Բժիշկ-էնդոկրինոլոգ Ելենա Գուբկինան «Արգումենտի ի ֆակտի» պարբերականի հետ զրույցում ասել է, որ քաշի ավելացման պատճառ կարող է դառնալ քնի պակասը։ Նրա խոսքով՝ սխալ ռեժիմը ախորժակ է բացում, քանի որ մարդու ուղեղը փորձում է մեծ քանակությամբ կալորիաներով վերականգնել էներգետիկ պաշարները։ Քնի սխալ ռեժիմը խախտում է նաև նյութափոխանակությունը:
«Քնի պակասը դանդաղեցնում է նյութափոխանակությունը, քանի որ հորմոնների արտադրությունը խախտվում է, բարձրանում է ինսուլինի ու կորտիզոլի արտադրությունը, նվազում է սոմատոտրոպային հորմոնի արտադրությունը»,-ասել է Գուբկինան:
Էնդոկրինոլոգի խոսքով՝ քաշ հավաքելու մեկ այլ պատճառ կարող է դառնալ երկարատև սթրեսը։ Այդ դեպքում արտադրվում է մեծ քանակությամբ վերերիկամային հորմոն՝ կորտիզոլ, որը նպաստում է ճարպային պաշարների կուտակմանը։ Մարմնի զանգվածը մեծանում է նաև օրգանիզմում հեղուկի ուշացման պատճառով։ Պետք է կարգավորել խմելու ռեժիմը, ինչպես նաև կրճատել սպառվող աղի քանակը: Պետք է հրաժարվել որոշ տեսակի սննդից, օրինակ` երշիկեղենից ու չիպսերից։
Քաշի ավելացմանը կարող են նպաստել նաև դեղամիջոցները, օրինակ` ստերոիդային հորմոնները, նեյրոլեպտիկները, հակադեպրեսանտներն ու հակացնցումային դեղամիջոցները: Ոմանց մոտ ճարպակալման երևույթ է նկատվում նաև ծխելուց հրաժարվելուց հետո։