Առողջական ինչ խնդիրներ կարող են զարգանալ քնի պակասի դեպքում

Քնի մշտական պակասը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ առողջության վրա, ինչը շատերին է հայտնի, սակայն այնուամենայնիվ ոչ բոլորը գիտեն, թե ինչ լուրջ խնդիրներ կարող են զարգանալ ոչ լիարժեք գիշերային հանգստի դեպքում։ Սոմնոլոգ Պավել Կուդինովը ներկայացրել է քնի մշտական պակասի հետևանքով զարգացող ամենավտանգավոր խնդիրները, որոնցից խուսափելու համար հարկավոր է կարգավորել քնի ռեժիմը։

Բժշկի խոսքով՝ քնի պակասը կարող է հանգեցնել շատ լուրջ հիվանդությունների, այդ թվում նաև զարկերակային գերճնշման ու անգամ քաղցկեղի զարգացման։ Ինչպես նշում է մասնագետը, ոչ լիարժեք քունը նվազեցնում է ուշադրությունը կենտրոնացնելու կարողությունը, թուլացնում է իմունային համակարգն ու բարձրացնում է ուռուցքների առաջացման հավանականությունը։

Ըստ Կուլինովի՝ գիշերվա ընթացքում պետք է 1,5 ժամ տևողությամբ քնի հինգ փուլ անցնի, ինչը նշանակում է, որ միջինում մարդու քնի տևողությունը պետք է լինի մոտ 8 ժամ։

Մշտական քնի պակասը բացասաբար է անդրադառնում գլխուղեղի աշխատանքի վրա, թույլ չի տալիս կենտրոնանալ և վատթարացնում է հիշողությունը։ Բացի այդ, այն դառնում է ցերեկային քնկոտության պատճառ, ինչն էլ կարող է շատ վտանգավոր լինել որոշ մասնագիտությունների տեր անձնաց, օրինակ՝ վարորդների համար։

Առողջ քնի ռեժիմի պահպանման համար մասնագետը խորհուրդ է տալիս հետևել ոչ միայն քնի տևողությանը, այլև քնի ժամերին։ Կուլինովի խոսքով՝ հարկավոր է ամեն օր քնել ու արթնանալ նույն ժամերին, քանի որ դա համարվում է առողջ քնի առանցքային սկզբունքներից մեկը։