«Իրական կյանքում այսպիսի տեսք ունի միայն Քարդաշյանը». Թինա Կանդելակիի ֆոտոշոփված լուսանկարը

45-ամյա հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին խոսել է պլաստիկ վիրահատություններով տարվածության մասին: Նա անդրադարձել է գեղեցկության չափանիշների փոփոխությանն ու որպես օրինակ նշել Քիմ Քարդաշյանին:

Ինստագրամում Կանդելակին գրավիչ լուսանկար է հրապարակել ու իր հետևորդներին զգուշացրել, որ այն որոշակի փոփոխությունների է ենթարկվել:

«Ուշադրություն: Լուսանկարում շատ ֆոտոշոփ կա, իրական կյանքում այսպիսի տեսք ունի միայն Քիմ Քարդաշյանը»,- գրել է նա:

Կանդելակին իր հետևորդներին հարցրել է թե նրանք անձամբ ինչն են փոխել իրենց արտաքինում՝ աչքե՞րը, այտոսկրե՞րը, կո՞ւրծքը, թե՞ հետույքը:

«Արհեստական գեղեցկությունը հաղթել է բնականությանը, դա փաստ է: Արհեստական գեղեցկության զարգացման գործիքները գերազանցել են բնական գեղեցկության պահպանման մեթոդներին: Այդպիսի տեսք ունի հավերժ երիտասարդության հետեւից վազքարշավը»,- գրել է Թինան:

Նա նշել է, որ կատարյալ արտաքին ունենալու մոլուցքը սկսել է դեռ Խորհրդային Միության տարիներից, բայց այն ժամանակ վիրահատություն ոչ ոք չէր անում: Որպես օրինակ բերել է «Ապագայից հյուր» ֆիլմի դերասանուհի Ալիսա Սելեզնյովային, որը մեծ աչքեր, նուրբ շրթունքներ ու փոքրիկ քիթ ուներ.

«Նա մեծ տարածում ստացավ հատկապես իր անսովոր արտաքինի շնորհիվ: 1966 թվականին էկրաններ բարձրացավ «Երեք հաստլիկները», և Սուոկ տիկնիկը Մալվինայի հետ պիոներներին գերում էին իրենց արհեստական արտաքինով»:

Արդյունքում, Կանդելակիի խոսքերով, սկսել է զարգանալ պլաստիկ վիրահատությունների ոլորտը, քանի որ տիկնիկները հավերժական գեղեցկության խորհրդանիշ են, նրանք երբեք չեն ծերանում:

«Վինիրներն ու սիլիկոնները միայն հավերժ գեղեցկության պատրանք են ստեղծում: Ու գինը, որը վճարում եք դրանց համար, պետք է բոլորի համար ակնհայտ լինի: Ի՞նչ է լինելու ձեր առողջության հետ, արդյո՞ք այս կամ այն գործընթացը շրջելի է, բավական լուրջ հարցեր են»,- շեշտել է նա:

Բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են իրենց արտաքինի մեջ փոփոխություն անել, Կանդելակին խորհուրդ է տվել դիտել «Բոլորովին տարբեր» սոցիալական նախագիծը, որի աշխատանքներում ներգրավված է նաև ինքը.

«Վերջապես բոլորը կտեսնեն, թե ինչ է իրենից ներկայացնում սիլիկոնե հետույքը, ինչին Ինստագրամում այդքան հետևում են ու հիանում»: