Հարազատ դերասաններին կորցնելուց և մեկ տարի դադարի մեջ լինելուց հետո «Գոյ»-ը թատերաշրջանը բացեց նոր նախաձեռնությամբ

«Գոյ» թատրոնը փետրվարի 7-ին թատերաշրջանը բացեց մի նախաձեռնությամբ, որը միտված է արցախյան պատերազմին հաջորդած այս բարդ ու ծանր ժամանակներում մարդկանց մշակույթով ապրեցնելուն:
«Ձայն հայրենյացի» ու «Գոյ» թատրոնի նախաձեռնությամբ «Գոյի» թատերաշրջանի առաջին ՝ «Դեկորներ» ներկայացմանը» հրավիրվել էին արցախյան երեք պատերազմների մասնակիցներ, «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» ՀԿ-ի կամավորներ, պատերազմում հաշմված զինծառայողներ, 2016 թ-ի ապրիլյան պատերազմում զոհված հերոսների` Մերուժան Ստեփանյանի, Արգիշտի Գափոյանի, Տիգրան Պողոսյանի, Նարեկ Մարգարյանի, Գոռ Հովհաննիսյանի և հայրենի սահմանների պաշտպանության համար նահատակված մյուս հայորդիների ծնողները:

 Նպատակը` նրանց բարոյական աջակցություն ցուցաբերելն է, վերջին շրջանի բարոյահոգեբանական ծանր վիճակն ինչ-որ չափով թեթևացնելը:

Showbiz.am կայքի հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար Սահակյանը պատմում է նոր նախաձեռնության, սպասվող պրեմիերաների, ինչպես նաև թատրոնի ունեցած ամենամեծ կորուստների՝ զոհված դերասանների մասին։

Պատմելով նոր նախաձեռնության մասին՝ Սահակյանն ասում է․ «Մենք ցանկանում ենք նրանց հրավիրել ներկայացմանը, որպեսզի թատրոնը ծառայի իրենց, ինչպես իրենք ծառայեցին երկրին։
Մենք էլ ենք շատ երջանկացել, որ կարողացանք իրենց պետք գալ։
Քանի դեռ հիմա խաղաղություն է, փորձենք խաղաղ կ
յանքում այնպես անել, որպեսզի իրենց անմասն չզգան»։

Պանդեմիան, կարանտինային սահմանափակումները, այնուհետև պատերազմը բավականին մեծ հարված հասցրին մշակութային կյանքին։ Սահակյանը պատմում է նոր նախագծերի մասին, սակայն սրտում ունեցած երկյուղով, որ ամեն բան կարող է կրկին վատթարանալ ու դադարեցվել։

«Մենք կանգնած էինք, այս տարի խաղացել ենք ընդամենը 2-3 ներկայացում։
Թատերաշրջանի բացումը փետրվարի 7-ին կատարեցինք երերումով, վախվորած
տեսնենք՝ գլխներիս է՛լ ինչ է գալու։
Մեզ մոտ է այսպես, աշխարհում խիստ սահմանափակումներ են, հիմա մենք թատերաշրջանը բացեցինք, արդեն ունենք պրեմիերաներ
փետրվարի 12-ին կներկայացնենք Գոգոլի «Խելագարի Հիշատակարանը» ստեղծագործության հիման վրա բեմադրված «Գլուխս վառվում է» ներկայացումը, պրեմիերա կունենանք նաև մարտին։
Սակայն սրանք դեռ ծրագրեր են, բայց եթե կարանտինը ուժեղացվի կամ Աստված ոչ անի, պատերազմը վերսկվի
․․․․

Ամեն ինչ սպասելի է, ամեն ինչ փխրուն է»,- կիսվում է թատրոնի գեղարվեստական ղեկավարը։

Սահակյանը ցավով նշում է նաև, որ պատերազմն իրենց թատրոնից խլեց լավագույն դերասաններից ու լավագույն ընկերներից երկուսին՝ Ադամ Խալաթյանին և Հովհաննես Հաջինյանին։

 

«Մենք դերասաններ ենք կորցրել։
Հովհաննես Հաջինյանը, ով մեր լավ ընկերն էր, երբեմն մասնակցում էր մեր նախագծերին, առաջին մեր զոհն էր։
Նաև Ադամ Խալաթյանը՝ շնորհալի մարդ, լավ ընկեր, ով որպես կամավոր մեկնել էր ռազմաճակատ։
Ցավոք սրտի, ընկել էին ամբողջ ջոկատով անօդաչուի թիրախի տակ։


Մարտին պետք է վերականգնենք «Անասնաֆերմա» ներկայացումը, որտեղ խաղում էր Ադամը, և այդ առաջի
ն ներկայացումը կնվիրենք նրա հիշատակին, կհրավիրենք նրա մտերիմներին, հարազատներին»,- ցավով հիշում ու պատմում է Սահակյանը։

 

Չնայած որ թատրոնի գեղարվեստական ղեկավարը բավականին երկար է սպասել, որպեսզի մշակութային կյանքը վերակենդանանա, նա նշում է, որ ծանր 2020-ից հետո ամեն բան արդեն շատ դժվար է դարձել․ «Մենք էլ շատ դժվար ենք կարողանում զբաղվել մեր ներկայացումենրով, որովհետև մեջներս շատ ալեկոծված է»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան