«Իհա՛րկե, ես համարում եմ ինձ սեքսուալ». Լյուսի Հայրապետյանը՝ ժպտերես ու դրական կյանքով ապրելու իր տարբերակների մասին

Հայկական շոու բիզնեսում կան կերպարներ, որոնք անմիջապես են աչք ծակում, ուշադրություն գրավում և կլանում իրենց պոզիտիվությամբ և ժպիտով. վերը նշված հատկանիշներով է օժտված մոդել, դերասանուհի Լյուսի Հայրապետյանը: Showbiz.am-ի հետ ունեցած զրույցի ժամանակ Լյուսին անկեղծացել և պատմել է մշտապես այդպիսին լինելու իր  բանաձևի մասին:

Ինչպես նա է նշում  ինքնըստինքյան միշտ ստացվում է այնպես, որ պոզիտիվ է լինում և ուրախ. վստահ է, որ դրան հատուկ բանաձև չկա: Ամեն բան մարդու ուղեղում և մտքում է: Ինչպես հումորով նշեց նա, գուցե նրանից է, որ այնքան էլ լավ հիշողություն չունի և ինքնաբերաբար մտապահում է միայն լավ բաները: Լյուսին վստահ է, որ մարդիկ երբեք չեն փոխվում. դա զուտ թյուր կարծիք է ձևավորված, որոնցով շատ անգամ ձգտում են իրենց  խաբել նրանք:

Սովորաբար յուրաքանչյուր մարդ կյանքի ընթացքում ունենում է նաև տխուր և վատ օրեր, սակայն Լյուսին իրեն ոչ ուրախ շատ դժվար է մտաբերում անգամ անցյալում, բայց այ հիասթափություններից ոչ մեկը խուսափել չի կարող. «Հիասթափություն եղել է առաջին սիրո և առաջին մոտ ընկերուհու դեպքում միայն, մնացածը արդեն անակնկալ չէր: Ամեն ինչ էլ պատահում է. ոչ ոք ոչնչում մեղավոր չէ» ,-ժպիտով նշում է նա:

Եվ չնայած նրան, որ հաճախ չի կոտրվում նման հիասթափություններից և չի զարմանում՝ ինչպես բոլորը, նա էլ իր տարբերակն ունի այն մոռացության տալու և շրջանցելու. «Գուցե ծիծաղելի կթվա, բայց քնում եմ: Օրգանիզմս ունի ներքին պաշտպանողական ռեակցիա, երբ հասկանում է, որ իր բնականոն ռիթմը խախտվում է, անջատվում է»:

 

Լյուսին խոստովանում է, որ դրական և ժպտերես ապրելու տարբերակն ընտրեց այն ժամանակ, երբ հասկացավ , որ ոչինչ, միևնույն է, չի փոխվում. «Մի մանրուքը ի զորու չէ փչացնել մնացած կարևոր ձեռքբերումները: Իսկ ո՞վ ասաց, որ հեշտն է լավ. ամենևին»,-վստահեցնում է նա:

Իսկ ավելի թեթև ապրելու համար հատուկ կանոններ ու կետեր նա չի առանձնացնում, այլ վստահ է պարզապես, որ պետք չէ ժամանակ վատնել ու փչացնել. «Սողոմոն արքան խելացի մարդ էր. մի բան գիտեր, որ ասում էր «Ամեն ինչ անցողիկ է, ու սա էլ կանցնի»: Եվ կարևոր է նաև գիտակցել, որ ժամանակը ցույց չի տալիս, այլ միայն տանում է: Դրա համար պետք է չվատնել և ոչ մի վայրկյան»:

Լյուսիին այսօրվա մեր երիտասարդ սերնդի մեջ ինչպես շատ բան ուրախություն է պատճառում, այնպես էլ ճիշտ հակառակը. «Շատ եմ տխրում, երբ տեսնում եմ անիմաստ հոգսերով իրենց բեռնած երիտասարդների, իրենց չգնահատող լավ աղջիկների, անգրագետ իբր անգլերեն գրառումներ անող ինստագրամյան ֆավորիտներից, մեծին չհարգողների, «կյանքից» միայն փող ու թանկարժեք նվերներ ուզողներից… կարելի է երկար թվել, բայց կուզեմ նշել նաև, որ դրան հակառակ այնքան լավ ու տաղանդավոր երեխաներ ունենք, որ մեկ-մեկ նույնիսկ նախանձում եմ»:

Լյուսիի ներդաշնակ և գեղեցիկ կյանքով ապրելու տարբերակն ու խորհուրդը, ինչպես ինքն է նշում, շատ պարզ է. «Կյանքը բարդ չէ, ուղղակի պետք է ապրել, միշտ երազել և հավատալ սեփական ուժերին»: Նա նաև հաճախ է աչքի ընկնում իր չափազանց անկեղծ գրառումներով ֆեյսբուքյան դաշտում, ընկերների ու հետևորդների հետ կիսվում հետաքրքիր, իրեն հուզող կամ հետաքրքրող թեմաներով. խոստովանում է, որ մտքին եկածն անկեղծորեն գրում է՝ առանց երկար-բարակ մտածելու. «Ներսումս չեմ թողնում, որ կուտակումներ մնան. պարզապես այդ պահին մտքիս եկածը գրում եմ, կամ պարզապես, երբ որևէ հետաքրքիր բան եմ նկատում, կիսվում եմ: Ես այլ կերպ չեմ էլ պատկերացնում. ո՞րն է ոչ անկեղծ լինելու իմաստը, եթե կա անկեղծը»,- ասում է նա:

Բացի նմանատիպ անկեղծ ու բաց գրառումներից, Լյուսին նաև հաճախ կիսվում է շատ բաց ու գրավիչ  լուսանկարներով: Արդյո՞ք համարում է իրեն սեքսուալ կին՝ նա պատասխանեց. «Ա՛յո, իհա՛րկե, համարում եմ. համեստությամբ չեմ փայլի: Պետք է սիրված լինել և զգալ, որ նա քեզ կարոտում է ու սպասում: Ես միշտ սիրհարված եմ. երևի դա է պատճառը» :

 

Հեղինակ՝ Կիմա Միրզոյան