«Մենք այլևս երբեք նույնը չենք լինի». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազնեի Հովհաննիսյանն սոցցանցերի իր էջերում հրապարակում է արել այն մասին, որ ոչինչ երբեք առաջվանը չի լինի:
«Մենք այլևս երբեք նույնը չենք լինի. ցավերից ու մահերից հետո ողջ մնացածները նույնը չեն լինում, նույնությամբ չեն ժպտում, նույն փայլով էլ չեն փայլում:

Նույնը երբեք չենք լինի, բայց պարտավոր ենք դառնալ ավելի, ավելին անել, ավելին խորհել, ավելի կրթվել, ավելի ու ավելի ամրանալ, ավելի մարդ մնալ, իրար ավելի օգնել, բայց օգնել արժանիներին ու անարժանների վրա կյանքեր չվատնել, ավելի ազնիվ լինել ինքներս մեզ հետ ու, վերջապես, ավելի խիզախ լինել՝ նայելով ճշմարտությանը, որքան էլ այն ցավոտ ու սարսափելի լինի:

Մենք պիտի վերականգնենք նախ մեր մարդկային դեմքը, կոնկրետ դիմագիծն ու ողնաշարի հստակ ուղղությունը և, վերջապես, հասկանանք՝ ո՞վ ենք կամ էինք մենք, ո՞ւր ենք գնում և ո՞վ է մեզ համար նույնականացման համար հայը»,- գրել է նա:

Հավելենք, որ դերասանուհին հիմա նկարահանվում է ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի նոր՝ «Երջանկության մեխանիկա» նախագծում, որտեղ նրա դուստրերին են մարմնավորում դերասանուհի Նարինե Պետրոսյանի աղջիկները՝ Աելիտան և Ադելը: