«Առաջին անգամ հայկական կինեմատոգրաֆիայում կօգտագործվի արհեստական բանականությունը»․ Ջիվան Ավետիսյանը՝ նոր ֆիլմի մասին

Հայ և օտար արվեստասերների համակրանքը վայելող, միջազգային կինոփառատոններում մրցանակների արժանացած «Թևանիկ», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը» ֆիլմերի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը պատրաստվում է հանրությանը ներկայացնել իր նոր ֆիլմը՝ «Վերածնվածը» աշխատանքային վերնագրով։

Ջիվանի ֆիլմացանկում առանձին տեղ ունեն Արցախի մասին ֆիլմերը, որոնք պատերազմի պատճառած դաժան հետևանքների մասին են: Բարձրաձայնելով մարդկային խեղված ճակատագրերի մասին՝ համամարդկային հնչեղության ու խաղաղության օրակարգը նա բերում է կինոաշխարհ: Թե ինչու է այդ թեման իր համար առանձնահատուկ, Ջիվան Ավետիսյանը պատմում է Showbiz.am կայքի հետ զրույցում։


«Ես ծնվել եմ Գյումրիում, բայց մեծացել եմ Արցախում։ Այո, դրանով է պայմանավորված, որ ես ֆիլմերս հենց արցախյան թեմատիկայով եմ նկարահանում, որովհետև դու քո կյանքում ինչ տեսնում ես, ինչ ապրում ես, դա էլ պատմում ես։ Ես սիրում եմ խոսել ինձ համար կարևոր թեմաների մասինպատմում եմ այն, ինչ գիտեմ, տեսել եմ, ապրել եմ։

Գիտե՞ք մինչև պատերազմը քանի մարդ է ասել, որ Արցախի թեման արդեն հետ է մղվում, ես արդեն կրկնվում եմ, ուրիշ թեմաների պետք է անդրադառնալ․․․

Արցախում ապրող երեխան պետք է իմանա, որ բոլորն իր հետ են, իր կողքին են։ Ես սիրում եմ պատմել մեր տեսակի մասին, այդ տեսակն այն հայն է, ով չի նահանջում, չի հանձնվում։ Հիմա ես կարծում եմ, որ ամբողջ հայությանը պետք է միացնել, հերիք է որքան մեզ բաժանեցին, բավական է։ Ես գիտեմ, որ հայը հաղթելու է։ Հարց է առաջանում ինչպե՞ս։ Իհարկե, միայն աշխատանքով։ Չինական մի ասույթ կա՝ հազար մղոնանոց ճանապարհը սկսվում է մի քայլից»։

Ռեժիսորն ասում է, որ «Վերածնվածը» աշխատանքային վերնագրով ֆիլմի աշխատանքները սկսել են 2018 թվականին, հիմա շարունակում են զարգացնել սցենարը։ Սցենարի հեղինակները Նարինե Ոսկանյանն ու Մոնիկ Պետերսոնն են։ Ռեժիսորը պատերազմից օրեր առաջ հայրենի Արցախում էր՝ տեղանք էր ընտրում նոր ֆիլմի նկարահանումների համար։ Պատերազմը, սակայն, փոխեց բոլոր ծրագրերն ու նոր նյութ տվեց ֆիլմի համար։

Ջիվանը պատմում է սցենարում տեղի ունեցած փոփոխությունների, գլխավոր գաղափարի, ինչպես նաև անդրադառնում է ֆինանսական հարցերին։

«2018-ի աշնանը ճամփորդելիս մտածում էի ֆիլմում ընդգրկել սփյուռքում ապրող հայի տեսակին։ Եվ, Նարինե Ոսկանյանի հետ զրույցների ընթացքում, մենք կամաց-կամաց մոտեցանք գաղափարին, պատմությանը։ Այդ ամենը սկսեց  բյուրեղանալ ու վերածվել սցենարի։ Ֆիլմի հիմքում 4 զուգահեռ պատմություններ են․ հերոսները, կամա թե ակամա հեռանալով իրենց արմատներից, տարիներ անց ջանում են գտնել իրենց ինքնությունը, հավաքել իրենց կյանքի ընթացքում ցաքուցրիվ թափված քարերը։ Եվ Արցախն է, որ կօգնի յուրաքանչյուրին գտնել ինքն իրեն։ Ես միշտ ասում եմ՝ Արցախը մեր Երուսաղեմն է։

Ֆիլմը պետք է լիներ 2016-ի ապրիլյան պատերազմի մասին, սակայն վերջին պատերազմից հետո անդրադարձ կլինի 2020-ին։ Ես պատերազմի ընթացքում Արցախի հանրային հեռուստաընեկրության հետ էի 38 օրշատ տեղերում եղա, անմարդկային բաներ տեսա, մահվան սառնութունը զգացի, և ծնվեց այն գաղափարը, որ մեր հերոսը նույնպես պետք է անցնի այն ամենի միջով, ինչով ես անցա։ Պատերազմին ինչ նկարեցի իմ տեսախցիկով, կցուցադրվի որպես նյութեր՝ նկարահանված գլխավոր հերոսի կողմից։

«Վերածնվածը» աշխատանքային վերնագրով ֆիլմը բավականին զգայուն և շատ կարևոր փուլում է գտնվում։ «Քրաուդֆանդինգի» միջոցով փորձելու ենք գոյացնել առաջին միջոցները ֆիլմի արտադրության համար։ Զարգացման համար միջոցներ գոյացրել ենք 2020 թվականին, այն եղել է թե՛ Ազգային կինոկենտրոնի, թե՛ իմ արտերկրի գործընկերների, թե՛ իմ ընկերության կողմից։ Գնում ենք առաջ և փորձում ենք լավագույնն անել։ Բոլորս պետք է պարտականություն զգանք Հայաստանում արարվող որևիցե բանի համար։ Այս սկզբունքն է, որ վեր է հանելու, տանելու է իրական հաղթանակի, արժևորելու է մեր այս օրը»։

Ջիվան Ավետիսյանը նշում է, որ ֆիլմում հանդես կգան հայ և օտարազգի դերասաններ։ Բանակցություններ են տարվում եվրոպացի հայտնի դերասանների հետ, սակայն Ջիվանը անուններ չի նշում, որպեսզի հարևան թշնամին չխոչընդոտի համագորածկցությանը, ինչին ականատես են եղել տասնյակ անգամներ։

Ռեժիսորն իր ֆիլմերը նկարահանել է Արցախում, սակայն այն ժամանակ սահմաններն այլ էին։ Թեև մի շարք տեսարժան վայրեր այժմ հայկական կողմի վերահսկողության տակ չեն, ֆիլմը նկարահանելու է Արցախում․

«Նկարահանումները լինելու են Արցախում, որքան էլ որ բարդ լինի։ Սոսկ ժամանակավոր է ամեն ինչը, հնարավոր է մինչև եկող տարի ֆիլմը նկարահանենք, այդ տարածքներն արդեն մերը լինեն։ Իսկապես, հնարավոր է դա, իսկ ինչո՞ւ ոչ։ Այլընտրանքային ճանապարհների մասին չեմ մտածում, որովհետև դա թուլացնում է հույսը։ Ես տեսել եմ հային 91-92 թվականներին, տեսել եմ հային Շահումյանի պարտիզանական մարտերում, տեսել եմ ամսիներ առաջ Մարտունիում ու Մարտակերտում` մինչև վերջ գնացող ու չհանձնվող  հայի տեսակին»։

Ջիվանը նաև նշում է, որ «Վերածնվածը» ֆիլմն ունի շատ կարևոր գիծ՝ 4-րդ հերոս, որը արհեստական բանականությունն է։

«Առաջին անգամ հայկական կինեմատոգրաֆիայում կօգտագործվի արհեստական բանականությունը։ Պատմության այդ գիծը հավաստի և ճշմարիտ ներկայացնելու համար մեզ օգնում է Վիգեն Ադդարեանը՝ Կանադայից, ով ֆիլմի կրեատիվ խորհրդատուն է»։ 

Ռեժիսորը հայտնեց, որ այս փուլում զուգահեռ աշխատում են նաև «Սև ցուցակը» ֆիլմի ուղղությամբ, որն Ալեքսանդր Լապշինի մասին է․

«Ֆիլմը պատմում է բլոգեր Ալեքսանդր Լապշինի մասին, ում հետ ծանոթացել եմ Լիտվայում։ Մեզ ծանոթացրել է ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ում հետ ընկերական ու գործնական հարաբերությունների մեջ եմ, և ով շատ է օգնել մեր ֆիլմերի առաջխաղացման հարցում, դժվարին պահերին։

Մեր հաջորդ հանդիպմանը՝ Լապշինի հետ, վերջինս ասաց, որ ուզում է իր մասին ֆիլմ անեմ։ Մտածեցի՝ գուցե բոլորին մոտեցել էր, հույսը կտրել էր ու վերջում եկել էր ինձ մոտ, ուստի նախ հարցրեցի, թե ո՞րերոդ ռեժիսորն եմ, ում մոտեցել է Նա ասաց, որ առաջինն եմ ու միակը։ Իսկ այն հարցին, թե ինչու հենց ես պետք է նկարահանեմ ֆիլմը, Լապշինն ասաց՝ կարծում է, որ միայն ես կկարողանամ այն նկարահանել։
Հիմա ունենք ֆիլմի համար սցենար և դարձյալ արտադրությանը միտված քայլեր ենք ձեռնարկում՝ ոչ  «քրաուդֆանդինգի» միջոցով, այլ խոսում ենք խոշոր ընկերությունների հետ։ Լապշինը խառնվում է  ստեղծագործական աշխատանքին, միայն խանգարում է (ծիծաղում է)
իրականում շատ է օգնում, կապի մեջ ենք անընդմեջ»։

Իր խոսքը Ջիվան Ավետիսյանը եզրափակեց՝ նշելով, որ հայ ժողովրդին գիտակցության է պետք բերել, միավորել, ու հիշեցնել հայի անկոտրում, չնահանջող, չհուսահատվող տեսակի մասին։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան