Քնի 4 կանոն, որոնք օգնում են պահպանել երիտասարդությունը

Օրգանիզմի ծերացման առաջին նշանները սովորաբար ի հայտ են գալիս մարդու մաշկին, ուստի մաշկի խնամքին մարդիկ որպես կանոն բավական մեծ ուշադրություն են դարձնում: Մաշկի խնամքն, իհարկե, շատ մեծ նշանակություն է ունենում, սակայն ոչ պակաս կարևոր են նաև առօրյա սովորությունները, մինչդեռ դրանց քչերն են ուշադրություն դարձնում:

Նման կարևոր սովորությունների շարքին է դասվում ճիշտ գիշերային հանգիստը, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում քնի չորս կանոն, որոնց հետևելը թույլ կտա զգալիորեն դանդաղեցնել մաշկի ծերացման բնական գործընթացը:

Մաքրել մաշկը քնելուց առաջ

Օրվա ընթացքում մաշկին մեծ քանակությամբ փոշի ու այլ վնասակար տարրեր են կուտակվում, ինչը խիստ բացասաբար է անդրադառնում մաշկի վրա: Մաշկային խնդիրներից խուսափելու համար հարկ է հիշել, որ քնելուց առաջ հարկավոր է անպայման մաքրել մաշկը շպարի մնացորդներից ու կուտակված վնասակար տարրերից: Մաշկը մաքրելու համար հարկավոր է կիրառել բնական միջոցներ կամ մեծ քանակությամբ սննդարար նյութերով հարուստ քսուքներ: Այս պրոցեդուրան շատ կարևոր է, քանի որ քնելուց առաջ մաշկը չմաքրելու դեպքում վաղաժամ կնճիռների ու պիգմենտային հետքերի առաջացման հավանականությունը բարձրանում է:

Դիմակներ կիրառել

Ներկայում կոսմետոլոգիական ընկերություններն առաջարկում են տարատեսակ դիմակների լայն տեսականի, ինչը թույլ է տալիս ընտրել մաշկի այս կամ այն տեսակին համապատասխան դիմակ՝ խուսափելով կողմնակի բարդություններից ու ստանալով հնարավորինս լավ արդյունք: Դիմակի ընտրությունը կախված է մաշկի յուղոտության աստիճանից ու անգամ մազերի գույնից, ուստի հարկավոր է շատ մեծ ուշադրություն դարձնել դրա ընտրությանը: Մասնագետները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ այն դիմակներին, որոնք պահպանում են մաշկի խոնավությունն ու միաժամանակ մաքրում են մաշկը:

Քնելուց առաջ լոգանք ընդունել 

Շատ օգտակար սովորություն կարող է լինել նաև քնելուց առաջ լոգանք ընդունելը: Ընդ որում՝ այս պրոցեդուրան կարելի է ավելի օգտակար դարձնել տարատեսակ հավելումների միջոցով: Օրինակ՝ լոգանքի ջրին մագնեզիումի կամ մագնեզիումի սուլֆատի յուղ ավելացնելն օգնում է ազատվել բշտիկներից ու մաշկային այլ խնդիրներից, իսկ փշատերև ծառերի յուղերն օգնում են բարելավել քունը:

Կարգավորել սննդակարգը

Բոլորն էլ գիտեն, որ քնելուց առաջ սնվելը վնասակար է առողջության համար,ուստի ուշ ընթրիքից հարկավոր է խուսափել: Մասնագետները խորհուրդ են տալիս ընթրել քնելուց 3-4 ժամ առաջ, սակայն այս դեպքում մթերքի ընտրությանը հարկավոր է շատ մեծ ուշադրություն դարձնել, քանի որ այն որոշիչ նշանակություն է ունենում օրգանիզմի ընդհանուր վիճակի ու ինքնազգացողության համար: Լավագույն ընտրությունը կլինի A, B և С վիտամիններով, ցինկով ու ճարպաթթուներով հարուստ մթերք, որը շատ օգտակար կլինի մաշկի առողջության ու երիտասարդության համար, ուստի ընթրիքի հիանալի տարբերակ կարող է լինել բանջարեղենային աղցանն ու ձուկը: