Լավագույն բնական միջոցները բշտիկներից ազատվելու և բորբոքված մաշկը բուժելու համար. 5 բաղադրատոմս

Բշտիկներն ու կորյակներն սովորաբար ասոցացվում են դեռահասության շրջանի և հորմոնալ տատանումների հետ, սակայն խնդիրն այն է, որ դրանց առաջացումը որևէ կապ չունի տարիքի հետ, ուստի նման խնդիրներ կարող են առաջանալ յուրաքանչյուրի մաշկին ՝ դառնալով շատ տհաճ «անակնկալ»: Մաշկային այս խնդրի առաջացումը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, այդ թվում նաև սթրեսով, սխալ սննդակարգով ու գենետիկ նախատրամադրվածությամբ, ուստի դրանց առկայությունը պետք չէ կապել բացառապես հորմոնալ տատանումների հետ։

Մաշկային նմանատիպ խնդիրներից միայն խնամքի միջոցների օգնությամբ ազատվելը երբեմն բավական դժվար է լինում, իսկ համապատասխան դեղամիջոցները հաճախ նաև մի շարք կողմնակի բարդություններ են առաջացնում՝ էլ ավելի վատթարացնելով մաշկի վիճակը, սակայն բնությունը, բարեբախտաբար, մարդկությանը տվել է անհրաժեշտ բոլոր բաղադրիչները տարատեսակ բորբոքումներից ազատվելու և առողջ, հարթ ու գեղեցիկ մաշկ ունենալու համար։ Այս բնական միջոցները բաղկացած են միայն բնական բաղադրիչներից, ուստի ոչ միայն արդյունավետ են ու հասանելի, այլև չեն առաջացնում որևէ կողմնակի բարդություն։ 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն ժողովրդական դեղամիջոցները, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել բշտիկներից ու մաշկային նմանատիպ այլ խնդիրներից:

  • 1  ճաշի գդալ վաղենակի չորացրած ծաղիկներին ավելացնել կես լիտր եռման ջուր, թրմել 20-30 րոպե, այնուհետև քամել, թողնել սառչի և ստացված թուրմն օգտագործել ախտահարված մաշկը մաքրելու և թրջոցներ դնելու համար:
  • 1 միջին չափի վարունգը քերիչով մանրացնել, ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ և լավ խառնել: Ստացված խյուսը քսել մաշկին ու թողնել 15 րոպե:
  • 1  ճաշի գդալ դեղատնային երիցուկի չորացրած ծաղիկներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել մինչև հեղուկը սառչի, այնուհետև ստացված թուրմը քամել և օգտագործել որպես լոսյոն:
  • 1 ճաշի գդալ բանանի խյուսին ավելացնել 1 ճաշի գդալ մեղր, լավ խառնել ու քսել դիմակը մաշկին: Թողնել 15 րոպե, այնուհետև լվացվել:
  • 1 ճաշի գդալ վարսակի փաթիլները սրճաղացով մանրացնել, ավելացնել 1 ձվի դեղնուց, լավ խառնել ու քսել մածուկը բշտիկներին: Թողնել այն չորանա, այնուհետև լվացվել մաքուր ջրով:

Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ բշտիկները ոչ միշտ են լինում զուտ կոսմետիկ խնդիր և կարող են պայմանավորված լինել առողջական որոշակի խնդիրներով, ուստի մինչ դրանց դեմ պայքարելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։ Հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել մաշկաբանին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել մաշկային խնդիրներից առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: