Valentine’s Day. «Նա իմ ուժն է, իմ մոտիվացիան ու ժպտալուս կարևոր առիթը». Արմեն Սարգսյանի ու Նարե Համբարձումյանի սիրո պատմությունը

Սուրբ Վալենտինի օրվան ընդառաջ Showbiz.amը որոշեց զրուցել հայկական շոուբիզնեսի հայտնի զույգերի հետ ու ստանալ նրանցից իրենց ծանոթության պատմության, հարաբերությունների, զգացմունքների ու այլ «սիրային» հարցերի պատասխանները։ Նախապես կազմված հարցաշարին պատասխանել են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ։

Այսպիսով, մեր ընթերցողներն ունեն հնարավորություն տեսնելու, թե ինչպես են նույն հարցերին պատասխանում հայտնի զույգերից յուրաքանչյուրը, որքանով են նրանք միմյանց ճանաչում, համընկնում են արդյոք նույն հարցի պատասխանները, երբ պատասխանում են կինն ու տղամարդը։

Հետևելով այս ռոմանտիկ հարցազրուցների շարքինShowbiz.amի ընթերցողների համար պարզ կդառնա, թե հայտնիներից հատկապես ո՞ր զույգն է ամենաներդաշնակն ու միմյանց լավ ճանաչողը։

Մեր «սիրային» բլից հարցմանը պատասխանել են Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանն ու հեռուստահաղորդավարուհի Նարե Համբարձումյանը, ովքեր պատմում են, թե ինչպես են հանդիպել, սիրահարվել ու նաև կիսվում են իրենց ամուր ընտանեկան հարաբերությունների գլխավոր գաղտնիքով:

Կպատմե՞ք՝ ինչ զգացիք նրա հետ առաջին հանդիպման ընթացքում:
Նարե. Առաջին հանդիպման ընթացքում դրական լիցքեր եմ ստացել, որովհետև  նրա ժպիտը, որն անընդհատ նրա դեմքին էր այդ պահին, միայն կարող էր դրական լիցքեր պարգևել:
Շատ հարմարավետ ու դրական աուրայի մեջ եմ ինձ զգացել:
Արմեն. Մտածեցի, որ տեսակով շատ նման ենք:

Հիշո՞ւմ եք, թե երբ առաջին անգամ հանդիպեցիք նրան:
Նարե.Հանդիպել ենք փողոցում՝ Օպերայի մոտակայքում, 2017-ի մայիսի 24-ին:
Արմեն. 2017-ի մայիսի 24-ին:

 Ի՞նչ մտածեցիք նրա մասին:
Նարե.Դրական կարծիք կազմեցի, միանշանակ: Բարձրահասակ էր շատ, հաճելի տեսքով ու հաճելի աուրայով: Մենք ընդհանուր ընկեր ունենք՝ Տիգրանը, ով մեզ ծանոթացրեց:
Արմեն. Մտածեցի՝ նման ենք տեսակով:

Ո՞րն է նրա բնավորության մեջ Ձեր ամենասիրելի և չսիրած գիծը:
Նարե.Սիրելիներից մեկը չեմ կարող առանձնացնել: Երևի դրական լինելը կյանքի հանդեպ, թեթևությունը: Ոչ մի հարց երբեք չի ծանրացնի, ու երևի թե, դա է մեր խաղաղ, ներդաշնակ կյանքի գրավականը: Ես՝ ինքս, նաև այդպիսին եմ:
Իրականում բնավորության շատ գծեր կան, որոնցից նաև ես եմ շատ բան վերցրել ու սովորել: Չսիրած գիծ չկա երևի թե: Պահի տակ են լինում, ինչ-որ բաներ, որոնց հետ համակարծիք չեմ լինում, բայց չսիրած բնավորության գիծ չունեմ:
Արմեն.
Սիրած գիծն այն է, որ իմ նման համբերատար է, համակերպվող, հանգիստ:
Չեմ մտաբերում չսիրած գիծ. երևի շատ է լարվում:

 Ի՞նչ է անում նա, երբ ցանկանում է ներողություն խնդրել Ձեզնից, Ձեր սիրտը շահել:
Նարե.Ներողությունն ու շնորհակալությունը որոշ մարդկանց կյանքում դժվար արտահայտվող բառեր են, բայց մեր դեպքում, Փառք Աստծո, նման բան չկա, և եթե ներողության կարիք է լինում մենք միմյանց ասում ենք պարզ, հասարակ խոսքով ու ամեն ինչ տեղն է ընկնում:
Արմեն. Չի եղել նման բան:

Ձեր բնավորության ո՞ր գիծն եք դուք փոխել հանուն նրա:
Նարե. Բնավորության գիծ հանուն մեկս մյուսի չենք փոխել և Փառք Աստծո, որովհետև միմյանց սիրել ենք այն բնավորության գծերով, որոնք որ պահպանվել է մինչ օրս:
Ես միշտ ասել եմ ու կասեմ, որ եթե չկա փոխզիջում, ապա չկա խաղաղ, գեղեցիկ ընտանեկան կյանք: Դա միանշանակ կարող եմ ասել:
Բայց բնավորության գծի փոփոխություն չի եղել և կարծում եմ՝ չի լինի:
Արմեն. Չեմ հիշում նման բան:

 Ձեր կարծիքով ո՞րն է ձեր սիրո երջանկության բանաձևը:
Նարե.Մեր բանաձևն առաջին հերթին սերն է, փոխադարձ հարգանքը, միմյանց հասկանալը, փոխզիջելը: Եթե սերը չիշխի, ապա մնացած բոլորը երկրորդական բաներ են դառնում:
Արմեն. Երջանկության բանաձևը երևի իրար հասկանալն է, տեսակով նման լինելը:

Ի՞նչը կարող է բաժանել ձեզ։
Նարե.Այս հարցի շուրջ երբեք չեմ մտածել ու առիթ էլ չեմ ունեցել մտածելու, հիմա էլ փորձում եմ մտածել ու հարցի պատասխանը չեմ գտնում։
Արմեն. Ես բաժանումների մասին չեմ մտածում, ոչ էլ խոսում եմ:

Ո՞վ է առաջինը խոստովանել, որ սիրում է:
Նարե. Որպես այդպիսին չի եղել, մեզ մոտ ամեն ինչ շատ-շատ ներդաշնակ ու սիրուն կերպով է առաջ գնացել ու ստացվել: Բայց մեր ծանոթությունից երկու ամիս հետո՝ հուլիսի 19-ին, ես շատ պատահաբար ստացա առաջարկություն և նաև սիրո խոստովանություն:
Արմեն. Չենք խոստովանել, ուղղակի հասկացել ենք:

Ո՞վ է ավելի էմոցիոնալ:
Նարե.Երկուսս էլ բնավորությամբ հանգիստ ենք, ի միջի այլոց և ես, և Արմենը համաստեղությամբ կշեռք ենք՝ հավասարակշված, ծով համբերությամբ: Ես չէի կարող ասել, որ Արմենը շատ էմոցիոնալ է, ուղղակի պահեր են լինում, որ ինչ-որ հարցի շուրջ կամ ես, կամ նա կարող ենք էմոցիոնալ ռեակցիա տալ:
Արմեն. Երկուսս էլ էմոցիոնալ չենք, ես էլ եմ հանգիստ, ինքն էլ:

Ո՞վ է ավելի ներողամիտ:
Նարե. Ներողամիտ ենք երկուսս էլ, և եթե չլինեինք այդպիսին երկուսս էլ, գուցե այն փոքր-փոքր խնդիրները դառնային մեծ ինչ-որ բան: Ես առաջին օրվանից չեմ ունեցել հարաբերություններում կռիվ, վեճ, նեղանալ ասվածը, մենք նման բաներից շատ հեռու ենք: Երևի լավ ենք  միմյանց հասկանում և մեր սխալները ընդունում ենք:
Արմեն. Երկուսս էլ: Իրար նման ենք դրա համար:

Ո՞վ է ավելի շատ անակնկալներ սիրում:
Նարե. Անակնկալներ մինաշանակ ես եմ շատ սիրում, սիրում եմ թե՛ մատուցել, թե՛ ստանալ: Արմենին էլ է շատ հաճելի իմ կողմից անակնկալներ ստանալը, բայց ես երեխայի պես եմ ուրախանում:
Արմեն. Նարեն է սիրում:

Ո՞վ է ավելի խիստ երեխաների նկատմամբ:
Նարե. Երեխայի նկատմամբ խստությունն ու քնքնշանքը մեզ մոտ բալանսավորված է:
Արմեն. Երևի թե ես:

Ո՞վ է ավելի շատ երես տալիս երեխաներին:
Նարե. Երևի թե ես:
Արմեն. Էլի ես:

Ի՞նչ կմաղթեք Ձեր կնոջը, ո՞րն է Ձեր ամենանվիրական երազանքը կապված նրա հետ։
Նարե. Մեկ բան չէ, որ կցանկանամ մաղթել, որովհետև եթե սիրում ես, եթե տվյալ մարդը թանկ է քեզ համար, ապա նրա երազանքները նաև քոնն են, քեզ հետ են կապված: Մենք պատերազմից հետո շատ դժվար ժամանակներ ենք ապրում, ես ուզում եմ, որ առողջ լինենք, գործենք, արարենք, աշխատենք ու հասնենք բոլոր նպատակներին, որոնք գծված կան մեր սրտում, մտքում: Ուզում եմ իմ սիրելին միշտ առողջ լինի, իմ կողքին, նա իմ թև ու թիկունքն է, իմ ուժը, իմ մոտիվացիան ու ժպտալուս կարևոր առիթը:
Ու նաև շնորհավորում եմ սիրո տոնի հետ կապված բոլորին։ Սիրեք  շատ-շատ, որովհետև սերն է փրկելու աշխարհը։
Արմեն. Թող մնա իմ ու իր միջև:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան