան մեր սաները: Մինչ Ֆուլ Հաուսի վերջին եթերաշրջանի ավարտը արդեն որոշվել էր, որ անմիջապես պետք է անցնենք այս նախագծի աշխատանքներին: Այսօր արդեն ամեն ինչ պատրաստ է, և մի քանի օրից մենք մեկնում ենք Հանքավան նկարահանումների:

Գաղափարի իրակաացման հարցում  Գրիգորին օգնել և աջակցել է նրա լավ ընկեր Գարիկ Սեփխանյանը, ում հետ միասին արդեն 4 ամիս է, ինչ աշխատում են այս ուղղությամբ, միասին գրում  սցենարը, նաև՝ կազմակերպում նախապատրաստական շատ հարցեր: Ի դեպ, Գարիկն այս նախագծում հանդես է գալիս որպես և՛ սո-պրոդյուսեր, և՛ սցենարիստ, և՛ դերասան:

Նախագիծը  բաղկացած է 12 մասից և ֆորմատով հումորային սերիալ է: Ֆիլմի գլխավոր դերակատարին ընտանեկան խնդիրների պատճառով ուղարկում են ճամբար, վայր, որտեղ նա բացահայտում է ինքն իրեն: Ճամբարում լինելու են շատ գունեղ կերպարներ, որի շնորհիվ շատ հետաքրքիր զարգացումներ են սպասում: Լինելու է, իհարկե, մանկական սեր, ջոկատավարների միջև սիրային հարաբերություններ, ինտրիգներ, մրցույթներ. սցենարը բավականին հագեցած է հումորով, դրամատիկ լուծումներով:

Ուսումնասիրելով դերասանական կազմին՝ անմիջապես կարելի է պատկերացնել, թե որքան վառ ու դրական կերպարներ են ներգրավված նախագծում. «Դերասանական կազմի ընտրությունը բավականին բարդ էր. մեզ համար շատ կարևոր է, որ դերասանները ոչ միայն լինեն հայտնի, այլ նաև սիրված, ինչպես նաև նրանց մեջ կան մեր վաղեմի ընկերները: Նախագծում հանդես են գալու մեր լավ ընկերներ Ռաֆայել Երանոսյանն ու Անդրանիկ Հարությունյանը, Լիաննա Հակոբյանը, Սաթենիկ Հազարյանը, Բորիս Բաղդասարովը, Գոշ Ակոբսը, Եվա Զոհրաբյանը, Մարիամ Ալեքսանյանը, Մաշան, ինչպես նաև էպիզոդիկ, բայց շատ գունեղ կերպարներով հանդես կգան Արթուր Մկրտչյանը, Հայկ Գրիգորյանը, Ալիսա Մելիքսեթյանը և Սոս Կարապետյանը՝ մեզ քաջ հայտնի Գոռ Վարդանյանի ֆիլմերից: Իսկ երեխաների քասթինգն արվել է բացառապես Trio Studio-ի մեր սաների շրջանակներում:

Հումորային սերիալի գլխավոր դերակաատարի կերպարը բաժին է հասել Գրիգորի որդուն՝ Ալբերտոյին. «Պետք է անկեղծ լինեմ ու ասեմ, որ նա նույնպես քասթինգ է անցել, և ուղղակի չենք ընտրել նրան. ես հուսով եմ՝ կարդարացնի իմ սպասումները»,-նշում է Գրիգորը:

Նոր նախագծեր սկսելիս Գրիգորի հավատարիմ ընկերները ամեն հարցում միշտ նա կողքին են և աջակից. Անմասն չի մնացել նաև Գոռ Հակոբյանը. «Նախագծի երաժշտական ձևավորումն ամբողջությամբ անում է մեր շատ սիրելի ընկեր Գոռ Հակոբյանը՝ իր «Գոռ Հակոբյան մյուզիք» պրոդաքշնով: Նախագծի գլխավոր  երգն արդեն պատրաստ է. երգը կատարելու է իմ սիրելի կինը՝ Հռիփսիմե Ելինյանը: Մի խոսքով երաժշտական մասով նույնպես ունենք շատ գեղեցիկ երգ և երաժշտական ուղեկցություն»:

Նշենք նաև, որ նախագծի իրականացման համար աշխատում են Ֆուլ հաուսի նկարահանող անձնակազմը, ինչպես նաև լինելու են մասնագետներ, որոնք հրավիրված են հատուկ այս նախագծի համար. «Նշեմ, որ բավականին մեծ և պրոֆեսիոնալ խումբ է աշխատում. այնպես որ դա նույնպես նախագծի հաջողության գրավականներից մեկը կարող է հանդիսանալ»,-եզրափակեց Գրիգորը:

 

ShowBiz.am-ը նաև կարճ զրույցներ է ունեցել նախագծում ներգրավված դերասանների հետ և հետաքրքրվել նրանց տրամադրվածությամբ և կարծիքով:

 

Գարիկ Սեփխանյան

Ես ու ինձ շատ հարազատ ընկեր Գրիգորը արդեն երկար տարիներ է , ինչ այս ոլորտում ենք, և թեև որպես պրոդյուսեր առաջին անգամ ենք հանդես գալիս, սակայն երկար տարիների փորձն ու սերը մեր աշխատանքի հանդեպ, օգնում է մեզ, որ ճիշտ նշանակետին խփենք լավ ու որակյալ արտադրանք ստանալու համար: Գրիգորն ինձ առաջարկեց միասին իրականացնել այս նախագիծը, ես մեծ սիրով համաձայնվեցի: Եվ վստահ կարող եմ, ասել, որ անում ենք ամեն բան, որ ստացվի և հաջողվի այն: Սցենարը շատ բարի է ու լավը, իսկ դերասանական կազմը՝ պրոֆեսիոնալ ու հմուտ. այնպես որ պետք է մեր բոլորի սպասելիքները արդարանան:

Սաթենիկ Հազարյան

Անչափ սիրում ու հարգում եմ Գրիգորին: Թեև լավ ընկերներ ենք եղել, սակայն  դեռ միասին համագործակցություն չենք ունեցել, և ահա, ի ուրախություն ինձ,  Դեպի ճամբարը կլինի մեր առաջին համատեղ ստեղծագործական աշխատանքը Գրիգորի հետ:  Ինձ անչափ հաճելի է գիտակցել, որ աշխատելու եմ նման պրոֆեսիոնալ մարդու և նրա թիմի հետ, քանզի զյուրաքանչյուր դերասանի համար առաջնային նշանակություն ունի պրոդյուսերն ու նրա պրոֆեսիոնալ թիմը: Ակնկալիքներս մեծ են, սպասումներս՝ նույնպես: Ես վստահ եմ, որ չափազանց բարի, դրական ու գունեղ նախագիծ է լինելու: Սպասեք Դեպի ճամբարին և կհամոզվեք:

Ռաֆայել Երանոսյան

Առաջարկը ստացել եմ Գրիգորից, ու քանի որ նա իմ շատ լավ ընկերն է, և ես նրան ոչ մի հարցում չեմ կարողանում մերժել, նաև՝ շատ պրոֆեսիոնալ է իր գործում, հետաքրքրեց: Անմիջապես համաձայնվեցի, քանի որ, ուսումնասիրելով սցենարը,  հասկացա, որ ուսուցողական տարրեր է պարունակում իր մեջ: Հավաքված են լավ ու պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր էլ պրոֆեսիոնալ դերասաններ չեն, նկարահանման հետ հաստատ կապ ունեն  և տաղանդավոր են:

Մարիամ Ալեքսանյան

Սա իմ առաջին համագործակցությունն է Արմենիա TV-ի հետ: Անչափ ուրախ եմ, որ աշխատելու եմ այս թիմի հետ և ամենակարևորը, որ վստահ եմ պրոֆեսիոնալիզմի վրա, քանի որ Գրիգորի ու իր թիմի շատ նախագծերն են հաջողվել և դարձել հեռուստադիտողի ամենասիրելին: Մեզ մաղթում եմ բարի երթ և լավ եթերներ:

Անդրանիկ Հարությունյան

2-3 օրվա նկարահանման գործընթաց է իմ հատվածը:Սերիալում կերտելու եմ վարորդի կերպար: Առաջին համագործակցությունը չէ,  շատ երկար եմ աշխատել Գրիգորի հետ. բացի դա, նաև լավ ընկերներ ենք: Ոչ մի խնդիր կամ բարդություն, վստահ եմ, չի լինի ընթացքում, քանզի Գրիգորը շատ հանգիստ ու բարի է: Սպասումս նախագծից այն է, որ բոլոր բալիկները ուրախ են լինելու: Մանկական է ու հումորային նախագիծը, իսկ նմանատիպ նախագծեր շատ քիչ կան կամ ընդհանրապես չկան:

Աննա Մանուչարյան

Շատ ուրախ եմ, որ նոր նախագծում եմ ներգրավված: Առաջարկը ստացել եմ Գրիգորից և Գարիկից, և մեծ սիրով համաձայնվել: Ես միշտ կողմ եմ նոր և հատկապես պրոֆեսիոնալ համագործակցություններին: Սիրով աշխատելու եմ նրանց հետ. վստահ եմ, որ որակյալ աշխատանք է լինելու: Անչափ հետաքրքիր է, որովհետև ամբողջ անձնակազմով ապրելու ենք Հանքավանում: Վստահ եմ, որ նկարահանումների հետ զուգահեռ ունենալու ենք  լեցուն ժամանց, լավ հիշողություններ ու ծիծաղաշարժ դեպքեր:

Բորիս Բաղդասարով

Առաջարկը ստացա Գրիգորից ու Գարիկից. այն շատ հետաքրքրեց, հանդիպեցինք ու քննարկեցինք:  Ինձ և իմ պրոդյուսերի համար անչափ կարևոր էր, որ նոր կերպարը ընդհանրապես նմանություն չունենար Ազիզյանների Ազատի կերպարին: Ծանոթանալով սցենարին և հասկանալով, որ լավ նախագիծ է, ոգևորությամբ ընդունել ենք առաջարկը:  Վստահ ենք, որ հաջողված ու որակով նախագիծ է լինելու:

Եվա Զոհրաբյան

Առաջին անգամ եմ աշխատում Գրիգորի ու իր թիմի հետ. շատ ուրախ եմ, քանի որ նրանց աշխատանքները միշտ աչք են ծակել և մեծ հաջողություններ գրանցել: Ինձ շատ հաճելի է ներգրավվել մի նախագծում, որտեղ աշխատում է նման պրոֆեսիոնալ թիմ: Դեպի ճամբարը վստահ եմ կստացվի և շատ կսիրվի, քանզի հետաքրքիր է լինելու և՛ մեծերին, և՛ փոքրերին: Ավագ սերունդը հնարավորություն կունենա վերհիշելու իր երիտասարդությունը, իսկ փոքրերը կբացահայտեն շատ հետաքրքիր բաներ: Բոլորին մաղթում եմ բարի ընթացք, իսկ իմ կերպարային զարգացումներին կհետևեք շատ շուտով:

Գոշ Ակոբս

Ի սկզբանե  պետք է խաղայի բացասակար կերպար, սակայն ընթացքում հասկացանք, որ պետք չէ այս նախագծում ես հանդես գամ բացասական կերպարով և ուղղությունը փոխվեց: Կերտելու եմ 2 ջոկատավարներից մեկին՝ Հակոբին, իսկ Հակոբը ամենադրական, պոզիտիվ ու բարի կերպարներից մեկն է լինելու:

Լիանա Հակոբյան

Առաջաարկը ստացել եմ Գրիգոր Դանիելյանից: Երբ հանդիպեցինք և ծանոթացա նախագծի սցենարին ու իմ կերպարին, շատ հավանեցի և անմիջապես համաձայնվեցի: Այս թիմի հետ իրականում առաջին անգամ եմ համագործակցում, բայց համոզված եմ, որ սպասվում է աշխատանքային հետաքրքիր գործընթաց, քանի որ հավաքված են տաղանդավոր և հաճելի գործընկերներ: Դերասաններից շատերի հետ եմ  աշխատել, մտերիմ ենք  և անչափ ուրախ եմ, որ միասին ենք այս նախագծում: Դե իսկ սպասելիքներս շատ մեծ են, և քանի որ իրոք շատ հետաքրքիր  սցենար է, վստահ եմ , որ մեծ հաջողություններ է գրանցելու  և անչափ սիրվելու հեռուստադիտողի կողմից: Կերպարս խոհարարի կին է. խոհարարը Գարիկ Սեփխանյանն է, ով կնոջ չխնամված ու տգեղ լինելու պատճառով տարված է մեկ այլ կերպարով:  Կերպարի համար ինձ պետք է տգեղացնեն, ինչն ինձ, խոստովանում եմ, որ դուր է եկել: Ես սիրում եմ փորձեր, իսկ թե ինչ է լինում կերպարիս հետ վերջում, կտեսնեք շուտով:

Մաշ (Wing_21)

Առաջարկը ստացել եմ Գարիկից: Բավականին հետաքրքիր դեր է, և ծանոթ լինելով նրանց աշխատանքներին՝ համաձայնվեցի: Ես սովորաբար մերժում եմ նմանատիպ առաջարկներն ու չեմ նկարահանվում սերիալներում, բայց այս նախագիծը ինձ գրավեց: Վստահ եմ, որ ստացված նախագիծ է լինելու և շատ հումորային: Հաճելի է նաև այն, որ մանկական է և ճամբարի մասին: Բոլորիս մաղթում եմ լավ նկարահանումներ:

 

Հեղինակ՝ Կիմա Միրզոյան