Պրիանկա Չոպրան ներողություն է խնդրել. ի՞նչն է պատճառը

Հնդիկ դերասանուհի, 2000 թվականի «Միսս Աշխարհ» տիտղոսակիր Պրիանկա Չոպրան հարցազրույց է տվել՝  խոսելով արտաքին գեղեցկության, ապագա ծրագրերի և նախկին սխալների մասին, հայտնում է Daily Mail-ը: Հարցազրույցի ընթացքում թխամաշկ գեղեցկուհին ներողություն է խնդրել նախկինում մաշկի սպիտակեցման համար նախատեսված քսուքների գովազդներում նկարահանվելու համար` դա անվանելով իր կարիերայի ամենամեծ «սխալ քայլերից» մեկը:

38-ամյա հնդիկ դերասանուհին նախկինում մասնակցել է Pond’s Garnier քսուքի գովազդներին, որոնցում մաշկին թուխ երանգը բացացնող կոսմետիկ միջոց է գովազդել, սակայն հիմա կնախընտրեր դրանցում չնկարահանվել:

Իր նոր հուշագրության մեջ  Չոպրան գրել է. «Ես չեմ կարող վերադառնալ և փոխել այն, ինչ արեցի, սակայն կարող եմ ներողություն խնդրել, և դա անում եմ անկեղծորեն»:

Դերասանուհին ասել է, որ նախկինում վստահ չէր իր արտաքին տեսքի հարցում, սակայն եղբայրը հորդորել է գեղեցկության մրցույթի մասնակցել, երբ նա ընդհամենը 17 տարեկան էր: 2000 թվականին նա նվաճել է «Միսս Հնդկաստան»  տիտղոսը և նույն տարում թագադրվել «Միսս Աշխարհ»: