Անաստասիա Վիվտաշը՝ ՌԴ մեկնելու պատճառի, «Ծաղիկներ ձյան տակ» սերիալի և գեղեցկության մրցույթում իր ուժերը կրկին փորձելու մասին

Անաստասիա Վիվտաշը վերջերս նկարահանվել է «Ծաղիկներ ձյան տակ» հեռուստասերիալում, որը փետրվարի 8-ից «Արմենիա պրեմիումի» եթերում է:
Անաստասիա Վիվտաշը 2018 թվականին ներկայացրել է Հայաստանը Հնդկաստանում կայացած «Miss Supermodel Worldwide» գեղեցկության մրցույթում:
Նա մասնագիտությամբ դերասանուհի է և հասցրել է սիրվել հանդիսատեսի կողմից «Պատվից առավել» բազմասերիանոց ֆիլմի ցուցադրությունից հետո:

«Դերի առաջարկը ստացա պրոդյուսեր Ելենա Արշակյանից, քասթինգի չեմ մասնակցել, քանի որ արդեն մեկ անգամ համագործակցել էինք, կրկին 90-ականներում էին դեպքերը կատարվում: Ճանաչում էին ինձ որպես դերասանուհի և միանգամից առաջարկեցին էլենի կերպարը»,– պատմում է Անաստասիան Showbiz.am կայքի հետ զրույցում:
Նշենք, որ Անաստասիան խաղում է գլխավոր դերասանուհու մտերիմ ընեկրուոհւ՝ Էլենի կերպարը։

Դերասանուհին նշում է, որ ոչ դերի հետ կապված, ոչ էլ նկարահանումների ընթացքում որևէ դժվարություններ չի ունեցել, համագործակցել է մեծ սիրով, որովհետև իրեն շատ հետաքրքիր էր այդ կերպարում հանդես գալը։
«Ամենա տպավորիչը խնջույքի տեսարանն էր, երբ ես տեսախցիկով ամբողջ ընթացքում նկարում էի ընկերներիս ու անընդհատ Մայիսին էի դիմում, դա բոլորիս մոտ մեծ ծիծաղ էր առաջացրել, և ամբողջ նկարահանման ընթացքում իրար Մայիս էինք դիմում»,- ժպիտով պատմում է Վիվտաշը:

Անաստասիան նաև մեծ ցավով պատմում է, թե որքան դժվար էր խաղալ նման թեմատիկա ունեցող սերիալում՝ այն էլ պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց։
«Մեր խաղընկերներից մեկը իր եղբորն էր կորցրել, երբ պատերազմից խոսք էր գնում բոլորս հուզվում էինք, դժվար էր բաց վերքով խաղալը»,-ասում է նա ու հավելում, որ ինքն էլ ռազմաճակատում շատ հարազատներ ուներ, շատ ընկերներ կորցրեց,-«Հետպատերազմյան շրջանը դեռ չեմ հաղթահարել, ցավը շատ խորն է, և առաջ գնալու ուժն էլ շատ է պակասում»:

Ինչպես բոլորի համար, այդպես էլ Անաստասիայի՝ 2020-ը բավականին դժվար էր։
Վիվտաշը նշում է, որ չնայած կարանտինային սահմանափակումների հետևանքով առաջացած գործազրկությանն ո այլ խնդիրներին, ինքը երբևէ չի մտածել իր մասնագիտությունից զատ այլ աշխատանքով զբաղվելու մասին։
«Ֆինանսական դժվարություն միշտ կա մեր երկրում, այս տարի իհարկե ծայրահեղ դժվար էր: Փորձել եմ եղածով բավարարվել, այլ աշխատանքի չեմ գնացել: Չսիրած գործով զբաղվելը ինձ համար անտանելի է, ունեցել եմ նախկինում նման իրավիճակ, որից հոգեպես շատ եմ ճնշվել»,- բացատրում է նա և հավելում, որ մոդելինգի հետ կապված առաջիկայում մի քանի ֆոտոշարքերի առաջարկ ունի, ցուցադրություներ գրեթե չեն լինում, իսկ գեղեցկության մրցույթի մասնակցելու համար դեռ մտածում է․«Մտածում եմ կրկին ուժերս փորձել, չնայած որ այդ որոշումս դեռ անորոշ է, բայց առաջարկներ կան»:


Չնայած այս բոլոր դժվարություններին՝ դերասանուհին արտագաղթելու միտք չունի, պարզապես մի քանի ամսով, ամենայն հավանականությամբ, կմեկնի ՌԴ՝ ծնողների մոտ․
«Արտագաղթելու միտք չունեմ, բայց մտադրություն ունեմ մի քանի ամսով ծնողներիս մոտ գնալ՝ Ռուսաստան: Հոգեպես անկայուն վիճակում եմ գտնվում այս պահին, ուզում եմ նրանք կողքիս լինեն: Շատ նպատակներ կիսատ մնացին 2020-ին, խոսքը մասնագիտական ծրագրերի մասին է, որոնք պատրաստվում եմ այս տարի իրագործել:
2021-ի գլխավոր նպատակս ավելի շատ ժամանակ անցկացնելն է ընտանիքիս ու իմ սիրելի մարդկանց հետ»:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան