Իլոնա Մկրտչյանի նոր կերպարային ֆոտոշարքը

«Փափուկ խաղալիք» սիթքոմից հայտնի դարձած դերասանուհի Իլոնա Մկրտչյանը սիթքոմի ավարտից հետո նկարահանվել է նոր, ինքնատիպ ու գեղեցիկ ֆոտոշարքով, որն առաջինը տրամադրել է Showbiz.am կայքին։

Մեզ  հետ զրույցում Իլոնան պատմում է, որ նոր ֆոտոշարքի մտահղացումն ուներ վաղուց․«Ֆոտոշարքի գաղափարը կար վաղուց։
Քանի որ «Թղթե տնակ» սերիալի մոտիվներով նկարահանված ֆոտոշարքը մեծ արձագանք ստացավ, ես խոստացա, որ նման կերպարային ֆոտոշարքեր հաճախ կլինեն»։
Դերասանուհին նշում է, որ այս ֆոտոշարքն ունի անվանում՝ «Սպիտակ հրեշտակը»։

Իլոնան բավականին հաճախ է հանդես գալիս ֆոտոշարքերով ու կիսվում է, որ ապագայում մոդելինգով զբաղվելու նպատակներ ունի։
«Ֆոտոմոդելինգով զբաղվելու եմ, արդեն իսկ ունեմ պայմանավորվածություն, սակայն դեռ չեմ ցանկանում չակերտները բացել։ Աշխատելու եմ հայկական բրենդներից մեկի հետ»։

Իլոնան հայտնում է, որ պանդեմիայի սահմանափակումների հետևանքով հետաձգված «Դեպի ճամբար»- ն արդեն մարտի 6-ից կլինի էկրաններին և հավելում է, որ բացի դրանից ունի մի շարք ծրագրեր, որոնց փակագծերը, սակայն, դեռ չի ցանկանում բացել։

Դերասանուհին ցավով է հիշում պատերազմական շրջանն ու պատմում է, որ ռազմաճակատում ուներ մտերիմ մարդիկ, որոնցից մի քանիսն այդպես էլ հետ չվերադարձան։
«Այո, ունեի մտերիմներ ռազմաճակատում, ցավոք սրտի, նաև ունեմ զոհեր ընկերներիս շրջանում, չեմ ցանկանում խոսել այդ մասին, փորձում եմ ցավն ինձ մեջ պահել, որովհետև հասկանում եմ, որ բոլորիս մեջ էլ այդ ցավը կա։
Կարծում եմ՝ բոլորիս փոխեց այս տարին, բոլորիս նպատակները, մտածելակերպը փոխեց, և մենք առաջվանն այլևս չենք կարող լինել։ Սակայն պետք է ավելի լավն ու ավելի կանգուն լինենք»։

Դերասանուհին ասում է, որ նպատակներով ու երազանքներով լի 2020-ն ամենևին էլ չարդարեցրեց իրեն․ «Այս տարին, ինչպես բոլորի համար, այնպես էլ ինձ համար, ցավով և հիասթափություններով լի տարի էր։ Չեմ ցանկանում խոսել անցած տարվա մասին, որովհետև ցանկանում եմ միայն առաջ նայել։ 
2020-ի երազանքս դարձավ խաղաղությունը, որը մնաց անկատար։ 2021-ին երազում եմ խաղաղության մասին, և որ հնարավոր լինի երկիրը ոտքի հանել, քանի որ 2020-ը կորուստների տարի էր»։

 

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան