Արմենիա TV-ով մեկնարկել է «Ծաղիկներ ձյան տակ» նոր հեռուստասերիալը, որի սաունդթրեքը դարձել է արդեն բոլորիս կողմից ճանաչված և սիրված «Տարիներ» երգը։ Երգի երաժշտության հեղինակը Լևոն Աբրահամյանն է, ում հետ էլ զրուցել է ShowBiz.am-ը՝ անդրադառնալով կոմպոզիտոր-երաժշտի ներկայիս գործունեությանը, երաժշտության զարգացման տեմպերին, դրա ներկայիս մակարդակին, այսօր ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներին և այլ հետաքրքիր հարցերի։
Այժմ երաժիշտը զբաղվում է երգերի գործիքավորմամբ․ «Ավելի կոնկրետ` աշխատում եմ լաունջ մյուզիքների վրա։ Ստեղծագործական ընթացքն ինձ մոտ երբեք չի դադարել»։
Խոսելով մնայուն երգերի և երաժշտության զարգացման տենդենցների մասին` Աբրահամյանը նշում է․ «Ժամանակը մինչև չանցնի, չսրբագրի այդ ամեն ինչը, չենք կարող ասել՝ ո՞ր երգը կմնա, որովհետև երբեք չենք կարող կանխագուշակել, թե հաջորդ սերունդը դրանցից ինչը կսիրի և իրեն հարազատ կհամարի։ Իհարկե, շատ գործեր կան, որոնք կարող ենք վստահաբար ասել՝ դեռ տասնամյակներ, հարուրամյակներ կապրեն։ Մենք չենք կարող ասել, որ այս ամենն իզուր է արվում։ Ժամանակի ընթացքում զտվում ու մաքրվում է նաև երաժշտության բնագավառը»։
Հետաքրքրական է այն փաստը, որ ավագ սերունդը մշտապես թերագնահատում է երիտասարդ սերնդի կատարած աշխատանքը, Լևոն Աբրահամյանը ևս բացառություն չէ, սակայն միևնույն ժամանակ նա նշում է․ «Ավագ սերնդի կողմից դժգոհությունը միշտ էլ եղել է։ Մենք, երբ փոքր էինք, մեծերն ասում էին՝ հապա մի այս սերնդին նայեք, բա մենք այսպիսի՞նն ենք եղել։ Մենք էլ հիմա նույն բանն ասում ենք մեր երեխաներին ու թոռներին։ Ամեն սերունդ ժամանակի իր չափորոշիչներն ունի, եթե երիտասարդը հիմա տարեց մարդու նման մտածի, ուրեմն երկիրը անխոս կգնա կործանման»։
Իսկ ինչ վերաբերում է երաժշտության ընդհանուր որակին, ըստ Աբրահամյանի, մենք այն չենք կարող գնահատել, քանի որ միշտ պետք է առանձնացնել դրանց ճյուղերը։ «Սակայն ամեն դեպքում ցանկացածի մեջ էլ կարելի է դրական տեղաշարժ նկատել, ճիշտ է, ճյուղեր կան՝ շատ են քննարկվում ու քննադատվում, բայց դրանց մեջ էլ կարելի է լավ բաներ գտնել։ Բայց երբեք չի կարելի ասել, թե ընդհանուր երաժշտությունը ինչ մակարդակի վրա է։ Նույն խնդիրն է նաև համաշխարհային երաժշտության մակարդակում, քանի որ փոխվում են տեխնոլոգիաները, մոտեցումները, գաղափարները, սոցիալական խնդիրները, որոնք իրենց արտացոլանքն են գտնում նաև երաժշտության մեջ»,- նշում է երաժիշտը։
Տեխնոլոգիաների զարգացման և տարածման հետ զուգահեռ, երաժշտության մեջ օրերցօր ավելանում է նաև ոչ պիտանի արտադրանքը, սակայն այն նաև դրական կողմ ունի տարբեր երաժշտությունների արագ և հեշտ տարածման գործում․ «Երկու տարբերակն էլ կարող ենք իրողություն համարել։ Մի կողմից լավ է, քանի որ մարդկանց ընտրության մեծ հնարավորություն է տրվում, թե Յութուբը, թե սոցիալական մյուս հարթակները շատ մարդկանց այդ առումով փրկել են։ Բայց սրա հետ մեկտեղ կա մեկ այլ հանգամանք ևս, մենք պետք է կարողանանք սերունդը կրթել, որ նրանք էլ կարողանան ճիշտ ընտրություն կատարել։ Թե չէ կարող է պատահել, որ նրանք գնան ու հենց այդ աղբին կպնեն ու հետո չհասկանան, որ դրանից բացի ուրիշ երաժշտություն էլ գոյություն ունի»։
Կարանտինային շրջանից շատերս էինք բողոքում և դա ևս հասկանալի է, բայց․ «Ես բացարձակ չեմ նեղվել։ Քանի որ երբ կարանտին չէր, ես երաժշտությամբ զբաղվում էի օրվա ընթացքում 5-6 ժամ, իսկ կարանտինի ընթացքում մոտավորապես 24 ժամն էլ կարող էի տրամադրել երաժշտությանը։ Որն ինձ համար հսկայական օգուտ էր, քանի որ ահագին հետ ընկած գործեր ունեի, որոնք հնարավորություն ունեցա կյանքի կոչելու։ Սակայն սա միայն ստեղծագործելու առումով, հետո արդեն հնարավորություն չկար այն իրացնելու շուկայում, քանի որ այդ ոլորտը կանգնած վիճակում էր գտնվում։ Այդ շրջանում դադարի վիճակում էին գտնվում աշխարհահռչակ ընկերությունները, իսկ մեր շուկան, որը հազարավոր անգամներ ավելի փոքր է, գործն է՛լ ավելի էր բարդացնում։ Բայց կարանտինը, ինչ խոսք, իր դրական կողմերն ուներ, ահագին բաների սկսեցինք այլ կերպ նայել կամ դրանք ընկալել։ Իմ պարագայում վախեր կային՝ կապված հենց երաժշտության ոլորտում, մտածում էի այս կամ այն բանը պետք է չանեմ, քանի որ իմ պրոֆիլը չէ։ Բայց, փաստորեն, ոչ, պարզվեց, որ ես կարող եմ նաև դրանով էլ զբաղվել։ Եվ արդյունքում ես ունեմ 12 պատրաստի լաունջ մյուզիք, որոնք արդեն պատրաստվում եմ վաճառել։ Բայց նաև հասկանում եմ այն մարդկաց, ովքեր բողոքում էին ստեղծված իրավիճակից, քանի որ կարանտինի պատճառով նրանք կորցրել էին գումար վաստակելու միակ միջոցը»։
Կորոնավիրուսը մի կողմ, նախորդ տարում հայությունը ստիպված եղավ հաղթահարել պատերազմի դաժանություններն ու ցավը․ «Դեռ չեմ էլ հաղթահարել։ Վստահ եմ՝ դեռ երկար կտևի այդ փուլը։ Բայց պատերազմից արդեն 20 օր հետո հասկացա, որ այս աուրայում ապրելը մեզ կործանում է։ Մեզ հարկավոր է միանգամից կանգնել այլ հարթակի վրա և գնալ առաջ, քանի որ մենք ուրիշ տարբերակ ուղղակի չունենք։ Ոչ մի բանով չզբաղվելը մեր կործանումն է դառնալու։ Մենք երբեք չպետք է մեր հույսը կորցնենք, կարծում եմ՝ ժամանակն է մեր տեղը զիջելու երիտասարդ սերնդին։ Նրանք են մեր ապագան, նրանցով ենք մենք ուժեղ ու միայն նրանց շնորհիվ հնարավորություն ունենք վաղվա օրը ունենալու»։
Նախորդ տարին ուղեկցվեց տնտեսական հսկայական կորուստներով, ինչն առավելապես արտահայտվեց հատկապես արվեստի և մշակույթի ոլորտի ներկայացուցիչների վրա․ իսկ արդյո՞ք լուծում ունի այդ իրավիճակը․ «Եթե գրանցված չես, էլ ո՞նց կարող է այդ հարցը լուծում ունենալ։ Եթե ոչ մի տեղ չի երևում, թե դու որտեղ ես աշխատում, պետությունը էլ ինչպե՞ս հաշվարկներ կատարի ու քեզ վճարի։ Միակ միջոցը այն է, որ ստեղծվի ինչ-որ կազմակերպություն, որտեղ այդ մարդիկ կկարողանան գրանցվել։ Այդ կազմակերպությունն էլ իր հերթին կներկայացնի, որ ունի այսինչ թվով աշխատողներ, որոնք տարբեր իրավիճակներով պայմանավորված հնարավորություն չեն ունեցել աշխատել, դրա համար էլ խնդրում են փոխհատուցում»։
Իսկ վերջում խոսելով զարգացման նախապայմանների և անհրաժեշտ լուծումների մասին՝ Լևոն Աբրահամյանը նշեց․ «Մեր զարգացման և առաջխաղացման միակ գրավականը մեր երեխաներն են։ Իսկ նրանց պիտանի դարձնելու համար առաջին հերթին պետք է կարգավորվի դպրոցների հարցը։ Հայաստանում երեխաներին պետք է «կտրեն» իրենց ծնողներից, ծնողները պետք է չզբաղվեն իրենց երեխաներով, քանի որ ծնողները դեռ 20-րդ դարի մտածելակերպ ունեն, այն պարագայում, երբ արդեն հասնում ենք 21-րդ դարի կեսերին։ Ծնողները ցանկանում են, որ երեխաներն իրենց նմանվեն, բայց այդպես չի կարելի, դա շատ սխալ է։ Երեխան պետք է առավոտյան դպրոց գնա և միայն երեկոյան 6-7-ին նոր տուն վերադառնա։ Մեր երկրում սովորելը պետք է լինի աշխատանք։ Երեխան պետք է բոլորովին այլ արժեքներով դաստիարակվի։ Այսպիսի դպրոցները պետք է փակվեն, դրանք մեզ պետք չեն, ինչը, որ մեզ տալիս են դպրոցներում, պետք չէ մեզ, ավելի լավ է չունենանք։ Մենք սովորելու 10 տարիներից հետո արդեն պետք է ունենանք ուժեղ մասնագետներ, ովքեր էլ մեր երկիրը կբերեն մեր երազած մակարդակին»։
Նյութը՝ Լուս Ավագյանի