Աճուրդի է հանվելու Էլթոն Ջոնի հավաքածուից ամենաթանկարժեք ավտոմեքենաներից մեկը․ լուսանկար

Փետրվարի 18-25-ն անցկացվելիք The Market աճուրդում վաճառքի կհանվի 2005 թվականի արտադրության Maserati Quattroporte մոդելը, որը պատկանել է բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնին:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, մեքենայի նոր սեփականատերը որպես բոնուս կստանա երաժշտի ստեղծագործությունների հավաքածուն, ձեռնոցները, ինչպես նաև Maserati ընկերության նամակը՝ հասցեագրված Էլթոն Ջոնին՝ որպես ապացույց, որ մեքենան եղել է նրա հավաքածուի մի մասը:

16 տարի առաջ արտադրված սեդանի համար նախատեսվում է 15 000-40 000 ֆունտ ստերլինգ ստանալ: Նշվում է, որ մեքենան, որը ներկվել է մուգ կանաչ, պահպանվել է կատարյալ վիճակում: Սրահը պատված է կաշվով, իսկ դեկորատիվ նախշերը պատրաստվել են վարդագույն փայտից:
16 տարում Maserati Quattroporte-ի վազքը կազմել է 45 855 կմ: Սեդանը համալրված է 4,2 լիտր ծավալային V8 շարժիչով, որի հզորությունը կազմում է 400 ձիաուժ: Մեքենան 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 5,2 վայրկյանում: