«Բեմ դուրս գալուց առաջ խմբի անդամներից մեկը միշտ կորում է»․ «Նեմրան» ինը տարեկան է

«Նեմրան» երեկ դարձավ ինը տարեկան։ Այս ինը տարիների ընթացքում խմբի անդամները հասցրել են շատ դժվարույթուններ տեսնել ու հիասթափություններ ապրել, բայց իրենց հավատարիմ երկրպագուների շնորհիվ կարողացել են առաջ նայել և հասնել այն կետին, որտեղ հիմա են։ Նախորդ տարին ամենադժվարն էր խմբի կյանքում, բայց անգամ 2020-ին խումբը տարբեր նորություններով ու օնլայն համերգներով փորձեց կտրել մեզ իրականությունից կամ, ինչպես իրենք են ասում, գոնե գեղեցիկ ներկայացնել մեր տխուր իրականությունը։

ShowBiz.am-ը զրուցել է խմբի հիմնադիր անդամ, վոկալիստ-կիթառահար Վան Եղիազարյանի հետ, անդրադարձել ենք 9 տարեկան խմբի պատմությանը, հետաքրքիր դրվագներին, նորություններին և օրերս կայանալիք համերգներին։

– «Նեմրան» արդեն 9 տարեկան է․ ովքե՞ր են այժմ «Նեմրան», ինչի՞ են հասել և արդյո՞ք սա այն էր, ինչին դուք սկզբում ձգտում էիք։

– «Նեմրան» մեր երգերն են առաջին հերթին, «Նեմրան» մենք ենք՝ խումբը ստեղծողներս և մեր ստեղծած երգերը կատարողներս, և «Նեմրան» նաև մեր երգերը սիրող, մեզ հետ մեր էմոցիաները կիսող և մեզ ուժ տվող լսարանն է: Մենք առաջին օրվանից երազել ենք տարբեր քաղաքներում գտնել մարդկանց, ովքեր մեզ նման են զգում, գրել երգեր, ձայնագրել ու շրջագայել: Եթե հաշվի առնենք հայաստանյան պայմանները, այստեղի շուկան և մեծամասնության ճաշակը կամ դրա բացակայությունը՝ սա ավելին է, ինչին կարող էինք ձգտել, երբ նոր էինք սկսում, բայց երբեք էլ չենք սահմանափակվել այստեղի մաքսիմումով, միշտ մտածել ենք, որ մեր երգերը մարդկանց համար են՝ անկախ ազգությունից, և այդ տեսանկյունից նայելով կարող եմ ասել, որ մեր ճանապարհը դեռ նոր-նոր է կերտվում:

– 9 տարին քիչ ժամանակ չէ, հետաքրքիր է՝ այս տարիների ընթացքում եղե՞լ է պահ, երբ դուք ինչ-ինչ պատճառներից հիասթափված ցանկացել եք խումբը լուծարել և ի՞նչն է ձեզ այդ քայլից հետ պահել:

– Շատ հիասթափության պահեր են եղել, ու այդ պահերը ամենևին անցյալում չեն: Չէի ասի, որ կոնկրետ լուծարելու մասին ենք մտածել, որովհետև «Նեմրան» մենք ենք, «Նեմրայի» մտքերը մեր մտքերն են, ինքներս մեզ դժվար լուծարենք)): Բայց հաճախ լինում է, երբ մտածում ես, որ ոչ ոքի պետք չէ քո արածը ու գուցե ինքդ քեզ համար գրես ու պահես քեզ: Իհարկե, բողոքելու տեղ չունեմ, հենց Նեմրացիներն են, որ այդ պահերին ստիպում են շարունակել: Ուղղակի նախորդ տարին ծանր տարի էր, և այդ դրական էներգիաները զգալու առիթներ գրեթե չկային:

– Ամենայն հավանականությամբ, խմբի անդամներով այս տարիների ընթացքում ընտանիքի պես եք դարձել, ի՞նչ հետաքրքիր փաստեր կնշեք խմբի անդամների մասին։

– Այո, բացի այն, որ իրոք բարեկամներ ենք խմբի ներսում, ես ու Վասպուրը հարազատ եղբայրներ ենք, Մարիաննան ու Մարեկն էլ քույր ու եղբայր, նաև հենց չորսս էլ արդեն ընտանիքի պես ենք: Իսկ իրենց մասին ի՞նչ փաստ կարող եմ ասել: Չորսս էլ անհատականություններ ենք ու իրարից տարբեր, երևի դա էլ հենց հաջողության գրավականն է: Մարեկը փայտ է կոտրատում թմբուկի վրա, Մարիաննան ստեղնաշարի վրա աղցան սարքում, Վասպուրն էլ բասս կիթառի բասս հնչյուններով ճշմարտությունը «ճպցնում» է մեր երեսին: Լավն այն է, որ ամեն մեկս մեր տեղում ենք, կարծես թե:

– Ո՞րն է եղել ձեր ամենատպավորիչ ելույթը, խմբային ճանապարհորդությունը կամ նախագիծը։

– Մեր բոլոր ելույթները տարբեր քաղաքներում՝ լինի դա Հայաստանի ներսում, թե ուրիշ երկրում, շատ տպավորիչ են եղել: Չեմ կարող առանձնացնել: Իսկ նախագծերից «Դեպի Եվրատեսիլն» էր, որը շատ տպավորիչ էր, քանի որ ամբողջ հանրության գլխավոր թեման այդ օրերին այդ նախագիծն էր, այդ տարին իրոք շատ հետաքրքիր էր և ինտրիգը մեծ էր, իսկ մենք դրա էպիկենտրոնում էինք:

– Հետաքրքիր է՝ այսքան տարի անց բեմ բարձրանալուց առաջ անհանգստություններ կամ վախեր դեռ ունենո՞ւմ եք, ի՞նչն է, որ անփոփոխ կամ մնայուն է մնացել «Նեմրայի» մոտ։

– Անկեղծ ասած, չգիտեմ մեր խմբի մյուս անդամների մոտ ինչպես է, բայց ինձ մոտ հենց առաջին օրվանից էլ բեմում անհանգստություն չի էղել, ընդհակառակը, ես հենց բեմից դուրս գտնվելու ժամանակ եմ անհանգիստ: Բեմը միակ տեղն է, որտեղ հանգիստ եմ: Միակ անփոփոխ երևույթն էլ այնն է, որ բեմ դուրս գալուց առաջ խմբի անդամներից մեկը միշտ կորում է ու մյուսները փնտրում են նրան ետնաբեմում:

– Փետրվարի 19-ին և 27-ին խումբը երկար դադարից հետո համերգներով հանդես կգա․ ինչպիսի՞ն են սպասելիքները, կարոտե՞լ եք Նեմրացիներին, ի՞նչ մթնոլորտ եք ակնկալում, և վերջապես ի՞նչ կստանա հանդիսատեսն այդ օրերին։

– Մեկ տարուց ավելի դադարից հետո վերջապես որոշեցինք Երևանում համերգ ունենալ: Որոշում կայացնելը շատ բարդ էր, քանի որ վերջին իրադարձություններից հետո համերգային տրամադրություն չունեինք, բայց շնորհիվ մեզ ոգեշնչող մարդկանց, նաև պատերազմի ամբողջ ցավն ապրած մարդկանց խորհուրդներով որոշեցինք վերադառնալ ու շարունակել մեր գործը: Անչափ կարոտել ենք Նեմրացիներին, անհամբեր սպասում ենք մեր հանդիպմանը, ներկայացնելու ենք գրեթե մեր բոլոր երգերը (30 երգ): Սպասելիքներն արդեն ավելի քան արդարացված են, քանի որ նախատեսել էինք մեկ համերգ, բայց տոմսերը շատ արագ սպառվեցին ու հասկացանք, որ մարդիկ սպասում էին մեր համերգին, արդեն նաև համերգներին: Կարծում ենք՝ բավականին էներգետիկ համերգներ են լինելու:

– Մոտակա ժամանակներս ի՞նչ նորություններ կունենա խումբը։

– Աստիճանաբար ոտքի ենք կանգնում: Եթե համերգները շարունակվեն, կկարողանանք ձայնագրել նոր երգեր և տեսահոլովակներ:

– Ի՞նչ սովորեցրեց Ձեզ նախորդ տարին, և ինչպե՞ս այն կազդի այս տարվա ընթացքի, պլանների վրա։

– Նախորդ տարին ևս մեկ անգամ հիշեցրեց, որ շատ քիչ բան կա մեր ձեռքում, ուղղակի պետք է անենք մեր մաքսիմումը, փորձենք լիարժեք ապրել և արարել, իսկ մնացածն արդեն մեզնից կախված չէ:

– Եթե ոչ «Նեմրա», ապա ․․․

– Ապա՝ «Նեյմար»:

Հեղինակ՝ Լուս Ավագյան