Գիշերային երկինքը՝ անօդաչուներով զարդարված Վան Գոգի հայտնի ստեղծագործություններով (տեսանյութ)

Չինաստանի Տյանցզին քաղաքի գիշերային երկինքը «զարդարվել է» Վինսենթ Վան Գոգի հայտնի ստեղծագործություններով, որոնք պատկերվել են 600 անօդաչուների օգնությամբ: Ինչպես ներկայացնում է CNN-ը, միջոցառման հեղինակն անօդաչուների արտադրությամբ զբաղվող EFYI Group ընկերությունն է, որը նախապես «քարտեզագրել» է հարյուրավոր անօդաչուների տեղադիրքը, այնուհետև օդ բարձրացրել դրանք:
Մասնագետներին հաջողվել է Գինեսի համաշխարհային ռեկորդ սահմանել՝ որպես անօդաչուներով կազմակերպված ամենաերկար անիմացիոն ներկայացում, որը տևել է 26 րոպե 19 վայրկյան:
Կազմակերպչի խոսքով՝ յուրատեսակ անիմացիոն ներկայացումը կոչված է պատմելու Վան Գոգի կյանքի պատմությունը:
Անօդաչուների միջոցով երկինքը զարդարել են հոլանդացու հայտնի ստեղծագործություններից շատերը, որոնց թվում՝ «Աստղալից գիշերը», Վան Գոգի հայտնի ինքնանկարը՝ լայնեզր գլխարկով, «Ցորենի դաշտը», «Թթենին», «Արևածաղիկները», ընդհանուր առմամբ՝ 12 պատկեր: